loading...

Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց. իշխանության թուլությո՞ւն, թե՞…



Դիտումներ ` 859
Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց. իշխանության թուլությո՞ւն, թե՞…

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել:

Դատարանն այսօր նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում ցուցարարների նկատմամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Տեղի ունեցածը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Աննախադեպ հեղափոխություն իրականացրած հասարակությունը, բնականաբար, ակնկալում է րոպե առաջ պատժված տեսնել այն մարդկանց, ովքեր բռնացել են հասարակության կամքի վրա: Այս առումով Դավիթ Համբարձումյանը նույնիսկ նշանային կերպար է. նա ոչ միայն Մասիսի քաղաքապետն է, այլ նաև ամուր հենարան ունի քրեաօլիգարխիկ համակարգում` հայտնի հեղինակություն Մհեր Համբարձումյանի(Թույների Մհեր) և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ, սկանդալային Արշակ Հակոբյանի փեսան է: Մամուլը գրում է, որ Մասիսի երիտասարդ քաղաքապետի բանդան ուղղորդվել է հենց նրա աներոջ կողմից:

 



Ահա այս համատեքստում Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը հասարակության առնվազն մի մասը համարում է նոր իշխանության թուլության և քրեաօլիգարխիայի զոռբայության դրսևորում:

Մյուս կողմից` հասարակության արձագանքն էմոցիոնալ է, որովհետև այսօր տեղի ունեցածը խոսում է միանգամայն այլ իրողությունների մասին: Նախ` Դավիթ Համբարձումյանին որևէ մեկը չի ազատել քրեական հետապնդումից և տեղին չէ խոսել ռևանշի որևէ դրսևորման մասին, եթե նույնիսկ դատարանի շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ զորակցության ցույց էր անում. անգամ փոքր գյուղի համայնքապետը կարող է տիրապետել նման ռեսուրսի: Մենք պետք է համակերպվենք այն իրողության հետ, որ դեմոկրատական երկրներում մեղադրյալները, որպես կանոն, նախաքննության փուլում գտնվում են ազատության մեջ:

Սակայն այսօր արձանագրվել է մեկ այլ` շատ ավելի կարևոր փաստ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է մնացել ժողովրդավարության հիմնարար սկզբունքին և չի միջամտել դատարանի գործունեությանը: Միայն ժողովրդավարական երկրում է հնարավոր, որ իշխանության հակառակորդը` նույնիսկ լուրջ հանցագործության կասկածանքով, նախաքննության ընթացքում մնա ազատության մեջ:

 


Հայաստանի կոռումպացված դատական համակարգը դեռ սովոր չէ կայացնել ինքնուրույն և որակյալ որոշումներ: Դավիթ Համբարձումյանը գուցե իսկապես պետք է կալանավորվեր ու դա կլիներ արդարացի դատավճիռ: Սակայն եթե դա տեղի չի ունեցել, ողբերգություն սարքել պետք չէ: Ողբերգությունն այն կլիներ, որ նոր իշխանությունը որոշեր` դատարանը դարձնել քաղաքական վենդետայի գործիք:

Մեր հասարակությունը ոչ թե պետք է հիասթափվի նոր կառավարությունից, այլ գործնականում աջակցի ժողովրդավարության հաստատման նրա ջանքերին: Օրինակ` Մասիսում հենց վաղվաից կարելի է նախաձեռնել Համբարձումյանին անվստահություն հայտնելու ժողովրդական գործընթաց` արտահայտելով հստակ հանրային վերաբերմունք նրա արարքի նկատմամբ:

http://www.1in.am/2364350.html


loading...

Փակել