Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Կախյանի գործի դատական քննությունը:
Գործի դատաքննությունը սկսվել է երկու տարի առաջ՝ 2016 թվականի օգոստոսից: Այդ ընթացքում փոփոխվել է գործը քննող դատավորը. Ն. Հովակիմյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, գործի քննությունը ստանձնել է Սուրեն Բաղդասարյանը:
Դատական վերջին նիստում դատավորը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Հակոբյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:
Արմեն Կախյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Գործով տուժողը՝ Նվեր Ք.-ն, Արմեն Կախյանի մանկության ընկերն էր, բացի այդ՝ որոշ ժամանակ նրանք միասին բիզնեսով էին զբաղվել:
«Կախյան» ազգանունը ժամանակին հանրապետությունում մեծ հուզական ալիք բարձրացրած ոճրագործության հետ է կապվում՝ 2000 թվականի հունվարի 26-ին Արմեն Կախյանի ընտանիքի 7 անդամները սպանվել էին իրենց տանը՝ նրա հայրը, մայրը, տատը, քույրը, քրոջ մանկահասակ երեխան, հենց իր՝ Արմենի կինն ու մանկահասակ երեխան: Այդ օրը Արմեն Կախյանը գործով տուժող Նվերի հետ գտնվել է Վրաստանում: Այս ծանր ոճրագործությունը դեռևս բացահայտված չէ:
Սպանված Կախյանների գերեզմանը գտնվում է Լոռու մարզի Վահագնի գյուղում, որի վարչական շրջանում Արմեն Կախյանի կողմից կառուցվել է հուշաղբյուր:
Ընտանիքի անդամների սպանությունից հետո 16 տարի Արմեն Կախյանը որևէ հանցավոր արարքի կատարման համար չի մեղադրվել: Ու հանկարծ 2016 թվականի փետրվարին նա կրակոցով սպանել է մանկության ընկերոջը՝ Նվերին:
Մինչ այդ՝ Արմեն Կախյանը նոր ընտանիք էր կազմել, դեպքից առաջ նա գտնվել է Ռուսաստանում: Հայաստան է վերադարձել 2016 թվականի փետրվարի 21-ին, երբ կնոջից տեղեկացել է, որ իրենց երկու որդիներից մեկի մոտ բժիշկները լուրջ հիվանդության առկայություն են կասկածում:
Արմենը Հայաստան է վերադարձել իր մեքենայով: Երեխային հետազոտել են Դիլիջանում, ծանր հիվանդության առկայությունը հերքվել է: Արմեն Կախյանը վերադարձել է Վանաձոր, ապա գնացել է Վահագնի գյուղ՝ հարազատների գերեզմաններին այցի:
Ըստ դատական ակտի՝ նա «սովորություն է ունեցել ամեն լավ կամ վատ առիթով գնալ գերեզմանատուն, ապա այցելել հարազատների հիշատակին կառուցված հուշաղբյուր:
Արմեն Կախյանին վերագրվող սպանությունը կատարվել է այն ժամանակ, երբ նա գերեզմանատնից իջել էր գյուղ: Ըստ դատական ակտի՝ նա եղել է գերհոգնած ու հուզական լարված վիճակում:
Դատական ակտում ամրագրված է, որ Արմեն Կախյանն ու տուժող Նվեր Ք.-ն, մանկության ընկերներ լինելով ու իրար հետ բիզնես իրականացրած լինելով, վերջին շրջանում լարված հարաբերությունների մեջ էին:
Ըստ Արմեն Կախյանի ցուցմունքների՝ ինքն ու Նվեր Ք.-ն մտերիմ են եղել, մինչև ՌԴ-ում իր նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով համատեղ բիզնես իրականացնելու ընթացքում Նվերի կողմից «անազնիվ ու անպատասխանատու վարքագիծ դրսևորելը»:
Դրանից հետո համատեղ բիզնես այլևս չեն վարել, միմյանց հետ չեն շփվել:
Արմեն Կախյանը հայտնել է, թե ինքը Նվերից առավելագույնս վիրավորվել ու հիասթափվել է այն ժամանակ, երբ համագյուղացիներից մեկն ասել է, թե Նվերը լուրեր է տարածել, որ Արմեն Կախյանը նախապես իմացել էր իր ընտանիքի վրա նախապատրաստված հարձակման մասին, այդ պատճառով է սպանությունից առաջ մեկնել Վրաստան…
Այս տեղեկությունը ստանալով՝ Արմեն Կախյանը կապ է հաստատել Նվերի հետ, հարցրել է՝ նա նման բան ասե՞լ է որևէ մեկին: Նվերը պատասխանել է, թե ինքը այդ մասին ոչ թե հաստատապես իմացել, այլ հետևություն՝ «վիվըդ» է արել՝ իրադարձությունները վերլուծելու արդյունքում:
Այս խոսակցությունից հետո Արմեն Կախյանը հայտարարել է, թե իր համար այլևս Նվեր անունով անձ գոյություն չունի: Նա երկար ժամանակ չի շփվել Նվերի հետ:
