loading...

Մեկ միլիարդ դրամի խայծ. թաքնված բնազդ



Դիտումներ ` 683
Մեկ միլիարդ դրամի խայծ. թաքնված բնազդ

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել կալանքից, վճարելով 1 միլիարդ դրամի գրավը, որ նրա խափանման միջոցը փոխելու համար սահմանել էր դատարանը: Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: Ո՞վ է նրա փոխարեն վճարել մեկ միլիարդ դրամ գրավը, ինչը բազմապատիկ անգամ ավելի է, քան Հայաստանի դատարաններում մինչ այժմ կիրառվող գրավները: Այս հարցն ունի համատեքստային երկու ուշագրավ շերտ: Նախ այն, թե ինչքանով է Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար գրավադրված փողն օրինական, թեև դա, ըստ էության, կարելի է արդեն գնահատել հանրությանը վերադարձված փող: Եվ մյուսը, ինչը թերևս առավել ուշագրավ է, թե ո՞վ է ստանձնել Ղազարյանի ազատ արձակման համար, այսպես ասած, պատասխանատվությունը:

Բանն այստեղ այն է, որ Ղազարյանի ձերբակալությունը, անշուշտ, դիտարկելի չէ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Իհարկե սա չափազանց կարևոր ասպեկտ է, հատկապես նոր Հայաստանի ողնաշարի ձևավորման խնդրում, որը պետք է լինի օրինականությունը, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ոստիկանության կոլեգիայի նիստում հերթական անգամ հռչակեց անբեկանելի առաջնահերթություն:



Ղազարյանի ձերբակալությունը այդուհանդերձ նաև քաղաքական և հոգեբանական երևույթ էր, իր նշանայնությամբ, խորհրդանշականությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո նա այն թիրախներից մեկն էր, որը պետք է ցույց տար թավշյա հեղափոխության անկասելիությունը:

Նախորդ համակարգն իր տոտալիտար կառուցվածքով հանդերձ ուներ ավտորիտար հենասյուներ, որոշակի հիերարխիկ կառուցվածքով և Վաչագան Ղազարյանը, ինչպես, օրինակ, Սաշիկ Սարգսյանը կամ Լևոն Սարգսյանը, ըստ էության այդ հենասյուներից մեկն էր: Իսկ դա ազդակ է մի կողմից հանրությանը, մյուս կողմից, իհարկե նաև հենց այն համակարգին, որը գործնականում զրկված լինելով իշխանությունից, այդուհանդերձ, դեռևս չի զրկվել ինքնապաշտպանության բնազդներից: Նշանային ձերբակալությունները օրինականության խնդրից բացի, դրան զուգահեռ, լուծում են նաև իշխած և հեռացող համակարգն ինքնապաշտպանության «բնազդից» զրկելու հարց:

 


Ահա այդ համատեքստում էլ ուշագրավ է դառնում Վաչագան Ղազարյանի ազատ արձակումը 1 միլիարդ դրամի, ըստ էության, աստղաբաշխական գրավով: Դա հեռացող համակարգի ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, իսկ ավելի շուտ գուցե ինքնապաշտպանական բնազդը «բնից դուրս բերելու» մի յուրօրինակ իրողություն: Վերջին հաշվով, երբ այդ բնազդը տևական ժամանակ չի դրսևորվում, ապա առաջանում է այսպես ասած «քողարկման» վտանգ: Իսկ «դարանակալ» բնազդը, խոշոր հաշվով, միշտ ավելի վտանգավոր է, քան դրսևորվողը:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարի կալանքից ազատ արձակման կամ խափանման միջոցը փոխելու գործընթացը ըստ էության հիշեցնում է հեռացող համակարգի ինքնապաշտպանական «թաքնված բնազդը» «դարանից» դուրս բերելու մի յուրօրինակ գործընթաց կամ հատուկ գործողություն: Այդ իմաստով, Վաչագան Ղազարյանը, կամա թե ակամա, հայտնվել է մեկ միլիարդ դրամով բաց թողնված «խայծի» դերում: Հարցն այն է, թե ինչ է բռնվելու դրանով:

https://www.1in.am/2396289.html


loading...

Փակել