loading...

Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ կանգնեցրեց ՀՀԿ-ին. ի՞նչ է գրված կառավարության ծրագրում



Դիտումներ ` 532
Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ կանգնեցրեց ՀՀԿ-ին. ի՞նչ է գրված կառավարության ծրագրում

Նիկոլ Փաշինյանի կաբինետը հունիսի 1-ի կառավարության նիստում հավանության կարժանացնի կառավարության ծրագիրը, որն  գալիք շաբաթ ներկայացվելու է խորհրդարան: Կառավարության ծրագրի ներածական հատվածում, որպես ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակ նշվում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Առանցքային նպատակներից մեկը նշվում է արտահերթ խորհրդարնական ընտրությունների անցկացումը` 1 տարվա ընթացքում. «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրում է նաև, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։

 



Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,
  • Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
  • Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
  • Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
  •  

  • Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
  • Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»,- նշվում է կառավարության ծրագրի ներածական հատվածի երկրորդ գլխում։

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը խորամանկ քայլի է դիմում` փաստի առաջ կանգնեցնելով ՀՀԿ-ին: Եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի այս ծրագրին, կնշանակի տալիս է համաձայնություն  1 տարում արտահերթ ընտրությունների գնալ, ինչպես նաև կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություն: Հետագայում, եթե ՀՀԿ-ն փորձի տապալել ընտրական համակարգի բարեփոխումն ու արտահերթ ընտրությունները, կառավարության ծրագրի այս կետն հիմք ընդունելով Փաշինյանը կարող է կրկին դիմել փողոցի և հանրային ճնշման օգնությանը:

Կարինե Սարիբեկյան

http://hayeli.am/article/1091939


loading...

Փակել