loading...

Միրիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին



Դիտումներ ` 960
Միրիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները:

Այս ամենը, ինչպես  և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից: BlogNews.am-ը զրուցել է Միրիամի հետ, ով առաջին անգամ խոսել է իր և Էրիկի կոնֆլիկտի, Կանադա տեղափոխվելու և Լառա Ֆաբիանի մասին:

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար:

Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները:

Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

«Զայրույթ և նմանատիպ այլ էմոցիաներ եղել են, բայց կարող եմ հստակ ասել, որ չեմ ստել: Այդ երեկո եղբայրս ինձ անակնկալ էր արել և եկել էր Հայաստան: Պատկերացրեք, երբ նրան տարիներով չես տեսնում, և նա գալիս է: Իմ ուրախությունն այնքան մեծ էր, որ ասացի՝ արի գնանք Երևանի փողոցներով զբոսնելու, ես քեզ պետք է միանգամից ամեն ինչ ցույց տամ:



Քայլեցինք, հետո մի քանի ընկերների էլ հավաքեցի, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Երևի մինչև ժամը մեկը: Կային մարդիկ, ովքեր կարող էին հիմնավորել ասածները, բայց, չգիտես ինչու, չուզեցին մտնել այս պատմության մեջ: Մեր ուրախությունը կիսեցի Ինստագրամի սթորիներում։

Ես զգում էի, որ երգելու ընթացքում իմ կոկորդն ահավոր փակվում է: Իհարկե դա իմ սխալն էր, իհարկե ես պետք է մտածեի իմ կարիերայի մասին՝ շուտ տուն գնայի և պատրաստվեի հաջորդ օրվան:

Բայց ես մեր խմբում միակն էի, ով զրոյից էր սկսում, և դրա համար ինձ տրված էր երեք-չորս օր, իսկ ես երբ երգի հետ չեմ կապվում, ինձ համար դժվար է սովորելը: Ես փորձեցի ամենը, որ այդ երգը մաքսիմալ գեղեցիկ ներկայացնեմ իմ պրոդյուսերին:

Երևի ինձ մոտ չստացվեց, քանի որ դա բնական երևույթ է, որ, երբ երգը քոնը չէ, դու չես կարողանում ներկայացնել այնպես, ինչպես պետք է»:

Նախագծից դուրս մնալուց և Երևանում որոշ ժամանակ ապրելուց հետո Միրիամը կրկին մեկնեց Կանադա, որպեզի բարձրագույն կրթություն ստանա: Ասում է՝ բացի երաժշտությունից՝ հետաքրքրված է նաև նկարչությամբ և դիցաբանական արվեստով. «Կարճ ժամանակ հետո իմ ընտանիքը ևս տեղափոխվեց Կանադա:

Հիմա վայելում ենք կյանքը, աշխատում ենք, և միայն երգով չեմ զբաղվում․ շատ մեծ խանութներից մեկում գանձապահ եմ աշխատում: Սովորում եմ մեծահասակների դպրոցում, շաբաթը հինգ օր գնում եմ այնտեղ: Բավականին հաջողությունների եմ հասել, և ինձ երջանիկ եմ զգում՝ իմ աշխատանքի արդյունքը տեսնելով: Ես չեմ հավատում միայն բախտին, հավատում եմ նաև նախախնամությանը»:

Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

 


«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։

Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա:

Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը:

Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

http://info24.am/?p=6537&l=am


loading...

Փակել