Նիկոլ Փաշինյանի կառավարության սկզբունքային որոշումներից մեկը նախկին պաշտոնյաներին դիվանագիտական անձնագրերից զրկելու որոշումն էր։ Խնդիրը նույնիսկ նախկին պաշտոնյաները չեն, այլ բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք որևէ պարագայում դիվանագիտական անձնագրեր չպետք է ստանային։ Կարևոր այդ ինստիտուտը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից արժեզրկվել է՝ դառնալով քրեաօլիգարխիկ, այսպես կոչված, արտոնությունների համակարգի մի բաղադրիչ։
Գործող օրենսդրությամբ՝ կա կոնկրետ պաշտոնյաների ցանկ, որոնք ի պաշտոնե դիվանագիտական անձնագրի իրավունք ունեն, սակայն վարչապետի որոշմամբ՝ պետության շահերի ու ազգային խնդիրների լուծման տեսանկյունից ցանկացած գործիչ կարող է ստանալ դիվանագիտական անձնագիր, որը հեշտացնում է մարդու ելումուտը, սահմանի հատման հարցերում ազատում խոչընդոտներից և այլն։
«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձանց ցանկը, որտեղ ընդգրկված մարդկանց մեծ մասի պարագայում նույնիսկ կարող ենք զարմանալ, թե ինչպես են նրանք հայտնվել Հայաստանի դիվանագիտական պաշտպանության ներքո։ Չնայած զարմանալ պետք է ոչ թե այդ փաստից, այլ այն հանգամանքից, որ հասարակությունը շուրջ երկու տասնամյակ հանդուրժել է քրեական բարքեր ունեցող մարդկանց ներկայությունն իշխանության մեջ։
Դիվանագիտական անձնագրից զրկվածների ցանկում ուշագրավ անունների պակաս չկա, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, արձակագիր Զորի Բալայանի, բոլոր նախկին պատգամավորների, նախարարների ու մարզպետների։
Ցուցակում քիչ չեն նաև օդիոզ անունները՝ Վաչագան Ղազարյան, որը հասարակությանն ավելի շատ հայտնի է Սերժի Վաչո անունով, Սուրիկ Խաչատրյան՝ Լիսկա, Գագիկ Բեգլարյան՝ Չոռնի Գագո, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյան, Գավառից նախկին սկանդալային պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Առաքել Մոսվսիսյան՝ Շմայս, կոռումպացված պաշտոնյայի անուն վաստակած Երվանդ Զախարյան, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան և այլք։ Առհասարակ տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ընտանիքների բոլոր անդամներն ունեցել են դիվանագիտական անձնագրեր, ու, բնականաբար, նրանք օրերս զրկվել են այդ «արտոնությունից»։
Դիվանագիտական անձնագրից զրկվել են բոլոր նախկին վարչապետները, որոնք այս պահին չունեն համապատասխան պետական կարգավիճակ: Դիվանագիտական անձնագրերից զրկվողների շարքում են նաև Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, շախմատիստ Սմբատ Լպուտյանը, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Դիվանագիտական անձնագրերի հետ կապված պատմությունը վերջին օրերին քննարկվում է բացառապես ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դիտանկյունից։ Հայաստանի ազգային հավաքականի ավագն ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանը նույնպես դիվանագիտական անձնագրից զրկվողների թվում է։ Առնվազն տարակուսելի է, որ անգամ քաղաքական հայտնի դեմքերը, էլ չասած՝ սոցիալական ցանցերի օգտատերերը, այս կարևոր հարցը քննարկում են բացառապես Հենրիխի կտրվածքով՝ մոգոնելով մտացածին վարկած, թե իբր իշխանությունները հետապնդում են սկսել անվանի ֆուտբոլիստի դեմ։ Ընդ որում՝ որևէ մեկը չի կարողանում բանական բացատրել, թե ինչո՞ւ Մխիթարյանը պետք է արժանանար իշխանության քենին, մանավանդ որ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը ազգային հավաքականը կոնսոլիդացնելու խնդիր է լուծում՝ ՀՖՖ-ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքներն արագ ցույց տալու նպատակով։
Հայաստանի իշխանությունները կայացրել են սկզբունքային որոշում ու առանց սելեկտիվ վերաբերմունքի՝ դիվանագիտական անձնագրից զրկել են բոլոր նրանց, ովքեր այն ունենալու իրավունք չունեն։ Ցուցակում հայտնվել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որի հարցում իշխանությունը բացառություն անել չէր կարող։ Այլ խնդիր է, որ ֆուտբոլի սիրահար մեր վարչապետը կարող է հաշվի առնել Հենրիխի մեծ դերը Հայաստանը ճանաչելի դարձնելու հարցում և նրան նոր դիվանագիտական անձնագիր տրամադրել՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Գրեթե վստահ ենք, որ նման լուծում գտնվելու է։
Սակայն դիվանագիտական անձնագրերի չեղարկման խնդիրը լոկալացնող ու իշխանություններին անխնա քննադատող մարդկանց ցանկանում ենք հորդորել՝ մի պահ հանգիստ թողնել Հենրիխ Մխիթարյանին ու հիշել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալ, Սոչին «նայող» Ռոբսոնին, ով ուներ Հայաստանի դիվանագիտական անձնագիր ու մի քանի անգամ խաղացել է մեր երկրի հեղինակության հետ՝ կատարված հանցագործություններից պլստալով Հայաստանի դիվանագիտական պաշտպանության շնորհիվ ու Հայաստանի հեղինակության հաշվին։ Վերջին դեպքը գրանցվեց անցած տարի Չեխիայում, ու քիչ էր մնում այդ սկանդալը լուրջ ճգնաժամ հարուցեր հայ-չեխական հարաբերություններում։
Հայաստանի դիվանագիտական անձնագրերի ինստիտուտը վերջապես ազատվել է կոռուպցիայի ու կրիմինալի բաղադրիչից, ու այդ փաստը միանշանակ պետք է ողջունել։ Հենրիխ Մխիթարյանի նման արժանավոր մարդկանց հարցը կարելի է քննարկել անհատական հարթության վրա՝ միշտ գտնելով ողջամիտ լուծումներ։