ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հույս է հայտնել, որ իրավապահները անլուրջ չեն վերաբերի Նիկոլ Փաշինյանի՝ Աժ շենքը շրջափակելու մտադրությանը։ Նա ասել է, որ իր ազատությունը ոչ ոք իրավունք չունի սահմանափակել, եւ նույնիսկ հիշել է Բենեդիկտ Սպինոզային, ով ասել է, որ յուրաքանչյուր մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։ «Դրա համար որեւէ մեկը իր ազատությունը իրականացնելուց իմ իրավունքը չպետք է խախտի։ Պատգամավորները չպիտի ձեռնամարտի բռնվեն՝ Ազգային ժողով մտնեն, թե չէ», ասել է Մախմուդյանը:
Նրանից առաջ նման մի բան է ասել նաեւ ՀՀԿ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ասելով, որ վարչապետի ընտրության քվեարկությունն իր սահմանադրական իրավունքն է, եւ իրավապահները պետք է ապահովեն իր այդ իրավունքը:Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջարկում է խափանել ԱԺ-ում վարչապետի քվեարկությունը ԱԺ-ն շրջափակելու միջոցով: Եթե երկու անգամ հաջողվի տապալել քվեարկությունը, Ազգային ժողովն օրենքի ուժով ցրվելու է, եւ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:
Նույնիսկ հաշվարկ է արվել՝ 20 հազար մարդը բավարար է մուտքերը փակելու համար, 50 հազարով արդեն կարելի է շրջափակել Ազգային ժողովը ողջ շրջագծով: Այլ հարց է՝ կհավաքվի այդքան մարդ, թե ոչ, բայց հատկանշական է ՀՀԿ պատգամավորների պահվածքը, ովքեր հանկարծ հիշել են սահմանադրական իրավունքների ու ազատությունների մասին:Սակայն առավել հատկանշական է այն, որ պատգամավորները դիմում են իրավապահներին, տվյալ դեպքում ոստիկանապետին, քանի որ ակցիայի դեպքում առաջնագծում ոստիկանությունն է լինելու:
Հետաքրքիր է, կասկածնե՞ր են առաջացել իրավապահների հանդեպ, որ իրար հետեւից հղում են անում նրանց:Այսօր ոստիկանությունը տոնում էր իր հարյուրամյակը, եւ Վովա Գասպարյանն իր խոսքում ասաց, որ ոստիկանները ժողովրդի հետ են, եւ ժողովուրդը իր հարցերով դիմում է ոստիկանությանը: Խոշոր հաշվով, Վովա Գասպարյանը ճիշտ է, չնայած ներքաղաքական բազմաթիվ լարված շրջաններին, նաեւ ակտիվիստների ագրեսիվ ու երբեմն անհամարժեք վերաբերմունքին, ոստիկանության կապը հանրության հետ վերջնականապես չի կտրվել:
Վերջին տարիներին ոստիկանությունն իսկապես լուրջ փորձություններ է անցել, որոշ դեպքերում կանխելով հնարավոր աղետալի իրադարձությունները, շատ դեպքերում էլ անհամարժեք դաժան վերաբերմունք դրսեւորելով հանրության հանդեպ, եւ բոլոր դեպքերում, ինչպես մարտաֆիլմերում է ասվում՝ մաքրելով իշխանության թողած կեղտը:
Հիմա առաջանում է մի նոր հնարավոր փորձություն, երբ թվում էր, թե լարվածությունը հետեւում է: Իսկ ՀՀԿ-ականներն էլ Վովա Գասպարյանին «հիշեցնում են իր պարտականությունը», որպեսզի ապահովի քվեարկելու նրանց իրավունքը:Երեւի ժամանակն է, որ Վովա Գասպարյանը ձեռքը խփի սեղանին ու ասի՝ էս երկրում մենակ դուք ունե՞ք իրավունքներ, արա: