Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը մարտի 28-ի ասուլիսում հայտարարել է, որ թեեւ ՌԴ ռազմարդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցը խնդիր է, բայց Հայաստանն էլ ունի անվտանգության հարց եւ կշարունակի ՌԴ հետ ռազմա-տեխնիկական գործակցությունը:
ԱՄՆ պատժամիջոցը առնչվում է այն սուբյեկտներին, որոնք նշանակալի ծավալի գործակցություն կունենան ՌԴ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ: Թե հատկապես որն է պատժամիջոցի ենթակա նշանակալի ծավալը, ըստ երեւույթին թողնված է ԱՄՆ իշխանության հայեցողությանը:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ այդ մասին տեղեկացրել է Հայաստանին, ինչպես եւ շատ այլ երկրների:
Հայաստանը Սերժ Սարգսյանի մակարդակով հայտարարել է, թե կշարունակի ռազմա-տեխնիկական գործակցությունը Ռուսաստանի հետ: Առաջին հայացքից թվում է, թե դա ԱՄՆ զգուշացման անտեսում է: Իրականում Երեւանը հազիվ թե իրեն թույլ տա այդօրինակ վարքագիծ, եւ խնդիրն ըստ երեւույթին ամերիկյան կողմի հետ աշխատանքի արդյունքն է, երբ հստակ բացատրվում է, որ Հայաստանն ունի անվտանգության կարիք եւ կամ պետք է առաջարկել ռուսական ռազմարդյունաբերության այլընտրանք, կամ ըմբռնումով մոտենալ Հայաստանի, նաեւ ռեգիոնալ անվտանգության խնդրին:
Բանն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ու ռեգիոնալ անվտանգությունը փոխադարձաբար միմյանցից բխող իրողություններ են, այստեղ է նաեւ հարեւան Վրաստանի շահը, ըստ այդմ նաեւ ԱՄՆ հետաքրքրության մի կարեւոր ուղղություն:
Առավել եւս, որ թյուրըմբռնում կլինի կարծել, թե ԱՄՆ համար միեւնույն է Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը, եւ Նահանգները չեն պատկերացնում հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության բնույթը եւ տարբերությունը ասենք ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունից:
Ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը միջազգային անվտանգության սպառնալիք է, առնվազն Կովկասի օղակի մասով:
ԱՄՆ-ն հստակ պատկերացնում է, որ Ռուսաստանը Կովկասի անվտանգության խնդիրների առանցքային դերակատարի կարգավիճակից հանելը չափազանց բարդ խնդիր է, ըստ այդմ անհրաժեշտ է լուծել Ռուսաստանի վարքագիծը փոխելու հարցը, ստեղծելով իրավիճակներ, երբ Մոսկվան իր քայլերով ավելի մոտ կլինի անվտանգության ապահովմանը, քան հնարավոր ագրեսիայի սնուցմանը:
Հայաստանի հանդեպ դաշնակցային, այդ թվում ռազմա-տեխնիկական պարտավորությունների կատարումը առաջին նպատակին ծառայող քայլերից է, իսկ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական գործակցությունը՝ երկրորդ:
Ըստ այդմ, Նահանգները նկատելիորեն փորձում է ստեղծել իրավիճակ, երբ Ադրբեջանի հետ գործակցությունը կսահմանափակվի, իսկ Հայաստանի հետ հարաբերությունը կշարունակվի, հատկապես որ այստեղ ծավալները հենց սկզբից անհամեմատ զուսպ են:
Բայց իբրեւ լուծում դա կարծես թե ժամանակավոր է, եւ անհրաժեշտ են առավել ինստիտուցիոնալ մոտեցումներ եւ մեխանիզմներ: Այդ իմաստով, խոսք կարող է լինել նաեւ անցումային որոշակի փուլի մասին: Ըստ այդմ հետաքրքիր է, թե արդյոք կլինի նախաձեռնություն՝ հայտարարել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված կողմերին զենքի վաճառքի համընդհանուր արգելք:
loading...