1in.am -ը գրում է.
ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրառադիոյին» տված հարցազրույցում:
«Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան՝ կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուսը զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին:
Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,- ասել է նա:
Ապրիլին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգեր: Հունիսի 11-ին Ադրբեջանում՝ հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը:
Երևանն իր դժգոհությունը հայտնել է գործարքի առնչությամբ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայկական կողմի մտահոգությունն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ:
«Եվրառադիոյին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խնդիրը ձևակերպել է շատ հստակ. Բելառուսը Հայաստանի հանդեպ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլ խոսքով՝ լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ սպառազինում է իր դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
Երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հաղթանակից հետո հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրելու, ՀՀԿ ներկայացուցիչները շտապեցին հակադարձել, որ նոր իշխանությունը արտաքին քաղաքական հարաբերություններում շարունակելու է Սերժ Սարգսյանի կուրսը։
Նախկին իշխանության գործիչների պնդումները, սակայն, իրականության հետ առնչություն ունեն մեծ վերապահումով. նոր կառավարության օրոք նույնն է մնացել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, բայց էապես փոխվել է դրա որակը։ Հայաստանը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս նոմինալ գործընկերների հետ հարաբերություններում էապես մեծացրել է իր սուբյեկտությունը՝ առաջին պլան բերելով Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության խնդիրները։
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի երկչոտ տոնի՝ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հանդուրժել նոմինալ գործընկերների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ և հրապարակային քաղաքականության մակարդակում բարձրաձայնում է խնդիրները։
Խոսքը վերաբերում է թե՛ Ադրբեջան բելառուսական սպառազինությունների մատակարարման խնդրին և թե՛ Փանիկի նախօրեի միջադեպին, երբ սադրանքի հեղինակ էր դարձել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան։
Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ Հայաստանի նախկին իշխանություններն արդյունավետ չեն օգտագործել ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի պոտենցիալն այդ կառույցներում՝ ըստ էության, լինելով Ռուսաստանի կցորդը։ Հիմա որակապես նոր իրավիճակ է ստեղծվել, ու փաստորեն Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել ՀԱՊԿ գործոնը՝ Բելառուսի գործողությունները կաշկանդելու, Հայաստանի անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու նպատակով։
Ինչքանով արդյունավետ կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ցույց կտա ժամանակը։ Արդյոք Հայաստանը կարո՞ղ է հասնել ՀԱՊԿ իր գործընկերների վարքագծի ու քաղաքականության էական վերանայման, թե՞ Երևանի սկզբունքային դիրքորոշումը, ի վերջո, հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մեր երկիրն այլևս անիմաստ է համարելու իր ներկայությունը ՀԱՊԿ-ում։
Այս հարցերի պատասխաններն այս պահին որևէ մեկը տալ չի կարող, համենայնդեպս՝ ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, երբ Հայաստանը գործընկերային դիրքերից է խոսում Ռուսաստանի հետ և հրապարակավ քննադատում է ՀԱՊԿ գործընկեր Բելառուսին՝ դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար։
Հայաստանի նոր քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանն ու նրա դաշնակիցներն անհամեմատ հարգալից վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի նկատմամբ։