Ըստ Արմեն Կախյանի՝ դեպքի օրը երեխայի հետազոտությունից հետո, երբ հերքվել է երեխայի մոտ ծանր հիվանդության առկայությունը, ինքն ուրախացել է, ընկերների հետ Վանաձորում հաց է կերել, ապա սովորության համաձայն այցելել է հարազատների գերեզմաններին: Գերեզմանների մոտից իջնելու ժամանակ գյուղում նկատել է, որ իր մեքենայի հետևից «շատ քիփ» ընթանում է մի մեքենա: Այն կտրուկ վազանց է կատարել իր մեքենային, մեծ արագությամբ առաջ է ընթացել, կանգնել է: Այդ մեքենայից իջել է մեկը ու համարյա վազելով մոտեցել է իր մեքենային: Ինքն այդ ժամանակ նկատել է, որ Նվեր Ք.-ն է: Նա «շատ ուժեղ» բացել է իր դուռը ու ասել է. «Էդ խի՞ ճամփա չես տալիս, այ…»: Ինքը նույն բառով է պատասխանել՝ «… դու ես», ու հրել է Նվերին: Նա մեջքի վրա ընկել է գետնին, փորձել է բարձրանալ, նորից վայր է ընկել, երրրորդ անգամից է կարողացել բարձրանալ, որովհետև խմած էր:
Ինքն էլ է իջել մեքենայից: Այդ ժամանակ ոտքի կանգնած Նվերը ձեռքին ատրճանակ էր «խաղացնում», ապա ատրճանակը պահել է իր վրա ու ասել է. «Էս գերեզմաններից ես գալի՞ս, ես դրանց…. Դե իմացի՝ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել»:
Հիշյալ «ռուբիլնիկը» Արմեն Կախյանենց տան հոսանքի անջատիչն է եղել, գտնվել է դրսում, դրա տեղը շատ քչերը՝ միայն մտերիմ մարդիկ են իմացել: Կախյանների ընտանիքի սպանության ժամանակ տան հոսանքը «ռուբիլնիկից» անջատել, նոր ներխուժել էին տուն…
Ըստ Արմեն Կախյանի՝ «ռուբիլնիկի» մասին Նվերի խոսքերից հետո իր աչքերի առաջը սևացել է, ինքը հիշողության կորուստ է ունեցել, ականջները խշշացել են: Միայն հիշում է, որ ինքն ու Նվերը քաշքշել են իրար, ապա խուլ «թխկոց» է լսվել, որից հետո Նվերն ընկել է գետնին: Այդ պահին մոտեցել է Նվերի հետ նույն մեքենայում գտնված բարեկամը, գոռացել է՝ Նվեր, Նվեր, վեր կաց: Ինքը տեսել է, որ Նվերի գլխից արյուն է հոսում, նա անշարժ ընկած էր գետնին: Ինքը նստել է իր մեքենան, հայտնվել է իր հարազատների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ՝ երևի «իներցիայով» է այնտեղ գնացել…
Արմեն Կախյանը նկարագրել է իր զգացողությունները, ասել է, թե սրտխառնոց է ունեցել, քունը տարել է, իրեն թվացել է, թե բոյովացել է, կարծել է՝ երկար ճանապարհ է անցել, բայց շրջվել ու տեսել է, որ մի քանի քայլ է անցել…
Գործի քննությամբ պարզվել է, որ սպանությունից հետո Արմեն Կախյանը զանգել է իր վարորդին, ապա՝ կնոջը: Վերջիններս հայտնել են, թե Արմենը խոսել է անհասկանալի, դժվար է շնչել: Կնոջն ասել է՝ «Չնթռլոյին խփեցի»: Այդ խոսքերից կինը հասկացել է, որ ամուսինը սպանել է Նվեր Ք.-ին:
Արմեն Կախյանի շահերի պաշտպանը, իր պաշտպանյալի ցուցմունքների ու գործով ձեռք բերված այլ ապացույցների վրա հենվելով՝ չի բացառել, որ մեղսագրված արարքը Արմեն Կախյանը կատարած լինի ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, սակայն գործի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել ու չի անցկացվել, նրա հոգեվիճակը մասնագետների կողմից չի պարզաբանվել:
Պաշտպանն իր միջնորդության մեջ վերլուծել է իր կարծիքով՝ ֆիզիոլոգիական աֆեկտին բնորոշ երեք փուլերի առկայությունը Արմեն Կախյանի վարքագծում: Պաշտպանը նշել է. «Հարգելի՛ դատարան, ակնհայտ է, որ պատահել է արտառոց մի բան, որը հունից հանել է Արմեն Կախյանին, ի՞նչն է այդ հանգամանքը, կարող են բացահայտել միայն փորձագետները»:
Պաշտպանը նաև նշել է՝ եթե անգամ փորձագետները գան հետևության, որ Արմեն Կախյանը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել կրակոցի պահին, ապա չի բացառվում, որ նա գտնվել է այնպիսի լարված հոգեվիճակում, որը որոշակիորեն ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա՝ նվազեցնելով իր գործողությունների հետագա վտանգավորությունը գնահատելու ունակությունը:
Ըստ պաշտպանի՝ այդ հանգամանքների վերհանումը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Արմեն Կախյանի նկատմամբ պատիժ նշանակելիս:
Մեղադրող դատախազն առարկել է միջնորդության դեմ, համարել է անհիմն, խնդրել է մերժել այն:
Դատարանը, կողմերին լսելով, որոշել է ամբաստանյալ Արմեն Կախյանի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:
Գործի դատական քննությունը կշարունակվի՝ փորձաքննության եզրակացությունը դատարանում ստացվելուց հետո: