loading...

Մոտեցող պատերազմի ուրվականը. հերթական զոհն առաջնագծում



Դիտումներ ` 1518
Մոտեցող պատերազմի ուրվականը. հերթական զոհն առաջնագծում

Այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Եղոյանը: Մինչ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր կառույցներից, միջնորդներից պահանջում են համարժեք հասցեական գնահատական տալ Իլհամ Ալիևի աղմկահարույց ելույթին` Ադրբեջանը նույնքան հետևողական արհամարհում է միջազգային նորմերը:



Ալիևի ելույթները` եթե նույնիսկ Երևանում ցնորք են անվանվում, անվերապահ հրաման են համարվում Ադրբեջանի զինված ուժերում:

Միջազգային համատեքստը թույլ չի տալիս, որ այսօր Բաքուն դիմի լայնածավալ պատերազմի. օգտագործվում է հոգեմաշ պատերազմի մարտավարությունը` չնայած դրա հարուցած էսկալացիան և հոգեբանական լարվածությունը վաղ թե ուշ հանգեցնելու են լայնածավալ ռազմական գործողությունների: Հայաստանի իշխանությունները ռազմաճակատից ստացված հերթական բոթի ֆոնին դարձյալ դատապարտելու են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը: 


Սակայն դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվելու, որովհետև բազմաբևեռ աշխարհում ոչ թե միջազգային նորմերն են արձագանքման չափանիշը, այլ` աշխարհաքաղաքական կոնկրետ շահերը, բաժանարար գծերը:

Երևանում այս ճշմարտությունը հետևողականորեն անտեսվում է` թերևս այն պատճառով, որ պահանջելը միշտ ավելի հեշտ է, քան` արդյունավետ քաղաքականությամբ և երկրի սուբյեկտության մեծացմամբ` միջազգային բարենպաստ համատեքստ ձևավորելը:

Հայաստանի արտաքին պաշտպանական քաղաքականությունները գուցե գլոբալ առումով սխալ չեն, սակայն անարդյունավետ են, սխեմատիկ ու կանխատեսելի: Յուրաքանչյուր զինվորի մահ ավելի է հաստատում այս համոզումը:

http://www.1in.am/2303352.html


loading...

Փակել