Ծրագրում կառավարությունը կարևորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կասկածից վեր է, որ հունիսի 7-ին մեկնարկող ԱԺ նիստում հավանություն է տրվելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, համենայնդեպս` ՀՀԿ-ն նախօրեին հայտարարել է, որ ոչ միայն չի տապալելու կառավարության ծրագիրը, այլ պատրաստ է բանակցել ԸՕ բարեփոխումների և արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:
Խիստ սկզբունքային ու կարևոր է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության ամրագրումը կառավարության ծրագրում, որովհետև դրա ընդունումից հետո թավշյա հեղափոխության առաջնահերթ պահանջը դառնում է պետական քաղաքականության, ծրագրի մի մաս: Արտահերթ ընտրությունների նման ամրագրումը իրավա-քաղաքական ավելի բարձր մակարդակ է ենթադրում, քան քաղաքական որևէ համաձայնություն կամ կոնսենսուս: Ընդունելով կառավարության ծրագիրը` գործող խորհրդարանն, ըստ էության, լեգիտիմացնում է արտահերթ ընտրությունների անցկացումը` տալով գործընթացի ոչ պաշտոնական մեկնարկը:
Երկրում ստեղծված վիճակը, երբ ամեն օր հեղափոխությունը կապիտալացվում է կառավարության գործողությունների հետևանքով, հիմքեր է ստեղծում պնդելու, որ խորհրդարանն, առանց մեծ դիմադրության, ընդունելու է նաև ԸՕ բարեփոխումները, որոնք, մասնավորապես, ենթադրում են, այսպես կոչված, ռեյտինգային համակարգի վերացում:
Անկասկած` Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է գտնել նաև իրավական այն մեխանիզմը, որը թույլ կտա մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ:
Մտահոգության, թերևս, միակ առարկան մնում է արտահերթ ընտրությունների ժամկետը, որն, ըստ ամենայնի, տեղափոխվում է հաջորդ տարվա մայիս-հունիս ամիս: Կառավարության նույնիսկ արդյունավետ գործունեության պարագայում դժվար է ակնկալել, որ մեկ տարի հետո երկրում պահպանված է լինելու հեղափոխական ռեժիմը: Իհարկե, արտահերթ ընտրություններն առաջացնելու են սպասման մթնոլորտ և կա հանրային գիտակցություն, որ հենց դրանք են դառնալու հեղափոխության հաղթանակն ամրասգրող քաղաքական ակտը: Մյուս կողմից` մեկ տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի հեղափոխական տրամադրություններն որոշակի անկում ապրեն` հատկապես այն պարագայում, որ ոչ մի կառավարություն չունի մոգական կախարդական փայտիկը` տնտեսության մեջ բեկում մտցնելու, մարդկանց կյանքի որակն արմատապես փոխելու համար:
Ամբողջ խնդիրն այն է, թե առաջիկա մեկ տարում կառավարությանն ինչքանով կհաջողվի մեղմել վարկանիշային անխուսափելի կորստի հետևանքները:
Անկեղծ լինենք` մեկ տարին նաև շատ քիչ ժամանակ է, որպեսզի քրեաօլիգարխիան ռեաբիլիտացվի, այսինքն` գործնականում բացառվում է հակահեղափոխության դասական ռևանշի վտանգը:
Մտահոգություններն այլ հարթության վրա են և վերաբերում են հեղափոխության արժեքների խմբագրման ռիսկերին. ի վերջո` հակահեղափոխություն կարող է տեղի ունենալ անուղղակի, քողարկված տարբերակով:
Մեկ տարի հետո հեղափոխություն իրականացրած ուժը կարո՞ղ է միանձնյա կառավարություն կազմել, կամ դա անել դաշինքով` «Ելքի» իր գործընկերների հետ միասին, թե՞ նախընտրական դաշինքի կամ հետընտրակսն կոալիցիայի դեմքով վերարտադրվելու է այսօրվա կառավարության քաղաքական խճանկարը:
Բավականին բարդ է միանշանակ պատասխան տալ այս հարցին, քանի դեռ կառավարության կոնկրետ գործունեությունը քաղաքական իմաստով չի հանգեցրել հասարակության բնական շերտավորմանը:
loading...