loading...

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. խիստ զգուշացում գեներալին



Դիտումներ ` 949
Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. խիստ զգուշացում գեներալին

Այսօր Ստեփանակերտում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացնում «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը: Խնդրին կարելի էր մեծ կարևորություն չտալ` այն դիտարկելով ԼՂՀ ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Սակայն նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, թե իրենց զորակցում է գեներալ Միքայել Արզումանյանը: Երեկ հայկական մի շարք կայքերի տված հարցազրույցում ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունը ուղղակիորեն ասոցացրել էր նշված գեներալի անվան հետ: Ո՞վ է ի վերջո գեներալ Միքայել Արզումանյանը: Նա ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալն է, այսինքն` գործող զինվորական:

Եվ խիստ օրինաչափ է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությանն այսօր օպերատիվ արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շտապ իր մոտ կանչելով ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու նպատակով։ «Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,-ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:



Խնդիրն իսկապես նուրբ է և, կարծում ենք, ունի մի քանի կարևոր բաղադրիչ: Նախ` գլոբալ առումով պետք է բացառվի զինվորականության որևէ միջամտություն քաղաքականությանը: Դրա տխուր հետևանքները մենք արդեն տեսել ենք գլոբալ և լոկալ հարթությունների վրա: Մարտի 1-ի գործում անցած շաբաթ արձանագրված սկզբունքային շրջադարձը ավելի գլոբալ հետևանքներ ունի, քան` մեկ քրեական գործի բացահայտումը. Հայաստանում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, քաղաքական մշակույթ, որոնք հետայսու բացառելու են բանակի, նրա ներկայացուցիչների որևէ միջամտություն քաղաքականությանը: Այս համատեքստում Միքայել Արզումանյանի վարքն առնվազն տարակուսելի է:

Լոկալ դրսևորումների առումով անցած շաբաթներին տեսանք, թե ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր էր ծնել, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանի, այսպես կոչված, քաղաքականացումը:

Սակայն խնդիրն ունի այլ շերտ ևս, որը շոշափում է ԼՂՀ սուբեկտության նուրբ թեման: Արցախն անցած երկու տասնամյակում իր սուբեկտությունը կորցրել է առաջին հերթին ներհայկական հարաբերություններում, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ԼՂՀ ղեկավարությունը ինտեգրվել է Հայաստանի օլիգոպոլ համակարգին:


 Սակայն հիմա նույնքան անթույլատրելի է Հայաստանը ներկայացնող որևէ պաշտոնյայի կամ զինվորականի, այսպես կոչված, հեղափոխական միջամտությունն Արցախի քաղաքական կյանքին: Եթե պաշտոնական Երևանը նպատակ ունի բանակցային գործընթացում որոշիչ դարձնել Ստեփանակերտի ձայնը, առնվազն պետք է հարգի Արցախի ինքնիշխանությունը հատկապես ներքին հարցերում:

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը միանգամայն համարժեք է. ոչ մի պաշտոնյա կամ զինվորական ժողովրդավարությունը չպետք է շփոթեն անարխիայի հետ:

Մյուս կողմից` Հայաստանի վարչապետը և ԼՂՀ նախագահը, կարծես թե, համաձայնեցրել են Արցախի ժողովրդավարացման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը». ԼՂՀ-ում իշխանափոխության գործընթացի մեկնարկը տրված է և իր վերջնական հանգրվանին կհասնի 2020-ի ընտրություններում, որտեղ գործող նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվելու: Այս համատեքստից դուրս ֆորսմաժորային ցանկացած լուծում վտանգում է Արցախի ներքին կայունությունն ու անվտանգությունը:

http://www.1in.am/2386434.html


loading...

Փակել