Ժողովրդի հետ չի կարելի խոսել բռնության սպառնալիքներով կամ բռնության ակնարկներով, նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ժիրայր Սէֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի իրեն ուղղված նամակի մասին: Փաստացի դա նամակ մեղադրանք էր, թե Փաշինյանը «լվացել է ձեռքերը», ու նաեւ որոշակիորեն պարունակում էր այն տողատակը, որն անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանը:
Մինչ այդ վարչապետը արել էր քաղաքացիական անհնազանդության ակցիաները դադարեցնելու եւ խնդիրները կառավարության հետ քննարկելու երկրորդ կոչը, ընդգծելով, որ հակառակ դեպքում այդ ակցիաները կվերածվեն հանրության ու կառավարության դեմ սաբոտաժի:Փաշինյանի երկրորդ կոչը անկասկած պայմանավորված է եղել առարկայական մտահոգությամբ եւ անհրաժեշտությամբ, ինչի մասին է վկայում այն, որ մի քանի օր առաջ սաբոտաժը հերքող վարչապետն այժմ խոսում է դրա մասին եւ փաստորեն հենց այդպես որակում քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Դրանք ներկայում կրում են տարբեր բնույթ, մեծ ու փոքր, եւ առնչվում են ոչ միայն քաղբանտարկյալների, այլ նաեւ տնտեսական թեմաների:Իրավիճակն այժմ բավական բարդ է եւ պատասխանատու, եւ Նիկոլ Փաշինյանի երկրորդ կոչը այդ առումով շատ կոնկրետ է եւ հստակ. նա դիմում է թավշյա հեղափոխության առաջին փուլի հաղթանակն ապահոված եւ հետագա արդյունավետ ու հաջող ընթացքի համար պատասխանատվություն զգացող հանրությանը, կոչ անելով հետ քաշվել եւ բացել դաշտը, սաբոտաժի օջախները բացահայտելու կամ այդպիսով դրանց դրսեւորման հնարավորությունից զրկելու համար, մինչեւ կբյուրեղանա եւ կամրանա նոր կառավարությունը, առաջ տանելով համակարգային փոփոխության օրակարգը:
Ընդ որում, կա տպավորություն, թե սաբոտաժի հետեւում նախկին կամ հեռացող իշխող ուժ ՀՀԿ-ն է, որն իրեն հայտարարել է ընդդիմություն: Համենայն դեպս, հանրությունը ներկայում ամեն ինչի հետեւում տեսնում է ՀՀԿ-ին, ինքնաբերաբար, համարելով, որ միայն ՀՀԿ-ն է ներկայում շահագրգռված Նիկոլ Փաշինյանի տապալումով:Իրականում դա առերեւույթ տպավորություն է, ու ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ն ուղղվել է, գիտակցել իրողություններն ու այժմ շատ բարի է տրամադրված թավշյա հեղափոխության հանդեպ: Խնդիրն այդ պարզունակ կատեգորիաների դաշտում չէ իհարկե: Խնդիրը քաղաքական իրողությունների, շահերի ու խնդիրների դաշտում է: ՀՀԿ-ն կրել է խոշոր պարտություն եւ այժմ այնպիսի իրավիճակում է, որ այդ ուժի ցանկացած քայլ աշխատում է իր դեմ:
ՀՀԿ դեպքում մնացել է մեկ քայլ, որը չի աշխատի իր իսկ դեմ՝ դա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելու քայլն է:Փաշինյանի իրական խնդիրը ՀՀԿ-ն չէ, ՀՀԿ-ն նրա համար այլեւս խնդիր չէ: Բուն խնդիրը այն իրավիճակն է, երբ կատարվող ցանկացած տորպեդահարում, խնդրահարույց ցանկացած նախաձեռնություն անմիջապես ընկնելու է ՀՀԿ վրա, եւ դա պարարտ հող է ստեղծում բոլոր այն միավորների համար՝ տնտեսական, քաղաքական, այլ մոտիվացիաներով առաջնորդվող, որոնք Նիկոլ Փաշինյանին դիտում են մրցակից, այն բանից հետո, երբ նա հեռացրեց նախորդ մրցակցին՝ ՀՀԿ-ին:
ՀՀԿ-ն չունի թաքնվելու հնարավորություն, փոխարենը մի շարք տնտեսական ու քաղաքական միավորների կամ խմբերի համար ստեղծվել է ՀՀԿ «թիկունքում» թաքնվելու հնարավորություն: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը չի էլ կարող լիովին հեռացնել ՀՀԿ-ին: Քանի դեռ ձեւավորված չէ թավշյա հեղափոխության հաղթանակն արձանագրող ներքաղաքական նոր կայուն կոնֆիգուրացիան, ՀՀԿ-ն կամա թե ակամա հայտնվել է «հեղափոխության պահապանի» կարգավիճակում, որովհետեւ հեղափոխության ընթացքը հենվում է հենց ՀՀԿ-ի ամբողջապես հեռացած չլինելու հանգամանքի վրա:
Միեւնույն ժամանակ, գուցե տարօրինակ հնչի, սակայն ներկայիս իրողությունների պարագայում հեղափոխությունն ու դրա հաջող ընթացքն էլ ՀՀԿ պահապանն է, անվտանգության երաշխավորը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պարտությունը կամ տապալումը մեղմ ասած պակաս ցավալի հետեւանք չի ունենալու նաեւ ՀՀԿ-ի համար, որովհետեւ Փաշինյանին կարող են «հաղթել» ՀՀԿ անունից, բայց ոչ ՀՀԿ-ն:Թեեւ ներկայում թավշյա հեղափոխության տապալման հարցը գտնվում է առավելապես տեսական դաշտում, իսկ գործնականում բազմաթիվ տրամաբանական ու բնական խնդիրներով հանդերձ, թավշյա հեղափոխությունը բավական ամուր է եւ ուժեղ՝ դրանք լուծելու եւ առաջ գնալու համար:
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայտարարությունը եւ կոչը գործնականում հեղափոխության ուժի, ոչ թե թուլության կամ տագնապի վկայությունն էր: Ընդ որում, հետաքրքիր է, որ նա խոսում է սաբոտաժի, ոչ թե հակահեղափոխության մասին: Իսկ դրանք ունեն սկզբունքորեն տարբեր իմաստային նրբերանգներ: Թերեւս չարժե հակահեղափոխության չափազանցված վտանգի «վահանի» ներքո զբաղվել սաբոտաժով եւ փորձել հեղափոխության ուժը: Ներկայիս փուլում բավական հաճախակի են հնչում տեսակետներ, թե պետք չէ թերագնահատել հակահեղափոխության ուժը: Իրականությունը սակայն բոլորովին այլ է, եւ դրանում պետք չէ թերագնահատել թավշյա հեղափոխության ուժը