Նորանշանակ մարզպետներից ամենածանր ժառանգությունը կարծես թե բաժին է հասնելու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բոլոր մարզերից հենց Արարատի մարզն է, որ մշտապես աչքի է ընկել Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերի միջև ընթացող պայքարով, և հենց այս մարզն է որ համարվել է ՀՀԿ գլխավոր «հենարանը»: Հիշենք միայն, թե որքան ձայն են բերել ՀՀԿ-ին մարզի «ասողները»՝ նախորդ խորհրդարանական ընտրություններում: Ռեյտինգայինով առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, ստացել էր 45․339 ձայն, երկրորդ տեղում էր Մուրադ Մուրադյանը՝ 18․202 ձայնով։
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ստացել էր 6530 ձայն։ Ընդհուպ՝ մինչև մայիսի 9-ը, Արարատում կրքերը թեժ էին: Սակայն տպավորություն էր, որ մարզի ակտիվ դերակատարները փորձում էին իրենց խնդիրները լուծել, այլ ոչ թե հակազդել ժողովրդի պայքարին: Իսկ թեժ լինելը բացատրվում է մարզում առկա բազմաթիվ քաղաքական և բիզնես շահերի հակադրմամբ, դիրքային համառ պայքարով:
Բանն այն է, որ մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չէին մարսում մարզը վերահսկողության տակ պահելու՝ Գրիգորյանների հնարավորությունները: Նրանց դեմ «սրբազան պատերազմ» էին մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում էր ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջև, մտածում է` աթոռն իրեն կհասնի:
Ինչ վերաբերվում է մարզում երբեմնի ազդեցություն ունեցող Հովիկ Աբրահամյանին, ապա նրա դիրքերը մարզում կարելի է համարել ամենաթույլը. մարզը և հատկապես Արտաշատ քաղաքը՝ Արգամիչը ՀՀԿ-ից «վտակվելուց» հետո է կորցրել:
Աբրահամյանների դիրքերի թուլացման մասին վկայում է միայն այն փաստը, որ ինտրիգների սիրահար նախկին վարչապետը անգամ չփորձեց օգտվել հեղափոխական վիճակից և Գրիգորյանների և ՀՀԿ-ական մյուս դերակատարների դիրքերի թուլացումից՝ վերականգնելու համար իր երբեմնի ազդեցությունը: Որ այդպիսի հույսեր Աբրահամյանը չէր փայփայում՝՝ դժվար է հավատալ, պարզապես նա այս անգամ ճիշտ է գնահատել իր հնարավորությունները:
Գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համար անչափ կարևոր է լինելու Արարատում դեռևս առկա ազդեցության ռեսուրսների մոբիլիզացիան: Կհաջողվի՞ արդյոք նորանշանակ մարզպետին՝ ազատագրել մարզը Հանրապետական ասողների ճիրաններից, ասել է թե՝ հեղափոխությունը հասցնել մարզեր: Իսկ գուցե այստե՞ղ էլ մենք ականատես կլինենք Հանրապետական կլանների գործած ապօրինությունների բացահայտմանը, իսկ որ այդպիսիք կան՝ կասկած անգամ չկա:
Ստելլա Խաչատրյան