loading...

Նիկոլ Փաշինյանը չընկավ ծուղակը. Բակո Սահակյանի միակ երաշխիքը



Դիտումներ ` 1037
Նիկոլ Փաշինյանը չընկավ ծուղակը. Բակո Սահակյանի միակ երաշխիքը

Ստեփանակերտի հանրահավաքների կազմկոմիտեն, լսելով Նիկոլ Փաշինյանի կոչը, դադարեցրել է հանրահավաքները եւ կսպասի իշխանության քայլերին, Արցախում փոփոխությունների ուղղությամբ, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել համաձայնություններ: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դրանք կատարելու համար պետք է հնարավորություն ու ժամանակ տալ իշխանությանը, որը հայտնել է փոփոխությունների գնալու պատրաստակամություն: Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով ցույցերը հասել են նպատակին, եւ այժմ պետք է սպասել ու իշխանությանը տալ հնարավորություն, գնդակը նրա դաշտում է: Եթե նա չօգտագործի այդ ժամանակը, ապա հանրությունը, ըստ Փաշինյանի, գնդակը կարող է հետ բերել իր դաշտ:

Նիկոլ Փաշինյանը փաստացի անդրադառնում է Արցախի իրավիճակին, սակայն հատկանշական արձագանքով: Նրա հայտարարության մեջ բացակայում է Արցախի կայունության վերաբերյալ «լալահառաչ բանդագուշանքը», եւ ըստ այդմ անհարգալից վերաբերմունքը Արցախը պահած ու պահող արցախցիների հանդեպ, որոնց մի մասը պարզապես իշխանությունից պահանջում է փոփոխություններ, ընդ որում միանգամայն հիմնավոր, քանի որ իշխանությունն ինքը ընդունում է այդ փոփոխությունների անհրաժեշտությունը:

Անհարգալից վերաբերմունք է Հայաստանից կայունության եւ այսպես ասած սթափության ու զգոնության դաս տալ մարդկանց, որոնց ուսին երկու պատերազմ է: Հայաստանում որեւէ մեկին թող չթվա, թե այդ մարդկանցից ավելի լավ գիտեն խաղաղության ու կայունության գինը ու նրանցից լավ գիտեն, թե ինչ է պետք Արցախին:Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի կոչը որոշակիորեն դաս էր նրանց, ովքեր փորձում էին Հայաստանից դասեր տալ արցախյան հանրության ներկայացուցիչներին:

 



Նա զերծ մնաց որեւէ միջամտությունից, ինչի հորդորներ հնչում էին, նրան փաստացի ծուղակ ներքաշելու կամա թե ակամա մտայնությամբ: Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց վերադասի կարգավիճակից, ինչը մշտապես բնորոշ է եղել Հայաստան-Արցախ միջիշխանական հարաբերությանը: Նիկոլ Փաշինյանը մնաց թավշյա հեղափոխության առաջնորդի կարգավիճակում, այն, ինչ առավելագույնը պահանջվում էր տվյալ պարագայում: Նրա կոչի տողատակը գործնականում շատ հստակ էր՝ Արցախի իշխանությունը պետք է սովորի գործել նոր միջավայրում, ընդ որում ոչ միայն նոր հայկական, այլ նոր աշխարհքաղաքական միջավայրում, որտեղ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը իներցիան է, ոչինչ չանելը, ինքնահոսին ապավինելը:

Հայաստանի իշխանությունը գործնականում 1993 թվականից հենց դրան է վարժեցրել Արցախի իշխանությանը, առաջնորդվելով զուտ ներիշխանական կոնյուկտուրայով, ինչը քիչ ընդհանուր բան է ունեցել Հայաստանի ու Արցախի ապագայի հետ, ինչպես ցույց է տվել հենց այդ ապագան, որ այժմ ներկան է:Այդ ամենում մշտապես շահարկվել է չավարտված պատերազմի ու անվտանգության գործոնը: Բայց 2016-ի ապրիլյան քառօրյան ջնջել է դա, ցույց տալով շահարկումը եւ դրա վտանգավորությունը:

Քառօրյայից հետո առաջնագծում, անվտանգության ամրությունների մասով արվել է ահռելի աշխատանք, անհերքելի է: Բայց, խնդիրն այն է, որ դարձյալ ամբողջապես չի ընկալվել բուն խնդիրը, այն, որ անվտանգության հարցը միայն առաջնագծի եւ թիկունքի ռազմա-տեխնիկական հագեցածությունը չէ: Ավելին, այդ ամենը անվտանգության սաղարթն է, իսկ բունը պետական-հասարակական համակեցության արդիականությունն է, հիմնված իրապես հավասարության, ազատության ու եղբայրության սկզբունքի ու արժեքների վրա:

 


Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը կարեւոր քայլ արեց Արցախի ուղղությամբ, Արցախի թե իշխանությանը, թե հանրությանը ցույց տալով ոչ թե լուծումը, առավել եւս փորձելով պարտադրել, այլ լուծման հասնելու մեխանիզմը՝ համաձայնության սկզբունքի վրա, ցույց տալով, որ Արցախի իշխանությունն ու հանրությունը հասել են լուծման, մնում է պարզապես դրսեւորել իրականացման կամք:

Դա իհարկե ամենադժվարն է, որովհետեւ նախագահ Բակո Սահակյանը պետք է մտածի նոր իրավիճակի թելադրած մասշտաբով, այսինքն ավելի լայն, քան զուտ սեփական իշխանությունը Հայաստանի վերադասությամբ գծապատկերում: Որովհետեւ վերադասության գծապատկերից դուրս անգամ սեփական իշխանության խնդիրը ստանում է լիովին այլ երանգներ ու պահանջում դիտարկման բոլորովին այլ մասշտաբներ:

Անգամ այդ՝ սեփական իշխանության ու խնդիրների շեշտադրումով, նոր մասշտաբում Բակո Սահակյանի համար այդ իշխանության միակ երաշխավորը Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա առաջնորդն են: Հակառակ պարագայում Սահակյանը կարող է երաշխավորել կոնկրետ պաշտոնյաների անսասանություն Արցախում, սակայն նրանցից ոչ ոք որեւէ երաշխիք չի տալու Սահակյանին, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, որովհետեւ մասշտաբներն են այլ:Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով ոչինչ չի հայտնագործել, այլ պարզապես տվել է այդ նոր մասշտաբները պատկերացնելու հնարավորություն: Պատկերացնելու, դրանք արձանագրելու դեպքում Սահակյանը չի սխալվի ու չի հապաղի հաստատ:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177912


loading...

Փակել