loading...

Ոստիկանությունը զգուշացնում է փակ պահել դռներն ու պատուհանները



Դիտումներ ` 2067
Ոստիկանությունը զգուշացնում է փակ պահել դռներն ու պատուհանները

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հուշում է, թե ամառը հատկապես որ հանցագործություններից է պետք զգուշանալ: Ոստիկանությունը նշում է, որ այդ հանցագործություններն են կողոպուտները, դռներն ու պատուհանները բաց թողնելու հետևանքով կատարված գողությունները, նաև գողություններն այն բնակարաններից, որոնց տերերը հանգստանալու են մեկնել:Կողոպուտներն ամռանն ավելանում են, որովհետև տաք եղանակին խոշոր առևտրի կետերի, բանկերի ու բանկոմատների մոտ դարանակալելը հարմար է:

Պատճառներից մեկն էլ այն է, որ կանանց և աղջիկների ոսկյա վզնոցներն ու թևնոցները տեսանելի են տաք ամիսներին: «Օրեր առաջ Աբովյանում հանցամիտը հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր գործել:  Կանանց պարանոցները զարդարված տեսնելով՝ հետապնդել էր, թիկունքից մոտեցել էր, պոկել ոսկյա շղթաներն ու փախել էր: Նման երկու դեպք նաև Արաբկիրի վարչական տարածքում էր գրանցվել: Թե մայրաքաղաքում, թե Աբովյանում տեսախցիկները ֆիքսել էին կասկածյալներին, արտաքին տվյալները համընկնում էին:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ ոստիկանության Կոտայքի բաժնում կողոպուտի նոր դեպք գրանցվեց: Նույն մարդը հետապնդել էր շուկայից տուն դարձող կնոջը, Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բակում, աստիճանների վրա պոկել էր նրա կախազարդով ոսկյա շղթան ու փախել: Ստացված տեղեկությունները իրացնելով՝ դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բռնել են կողոպտիչին, ում մոտ հայտնաբերվել է գողոնը »,- ասվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:Նշվում է, որ ամռան տոթին շատերն են տների դռներն ու պատուհանները բաց թողնում՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում: Պատահել է, որ անհայտ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս են մտել, միջանցքից, հյուրասենյակից թռցրել են բջջային հեռախոսներ, նոթբուք կամ պայուսակ ու հեռացել:Եղել են նաև դեպքեր, երբ գողերը նաև բաց պատուհաններով են ներս մտել:

«Փորձը ցույց է տալիս, որ ամռանը բնակարաններն ավելի հաճախ են գողության թիրախ դառնում: Քաղաքացիները այս շրջանում փակում են տան դռներն ու մեկնում են հանգստանալու, ինչից էլ որոշ հանցամիտներ օգտվում են: Քաղաքացիներին կողոպուտներից, բնակարանային գողություններից զերծ պահելու գործում ոստիկանության կանխարգելիչ գործողությունները բազմազան են: Փողոցներում, բակային տարածքներում շրջում են պարեկային խմբեր, եթե կան օպերատիվ տվյալներ, դարանակալումներ են կատարվում: Համայնքային ոստիկանները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ ինչպես խուսափել բնակարանային գողություններից»,- ասված է տեսանյութում

loading...

Փակել