loading...

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին



Դիտումներ ` 1277
Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունն ու պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկի այս հայտարարությունն իր ոճի և Հայաստանին ուղղված աջակցության պատրաստակամության առումով միակը չէ Փաշինյանի բրյուսելյան ուղևորության երկու օրերի ընթացքում։ Տարբեր ձևակերպումներով, բայց գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչել Եվրամիության գրեթե բոլոր պաշտոնյաների, առանձին երկրների նախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում։ Նրա եվրոպական այցը, ըստ էության, սպասվածից ավելի արդյունավետ ստացվեց և իրականացավ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ շաբաթներ առաջ արած կանխատեսումը, որ ՀՀ վարչապետը Բրյուսելում կարժանանա ջերմ ընդունելության։ Ընդունելությունը, ընդունելությունները ստացվեցին առավել քան ջերմ։ Եվ հասկանալի է՝ դրանք չեն սահմանափակվելու միայն արարողակարգային հայտարարություններով։ Դրանք վստահաբար ունենալու են շատ առարկայական, կոնկրետ դրսևորումներ ամենամոտ ապագայում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսատնտեսական աջակցության տեսքով։ Եվրամիության կողմից մասնավորապես, Արմևմուտքի կողմից՝ ընդհանուր առմամբ։

Պետք է արձանագրել, որ Բրյուսելում անցնող երկու օրերին նման աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ ոչ միայն ու գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանը, որքան Հայաստանը, այն ժողովրդավարական նոր Հայաստանը, որն ընդամենը շաբաթների ընթացքում այդպիսին դարձավ հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Եվրոպան այլևս Հայաստանը համարում է իր մեծ ընտանիքի մի մասը, համարում է՝ անգամ չունենալով դրա իրավապայմանագրային հիմքը, որպիսին է Ասոցացման համաձայնագիրը, ասենք՝ Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում։



Ավելին, իր բովանդակային նշանակությամբ Հայաստանն այսօր շատ ավելին է Եվրոպայի համար, քան անգամ նույն Ուկրաինան ու Վրաստանը։ Տուսկի հայտարարության տողատակը հենց այդ մասին է, Հայաստանում տեղի ունեցածի «եվրոպական» որակումը հենց այն մասին է, որ Եվրոպայի մաս կարելի է դառնալ անգամ առանց համապատասխան իրավական հիմքի։ Հայաստանն այլևս այդպիսին է իր արժեքային համակարգով, իր այն ուղենիշներով, որոնք ներկայացրել է հեղափոխությունն ու նրա առաջնորդը։

Ու պատահական չէ հենց այս օրերին ամերիկյան հեղինակավոր հրատարակություններից մեկի՝ Time ամսագրի անդրադարձը հայկական հեղափոխության առաջնորդին։ «Չորս խաչակիրները, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում Time-ը ներկայացրել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն հաղթանակի. ըստ պարբերականի՝ այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը:

Time-ը գրում է, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, որը ապրիլին ժողովրդական շարժման միջոցով ստիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կարճ ժամանակ անց դարձավ երկրի վարչապետ, ասել է, թե «ժողովրդի սերը ստիպեց իրենց դուրս գալ իր՝ որպես խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ աշխատասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառում, փողոցներում, վրանում և ընդդեմ Սարգսյանի բողոքի ակցիաներում»: Փաշինյանը Time-ին ասել է, որ գործող իշխանության համար ժողովրդավարությունն ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշումը, «այն արժեք է և համոզմունք»: «Ես հավատում եմ՝ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն դեմոկրատական երկրներից մեկը»,- ամերիկյան ամսագրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես կրում է այն հավատամքը, որ ժողովրդավարությունը ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Նա այդպես մտածել է միշտ և հանդես է եկել ըստ էության արտաքին որևէ կողմնորոշման դեմ։

Մյուս կողմից, սակայն, հատկապես ժամանակակից աշխարհում, ըստ էության սև ու սպիտակի բաժանված աշխարհում ժողովրդավարությունը ածանցվում է արտաքին քաղաքական կողմնորոշումից, որը գուցե ոչ այնքան պրակտիկ քաղաքականության, այլ ավելի շատ քաղաքակրթական կողմնորոշման արտահայտություն է։ Չնչին բացառություններով ժողովրդավարական, իրական ժողովրդավարական երկրներ են արևմտյան քաղաքակրթական ու քաղաքական համակարգի մասնակիցները։ Եվ հակառակը՝ ռուսական ազդեցության տիրույթի պետությունները հակաժողովրդավարական, որպես կանոն՝ բռնապետական ռեժիմներ ունեցող երկրներ են։


Ու այդ տեսանկյունից Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով նոնսենսային կարգավիճակում է՝ լինելով ժողովրդավարական հեղափոխությամբ իշխանություն ձևավորած երկիր, գտնվում է բռնապետական երկրների ակումբում՝ ԵՏՄ-ում։ Այդ նոնսենսը երկար շարունակվել չի կարող։ Կամ Ռուսաստանն է ամեն կերպ փորձելու Հայաստանը դարձնել հակաժողովրդավարական, ինչի հեռանկարները, այս պահին, բարեբախտաբար, չկան, կամ Հայաստանն է ստիպված լինելու իր ներքին ժողովրդավարական կարգը համապատասխանեցնել այն արտաքին քաղաքական հանրույթին, որին պատկանում է։

Ժամանակակից աշխարհում կառուցակարգային առումով դա Եվրամիությունն է՝ որպես քաղաքական ակումբ, և ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական դաշինք։

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելությունը, բնականաբար, դուր չի գալու Մոսկվային և վերջինս փորձելու է իր զինանոցում առկա բոլոր ներքին ու արտաքին գործիքներով թույլ չտալ Հայաստանի էլ ավելի մերձեցումը Արևմուտքի հետ։ Հայաստանի իշխանության խնդիրն այդպիսով ռուսական այդ խանդը հաղթահարելն է ու բրյուսելյան բարձր մակարդակի ընդունելությունն ու հայտնված աջակցությունը կապիտալիզացնելն է։

Դա դժվար լուծելի խնդիր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիմադրությունը։ Սակայն այլ տարբերակ Հայաստանը չունի։ Սա պատմական եզակի հնարավարություն է նորմալ, իրապես ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր կառուցելու համար և պետք է հաղթահարել այդ ճանապարհին հանդիպող որևէ ու ցանկացած խոչընդոտ, եթե անգամ այդ խոչընդոտի անունը Ռուսաստան է։

ՀՀ վարչապետի բրյուսելյան այցը իր բովանդակությամբ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Վլադիմիր Պուտինին, որի ոչ պաշտոնական խոսնակներն արդեն մի քանի շաբաթ սպառնալից տոնով խոսում էին Արևմուտքի հետ ջերմացման արդյունքում Հայաստանին սպասվող վտանգների մասին։ Դա ըստ էության կոշտ պատասխան էր Հայաստանի՝ ինքնիշխան պետություն լինելու մասին։


loading...

Փակել