Մեղրեցի տնտեսվարողները բողոքում են Մեղրիում հարկային սպասարկման կետի փակման դեմ: Նրանց բաց նամակը, որը ստորագրել են 200-ից ավելի տնտեսվարողներ ներկայացնում ենք առանց խմբագրման:
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին,
Պետական եկամուտների կոմիտեի սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանին
Զուր չէ ասված: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան (Վազգեն Սարգսյան):
Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից (400 կմ) և մարզկենտրոնից (80 կմ) իր հերթին նույնպես շատ խնդիրների պատճառ է հանդիսանում: Ուստի քաղաքի բնակիչների համար դժվար է այս կամ այն հարցով անցնել լեռնանցքը, հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է լինեն բոլոր հնարավորությունները և առկա սպասարկման կետերը, որոնք անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն բնակիչներին և կբավարարեն նրանց նվազագույն պահանջները: Մեղրին Հայաստանի այն քիչ բնակավայրերից է որտեղ արտագաղթի մակարդակը բավականին ցածր է, սակայն նման դեպքում, երբ չի լուծվում բնակիչների խնդիրները, շատերը ուղղակի հրաժարվում են ապրել այս պայմաններում, ինչը շատ վատ է մեր երկրի համար:
Բացի այդ, Մեղրին հեռու գտնվելու պատճառով պետք է ունենա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչներին սպասարկելու համար, քանզի շատ դեպքերում ուղղակի անհնար է կտրել նման հեռավորություն մանր հարցերի համար: Աշխատատեղեր ավելացնելու փոխարենը դրանք գնալով պակասում են, որի հետևանքով էլ տուժում է հասարակ քաղաքացին:
Վերջերս հենց այդպիսի խնդրի առաջ էլ կանգնեցին Մեղրի համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Վերջիններս բողոքում են, որ անգամ ամենաչնչին հարցով հարկային սպասարկման կետին դիմել չեն կարող կետի փակման հետ կապված և դրա համար պետք է հասնեն մարզկենտրոն, ինչի հնարավորությունը և ժամանակը շատերը չունեն:
Բնակիչները համախմբված բողոք ունեն, ուստի խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի վերանայեք կայացված որոշումը և կատարեք Մեղրի համայնքի բնակչության կամքը: Այն է. Հնարավորություն ընձեռենել հարկային ծառայություններ ստանալ և սպասարկվել Մեղրի քաղաքում: Հակառակ դեպքում կառաջանան բազում խնդիրներ և կոնֆլիկտներ:
Բնակիչները բազմիցս հանդիպել են նման խնդիրների երբ կառավարական որոշումները ավելի դրական դարձնելու փոխարեն, հակառակ արդյունքն է տալիս, որի հետևանքով շատերը կորցնում են աշխատանքը:
Մեղրեցիների չեն կարողանում հանդուրժում ստեղծված իրավիճակը, գտնելով, որ հեռու լինելը, սահմանային համայնքի համարվելը պետք է ստիպի համապատասխան մարմիններին կայացնել այնպիսի որոշումներ, որոնք բխում են բնակիչների շահերից՝ աշխատանք, սպասարկում, ծառայությունների մատուցում համայքում:
Հարկային սպասարկման կետը Մեղրիից մարզկենտրոն տեղափոխելը մեղրեցիները սխալ են համարում հատկապես, երբ թափուր աշխատատեղը համալրվում է Երևան քաղաքից բերված անձով, ով առհասարակ չունի հարկային ծառայողի ստաժ /ընդամենը ունի գործավարի ստաժ/, իսկ փոխարենը ազատվում է այդ աշխատանքին հավակնող տեղացի որակյալ և բազմափորձ մասնագետը: Մեղրեցիները պատրաստ են անգամ բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչև միջպետական ճանապարհի փակում, պարզաբանելով, որ, եթե մենք չենք կարող մեր քաղաքում սպասարկվել, անցնող մեքենաները և զբոսաշրջիկները ևս կարող են չսպասարկվել մեր ճանապարհի կողմից:
Այսպիսով, խնդրում ենք լսել բնակիչների և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների խնդրանքը և արձագանքել դրականորեն քաղաքացիների արդար կամքին ու պահանջին, որը կխոսի Ձեր իսկ սրտացավության և բարի կամքի մասին՝ առ աշխատավոր և ստեղծարար մի ժողովուրդ:
Ստորև նամակին կից ներկայացնում ենք երկու հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտների ստորագրությունները, որոնք դեռևս բոլորը չեն: