Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է նախորդ ու նոր իշխանությունների հարաբերությանբախման կետում: Համենայն դեպս ներկայում նրա վրա է ծանրությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո: Ընդ որում, պետք չէ նույնիսկ բացառել, որ այդպիսով տեղի է ունեցել ծանրության կետի «փոխանակում», որովհետեւ Քոչարյանին ազատ արձակեցին Հովիկ Աբրահամյանի եղբորը կալանավորելուց երկու օր անց: Իսկ նրա եղբորը կալանավորեցին զենք-զինամթերքի գործով, որն ըստ ԱԱԾ պետ Վանեցյանի՝ կարող է օգտագործված լինել Մարտի 1-ին: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ինքը տեղյակ չէ կրակողներից, մարդ սպանողներից, թող իրավապահները գնան ու գտնեն:
Իրավապահներն էլ գնացին ու ինչ որ բան գտան՝ օպերատիվ տեղեկության հիման վրա: Իհարկե, դեռ պետք է ապացուցել, որ գտածը այն էր, ինչ կրակել է Մարտի 1-ին ու մարդ սպանել: Բայց տեղի է ունեցել բախման կետի փոփոխություն, գոնե առերեւույթ:
Միաժամանակ դա բերել է նաեւ ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության կամ դրա աշխույժ միտման: Ռոբերտ Քոչարյանը ստիպված հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, ինչից խուսափում էր տասը տարի, լավ պատկերացնելով, որ ինքը չունի դա անելու հնարավորություն: Նախ այն պարզ պատճառով, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չի էլ եղել: Նա եղել է քաղաքական պաշտոնի, իշխանության մեջ, սակայն գործնականում երբեք էլ չի զբաղվել քաղաքականությամբ: Ռոբերտ Քոչարյանի «հավատամքը» ուժն էր, ինչն էլ գործնականում մատնում էր քաղաքականությունից նրա վախը:
Սերժ Սարգսյանն, օրինակ, չէր վախենում քաղաքականությունից, այլ թերեւս խաղում էր բավականությամբ, ու դա էր նաեւ պատճառը, որ գործնականում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից բազմակի եւ բազմաբնույթ ավելի բարդ պայմաններում նա կարողացավ ամբողջ երկու ժամկետ պահել մազից կախված թվացող նախագահությունն ու խոշոր հաշվով ապահովել խորքային առումով շատ ավելի հեռանակարային իրավիճակ, իր բոլոր վտանգներով, ռիսկերով ու մարտահրավերներով հանդերձ, առանց ուժի կիրառման:
Ընդ որում, Սերժ Սարգսյանը թվում է թե պարտվեց ամենավերջում, բայց երբ արդեն նախագահ չէր, եւ միեւնույն ժամանակ եթե համեմատության մեջ ամբողջական դիտարկվի իշխանությունը հանձնելու նրա եւ Ռոբերտ Քոչարյանի պարագան, ապա Սերժ Սարգսյանն այն հանձնել է գործնականում մի քանի անգամ ավելի բարենպաստ պայմաններով, քան Ռոբերտ Քոչարյանը, որը գործնականում ամբողջապես շալակեց Մարտի 1-ի բեռը, թեեւ անկասկած այն ամենեւին էլ ամբողջապես միայն նրա վրա չէ:
Բայց, նախկին համակարգի այսպես ասած առաջատար դեմքերից Ռոբերտ Քոչարյանին գերազանցեց ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ Հովիկ Աբրահամյանը, սակայն արդեն իշխանությունից դուրս՝ հիմա, այժմ, եւ իհարկե առայժմ: Համենայն դեպս այնքան, քանի դեռ Աբրահամյանը, հայտնվելով նոր ու հին իշխանության բախման կետում, չի փորձի փրկություն գտնել քաղաքականություն վերադարձով:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, թե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը աշխուժորեն զբաղված է թիմ հավաքելով, դիմել են անգամ Գագիկ Ծառուկյանին: Իսկ Հովիկ Աբրահամյանին դիմե՞լ են: Ի վերջո, Սերժ Սարգսյանի տասնամյակում Հովիկ Աբրահամյանը մի քանի խորհրդավոր հանդիպումներ է ունեցել Քոչարյանի հետ՝ օդում, ջրում եւ ցամաքում, Սերժ Սարգսյանը նրան մի քանի անգամ «բռնացրել» է թավշյա հեղաշրջումների նախապատրաստության փուլում: Արդյոք Քոչարյանը կփորձի վերականգնել տանդեմը:
Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանն առայժմ ձեռնպահ է մնում բացառիկ հարցազրույցներից, ասուլիսներից, հայտարարություններից եւ առայժմ միայն ասել է, որ կապ չունի զենքի եւ այն տարածքի հետ, որտեղ հայտնաբերվել է զենքը: Իսկ դրա համար նախօրեին մեղադրանք է ներկայացվել նաեւ նրա վարորդի եղբորը: Այդպիսով, Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու Աբրահամյանի վարորդի եղբայրը մեղադրյալ են, բայց Հովիկ Աբրահամյանը չի շտապում մտնել քաղաքականություն:
Նրա քաղաքական կարիերան, որ ունեցել է նախկինում, իհարկե դարձյալ հիմնականում պաշտոնի բերումով, աչքի է ընկել իր պարզության մեջ հանճարեղ անկեղծությամբ՝ քաղաքականության մեջ խելք պետք չէ, խելքը պետք է բիզնեսի համար: Նա ձեւակերպել է հայկական քաղաքականության բանաձեւը:
Քաղաքականության մեջ խելք պետք չէ, բայց քաղաքականություն չմտնելու համար այն պետք է, եւ Հովիկ Աբրահամյանը փաստորեն դրսեւորում է այդ խելքը, գոնե առայժմ ձեռնպահ մնալով քաղաքականություն մտնելուց, ինչը միայն ու միայն բարդացնելու է նրա իրավիճակը:
Ընդ որում, Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հարցում թերեւս ամենաշահագրգռվածը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ ներկայում երկրորդ նախագահին է շտապ անհրաժեշտ կալիբրով շատ թե քիչ համարժեք երկրորդ թիրախը, որովհետեւ նա հասկանում է, որ գործնականում բոլոր ուժերը նրան դարձրել են բաց դաշտի միակ թիրախ, այդ թվում ՀՀԿ-ն, որի համար Քոչարյանի քաղաքական գործոնը խոշոր հաշվով անպարտելի խաղ է, համեմատության մեջ իհարկե: