Կառավարության երիտասարդացումը, թարմացումը հրաշալի է, հույսեր է ծնում, որ երկիրը հաղթահարում է 20-25 տարվա լճացումը` կանգնելով արդիականացման ճանապարհի վրա:
Բայց երեկ կառավարության ամենաերիտասարդ անդամը` Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, անկեղծորեն, հիասթափեցրեց` պետական համակարգի, ոլորտի, Սփյուռքի իր չիմացությամբ:
Հայրապետյանը նախարարի կարգավիճակով խոսում էր առաջին անգամ և, թերևս, որոշել էր էքստրաօրդինար ինչ-որ գաղափար շրջանառել: Նա կարևորել է ԱԺ-ում երկրորդ պալատի ձևավորումը, որի անդամները պետք է ընտրվեն Սփյուռքից և մասնակցեն Հայաստանի կառավարմանը: Այս գաղափարն, ընդ որում, նորություն չէ, սակայն, ի պատիվ Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների, մարգինալացվել է` չդառնալով անգամ ինստիտուցիոնալ քննարկումների թեմա:
Թավշյա հեղափոխությունը կարևոր առաքելությունը է ունեցել և նպաստել է Հայաստանի և Սփյուռքի միջև բարիկադների վերացմանը, ինչը հուշում է դրական լիցքերն օգտագործել` Սփյուռքի ինքնակազմակերպման մեխանիզմների փոփոխությանն ու արդիականացմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը նպաստելու համար:
Սփյուռքի նախարարի երեկվա ասածը ոչ խորքային, պոպուլիստական առաջարկություն է, որը ռիսկեր է առաջացնելու Հայաստանի անվտանգության համար և քայքայելու է Սփյուռքը: Մենք, իհարկե, շատ հարգում ենք մեր հայրենակիցներին, սակայն նրանք այլ երկրների քաղաքացիներ են, որոնց չի կարելի մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական կառավարմանը: Դա ինքնին ձևախեղում է պետական կառավարման ինստիտուտը` հանգեցնելով նրա դիսկրիմինացիային:
Չկա, գոյություն չունի ընտրության որևէ մեխանիզմ, որը լեգիտիմացնի Հայրապետյանի պատկերացրած ընտրությունները, բավարարի Սփյուռքի բոլոր սեգմենտների սպասումները հավակնությունները: Իսկ նման իրավիճակը դառնալու է ներհամայնքային նոր վեճերի, պառակտումների, մարդկային և կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացման պատճառ:
Սակայն ավելի շատ անհանգստացնում է ոչ այնքան Մխիթար Հայրապետյանի նախարարական պոպուլիստական բենեֆիսը, որքան այն, որ նոր իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս հում գաղափարներով` հարվածելով ոչ միայն իրենց, այլ նաև` ամբողջ թիմի, վարչապետի քաղաքական հեղինակությանը:
Այս տարերայնությունը պետք է կանխվի, եթե չենք ուզում դրա փլատակների տակ մնան պետական ինստիտուտները, ռացիոնալ մտածողությունը: Հեղափոխության դրական լիցքերը պետք է օգտագործվեն` պետական համակարգն արդիականացնելու, ինստիտուցիոնալ ռեֆորմներ իրականացնելու նպատակով: Իսկ կրեատիվ գաղափարները պետք է դառնան ոչ թե պոպուլիստական հայտարարությունների առիթ, այլ անցնեն թիմային, փորձագիտական լուրջ քննարկումների բովով: Միայն այս ճանապարհով հեղափոխության արդյունքները կարող են դառնալ պետական քաղաքականություն, նոր իշխանության գործունեության պրոդուկտ: Հակառակ դեպքում` մենք ոչ թե կվայելենք հեղափոխության պտուղները, այլ ականատես կլինենք հեղափոխական «փուչիկների պայթեցման» շոուին: