loading...

Նիկոլի առաջին անակնկալը. Ինչ է եղել փշալարից անդին



Դիտումներ ` 1626
Նիկոլի առաջին անակնկալը. Ինչ է եղել փշալարից անդին

Նիկոլ Փաշինյանի այսօրվա նշանակումն իսկական անակնկալ էր: Խոսքը Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին է: Իր նշանակումը նա հիմնավորել է այսպես. «Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք:

Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով:



Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քաղաքացիական հասարակության «մշտական ուղեկիցն» է տարիներ ի վեր, բոլոր ակցիաների ժամանակ: Այդպես էր նաեւ թավշյա հեղափոխության ակցիաների ժամանակ, երբ նա ամենուր «ուղեկցում» էր Նիկոլ Փաշինյանին, իսկ Բաղրամյան պողոտայի փշալարերն անցնելուց հետո նա Նիկոլին անձամբ էր տարել հիվանդանոց:

Օսիպյանի գործողությունները ակցիաների ժամանակ միարժեք չէին, միունույն ժամանակ, հասկանալի է, որ նա հրաման էր կատարում, օրինակ Նիկոլին ձերբակալելու հրամանը:


Մյուս կողմից, նա երբեմն բավական հոգատար էր լինում, հաճախ համբերատար զրույցի էր բռնվում ակտիվիստների հետ իրավական թեմաներով, եւ հաճախ չէր կարողանում «տակից դուրս գալ»: Եվ ամենակարեւորը՝ ով ով, բայց նրա պես լավ երեւի ոչ ոք չի ճանաչում քաղհասարակությանը:

Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, բացի երկու դեպքից, իրեն բավական զուսպ էր պահում, եւ տեղեկություններ կան, որ ոստիկանապետը ապրիլի 23-ին՝ հակահեղափոխության փորձի ժամանակ, հրաժարվել է ուժ կիրառել:Օսիպյանին նշանակելու հիմնավորումը հետաքրքիր է, բայց հարցեր է առաջացնում, որոնց մասին դեռ շատ քննարկումներ կլինեն: Ներկայում՝ նոր կառավարության կազմավորման գործընթացում բոլոր նշանակումներն էլ հետաքրքրություն են առաջացնում, եւ երեւում է պետք է սպասել նաեւ անակնկալների:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/176073


loading...

Փակել