Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում այսօր կախվելու միջոցով ինքնասպան եղած կնոջը հայտնաբերել է նրա 5 տարեկան որդին, որը մանկապարտեզից գալով՝ մորը տեսել է պատշգամբում կախված:
Հետո նա վազել է հարևանի տուն՝ հարևաններին օգնության կանչելու:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը: «Մյուս երեխան` 8-9 ամսական, մոտն է եղել, մանկասայլակի մեջ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ժամը 14:00-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի շտապ օգնության կայանից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Կնոջ անունը Աննա է, նա 30 տարեկան էր, ամուսինը պայմանագրային ծառայող է և, գյուղապետի խոսքով, իր հրամանատարի հետ գյուղի ճանապարհին է: Արթուր Ավետիսյանն ասում է, որ գյուղում ոչ ոք գաղափար չունի, թե ինչը կարող էր երկու անչափահաս երեխաների մորը դրդել ինքնասպանության. ո՛չ հոգեկան հիվանդ է եղել, ո՛չ ինչ-որ հիվանդություն է ունեցել:
Գյուղապետի խոսքով՝ ընտանիքի բոլոր հարազատները դրսում են՝ արտագնա աշխատանքի: Այս պահին գյուղում գտնվում են մեծ թվով ոստիկաններ և քննիչներ: