loading...

Նոր սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը` հեղափոխությունից դուրս



Դիտումներ ` 2008
Նոր սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը` հեղափոխությունից դուրս

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին: Սա թերևս խորհրդանշական իրադարձություն կհանդիսանա, որպեսզի մեր պետական, քաղաքական ինստիտուտները վերջապես դուրս գան, այսպես կոչված, հայկական օրակարգի շրջանակից` ուշադիր հետևելով այն գլոբալ և ռեգիոնալ զարգացումներին, որոնք նոր ռիսկեր են ծնում Հայաստանի անվտանգության համար:

Նոր մարտահրավերները հետևանք են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային ճգնաժամի, որը նույնիսկ կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում, մանավանդ որ տարիների ընդմիջումից հետո երեկ Գազայի հատվածում արյունալի բախումներ են սկսվել Իսրայելի բանակի և պաղեստինցիների միջև:

Սակայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հարուցել է այլ պրոբլեմներ ևս, որոնք ուղղակիորեն են առնչվում Հայաստանի անվտանգությանը: Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում իրենք նույնպես միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ գործուն քայլերի կդիմեն:



Այս դեպքում Սաուդյան Արաբիան` Պակիստանից հետո, կդառնա երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:

Իհարկե, Սաուդյան Արաբիան միջուկային զենք ստեղծում է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ, և այս հանգամանքն ուղղակիորեն մարտահրավերներ չի ստեղծում Հայաստանի անվտանգության համար, սակայն ավելի անկանխատեսելի ու քաոտիկ է դարձնում տարածաշրջանը` լարվածությունը կամ նույնիսկ պատերազմն ընդհուպ մոտեցնելով Հայաստանի սահմանին:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Մուհամեդ Ռոհանիի հետ` պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել հայ-իրանական հարաբերությունները, այդ թվում` էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում: Սակայն դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ Հայաստանի վարչապետի տեսլականն ավելի շատ ցանկությունների դաշտում է, քան ռեալ պոլիտիկի` հիմնված տարածաշրջանային իրողությունների վրա:

Ինչքան էլ թավշյա հեղափոխությունից հետո որոշակիորեն փոխվել են Ռուսաստանի մարտավարությունն ու վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, պետք չէ ակնկալել Մոսկվայի քաղաքականության որակական փոփոխություն սեղմ ժամկետներում: Մոսկվան ակնհայտորեն չի կարող հանդուրժել, որ Երևանն իրապես վարի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն:



loading...

Փակել