Չելյաբինսկի մարզում հայտնաբերվել է լճում տեղի ունեցած ողբերգության 7-րդ զոհի մարմինը։ Բոլոր զոհերն ազգությամբ հայեր են։ Ջրասույզ է եղել նաեւ 4 երեխա, որոնցից մեկը՝ 2 տարեկան:
Փրկարարների տվյալներով՝ վերջին ջրասույզի մարմինը Չեսմենսկի շրջանում ջրի մակերեւույթ է բարձրացել հուլիսի 4-ին, փոխանցում է Metronews պորտալը։
Հիշեցնենք, որ լճում դժբախտ պատահարը տեղի է ունեցեել հուլիսի 2-ի երեկոյան։ Լճի վրա նավարկել որոշած անձինք խախտել են անվտանգության բոլոր կանոնները. ծանրաբեռնել են նավակը, չեն հագել փրկարարական բաճկոնները եւ այլն։
Տեղի լրատվամիջոցները հստակեցրել են, որ այդ երեկո խնջույք են կազմակերպել 16-ամյա Անգելինայի դպրոցն ավարտելու կապակցությամբ. աղջիկը միջնակարգ դպրոցը գերազանց էր ավարտել։ Ափին հավաքվել է 3 ընտանիք, 3 հարազատ եղբայրներ՝ շուրջ 25 մարդ, որոնք որոշել են երեխաների հետ լճում զբոսնել մոտորանավակով։
Չնայած նավակը կառավարող 38-ամյա Արման Դ.-ի համար լիճ դուրս գալու առաջին փորձը չէր, բայց այս անգամ նավակը ծանրաբեռնված էր։ Դրանում 9 մարդ կար՝ 3 չափահաս եւ 6 երեխա։ Նավակը շրջվել է ափից 50 մետր հեռավորությամբ։
Ափից օգնության հասած տղամարդկանց հաջողվել է փրկել միայն դեռահաս տղային եւ 16-ամյա Անգելինային, ինչպես նաեւ երկու կանանց։ Նրանք լողալով են ափ հասել։
3 երեխա եւ չորս տղամարդ խեղդվել են։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նավակի վրա փոքրիկ ճեղքվածք է եղել։
Նույն օրը լճի հատակից հայտնաբերել են 10-ամյա Էլենին եւ 2 տարեկան Արսենին, ինչպես նաեւ նրանց հայրերին՝ 36-ամյա Արենին եւ 45-ամյա Արթուրին։ Գիշերվա ժամը 3-ին հայտնաբերվել են նաեւ 13-ամյա Արտյոմի ու 8-ամյա Դավիթի մարմինները։
Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչեւ այս առավոտ։ Ջրից դուրս բերված վերջին զոհը 38-ամյա Արմանն է։ Լրատվամիջոցների հավաստմամբ՝ խնջույքը կազմակերպած երեք եղբայրներն էլ զոհվել են։
Զոհված ընտանիքին կհուղարկավորեն Կրասնոդարի երկրամասում։ Նման որոշում է կայացրել ջրասույզ եղած տղամարդու կինն ու երկու զոհված երեխաների՝ 2 տարեկան Արսենի եւ 15-ամյա Արտյոմի մայրը։