Էներգետիկայի նախարար Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ կառավարությունը դադարեցրել է հայտնի ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերության հետ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Նախարարն ասել է, որ պայմանագրի դադարեցումը պայմանավորված է հանգամանքով, որ դրանում առկա են պետությանը ոչ ձեռնտու բաղադրիչներ:
Նախորդ կառավարությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը կնքել էր 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 25 տարով։ Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ 2018 թվականից, սակայն պարզվում է ֆորմալ առումով, փաստաթուղթը դեռևս ստորագրված չէր. «Պայմանագրում դրույթներ կային, որ ուղղակի ձեռնտու չէր պետությանը»,- պարզաբանել է էներգետիկյաի նախարար Արթուր Գրիգորյանը` նշելով, որ որոշումն ընդունվել է պայմանագրի ուսումնասիրության արդյունքում: Նախարարը նաև հերքել է տեղեկությունները, թե ԲԷՑ-ը այլ գնորդ ունի. մասնավորապես շրջանառվում էր Գագիկ Ծառուկյանի անունը:«Բացարձակ սուտ է»,- այս առնչությամբ ասել է նախարարը և տեղեկացրել, որ «Բարձրավոլտ էլցանցերը» մնալու է պետական ընկերություն:
Տնտեսական և իրավական տեսանկյունից կառավարության քայլն առավել քան իրավաչափ է` բարձրավոլտ էլցանցերը պետության համար ռազմավարական նշանակություն ունի և այն որևէ մասնավոր ընկերության հանձնելն անթույլատրելի է էներգետիկ անվտանգության տեսանկյունից: «Բարձրավոլտ էլցանցեր» ընկերության այսպես կոչված ազգայնացումը պետական անվտանգության խնդիր է և այստեղ քննարկելու բան առանձնապես չկա: Սակայն խնդիրն ունի նաև քաղաքական հստակ ենթատեքստ:
Նոր կառավարությունը, անդրադառնալով բազմաթիվ ոլորտային խնդիրների, հայտարարում է, որ իրենք այս փուլում լուծում են հրատապ և անհետաձգելի խնդիրներ, իսկ հիմնարար և հեռանկարային խնդիրենրը կկարգավորվեն հետագայում` արտահերթ ընտրություններից հետո: Ժամանակավոր կառավարության համար սա միանգամային ընդունելի տակտիկա է:
Բայց արի ու տես, որ էներգետիկ համակարգում որոշվեց գնալ այլ ճանապարհով. չեղարկել պայմանագիրը, որն ի դեպ, դեռ չէր վավերացվել, այլ ընդամենը հաստատվել էր կառավարության որոշմամբ, սակայն Ազգային ժողովի կողմից չէր ընդունվել: Կարելի էր ընդամենը պայմանագիրը չուղարկել Ազգային ժողով և հարցը կմնար առկախված:
Այսպիսով՝ Սամվել Կարապետյանը հեղափոխությունից հետո ստանում է առաջին ջախջախիչ հարվածը` նա զրկվում է խոշոր կապիտալից և տնտեսական ազդեցիկ ռեսուրսից:
Ըստ էության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններից առաջ, բառիս ամենաուղիղ իմաստով, ոչնչացնում է Կարեն և Սամվել Կարապետյաններ մրցակիցներին: Ընդ որում՝ նոր կառավարությունը միանգամից թիրախավորված հարձակում սկսեց հենց այս տանդեմի ուղղությամբ: Նախ բացահայտվեց ՊԵԿ-ի մաքասազերծող ընկերության կոռուպցիոն սխեման, որի թելերը գնում են դեպի ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան և նախկին վարչապետ Կարեն Կարապետյան:
Հիմա էլ Սամվել Կարպետյանն է զրկվում ԲԷՑ-ից: (Ի դեպ, Փաշինյանին և նոր կառավարությանն աջակցող հայտնի օլիգարխների պայմանագրերը և նախկին իշխանության հետ ունեցած կոռուպցիոն պայմանավերվածությունները առայժմ չեն բարձրաձայնվում, բայց, ինչպես ասում են, դա քննարկման առանձին թեմա է, այդ մասին դեռ վաղ է խոսել):
Վերադառնալով Սամվել և Կարեն Կարապետյաններին` նշենք, որ նրանք դարձան առաջին թիրախները, որովհետև նախորդ իշխանության կազմում այս զույգը ինքնուրույն բևեռի համարում ուներ և, տիրապետելով խոշոր տնտեսական ռեսուրսների, կարող էր իշխանությունը վերադարձնելու հստակ հայտ ներկայացնել: Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկը հստակ է` չեզոքացնել այդ վտանգն ի սկզբանե:
Դեռ հեղափոխության օրերին կային կուլիսային տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը ստվերային պայմանավորվածություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հնարավոր է, որ նման պայմանավորվածություն իրականում չի եղել, պարզապես Կարապետյանների կոալիցիան որոշել էր օգտվել իրավիճակից և հեղափոխությունը ծառայեցնել սեփական նպատակներին: Բայց հեղափոխության առաջնորդ Փաշինյանը դեռևս հրապարակի հաթակից հայտարարեց, որ թույլ չի տա ժողովրդի հաղթանակը յուրացնել և այժմ էլ անում է քայլեր, որոնք միտված են նույն հաստատուն նպատակին:
Կարինե Սարիբեկյան