loading...

Մարդկային կյանքերի վրա թքած ունեցող նախարարի օրենքը մեռավ բարուրում



Դիտումներ ` 1392
Մարդկային կյանքերի վրա թքած ունեցող նախարարի օրենքը մեռավ բարուրում

Դեղերի մասին օրենքի ընդունումը թերևս ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ամբիցիաների հետևանք է, քանի որ օրենքը որքան արագ ընդունեցին, նույն արագությամբ էլ կասեցրին։

Այս օրենքի ընդունումով փաստացի կասկածի տակ դրվեցին բուժաշխատողի ու դեղագործի և՛ մասնագիտական կարողությունները, և՛ տարիների աշխատանքային փորձը։ Նախարարի թեթև ձեռքով ստորագրվեց մի օրենք, որը շփոթություն առաջացրեց թե բժիշկների շրջանում և թե դեղատան աշխատողների մոտ, իսկ բնակչության շրջանում մեծացավ սթրեսային հոգեվիճակը։

Պուշկինի 1 հասցեում գտնվող դեղատան աշխատող Արմինե Մկրտչյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքի ընդունման օրվանից շփոթմունքի մեջ են, որովհետև կան քսուկներ, որոնք դեղատոմսով չեն, բայց իրենց բաղադրության մեջ կան հորմոններ, անտիբիոտիկներ, այդ դեպքում ի՞նչ պետք է անեն, տա՞ն դեղը, թե՞ չտան։

«Օրեր առաջ մի մարդ եկավ, փորլուծության համար շատ էժանագին դեղ ուզեց, չտվեցինք, որովհետև դա տեղատոմսով էր, իսկ հաճախորդը դեղատոմս չուներ, մյուսն էլ եկավ, ցիստիտի համար դեղ ուզեց, էլի չտվեցինք»,- նշեց դեղատան աշխատակցուհին։



Սա հետապնդում է մի նպատակ՝ որպեսզի հետագայում էժանագին դեղերը վաճառեն ավելի թանկ գներով: Այս օրենքի ընդունումով մեծանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, ով ծանոթ կամ շատ փող ունի, հարցն արագ կլուծի, այստեղ դարձյալ տուժում է հասարակ շարքային քաղաքացին։

Հարցման ընթացքում դեղատան հաճախորդներից մեկին, ով եկել էր վիտամիններ գնելու, հարցրինք՝ արդյո՞ք տեղյակ է դեղերի մասին նոր օրենքին և արդյո՞ք դեղատոմսով կգնի այն դեղը, որն անհրաժեշտ է, նա պատասխանեց. «Ո՛չ, ոչ մի դեպքում, մեռնեմ էլ, չեմ գնա հիվանդանոց»։

Ստացվում է այնպես, որ նախարարը «թքած ունի» մարդկային կյանքերի վրա, քանի որ չի գիտակցում, որ հիվանդ մարդն ի վիճակի չէ գնալ հիվանդանոց ու ժամերով հերթ կանգնել, այսինքն՝ մեռնում է, թող մեռնի։

 


Հարցումների ընթացքում մարդիկ փաստեցին, որ «օրենքն ուղղակի ապուշություն է», «անհեթեթություն», որովհետև չեն պատրաստվում ժամերով հերթ կանգնել փորլուծության համար դեղատոմս վերցնելու համար։

«Ենթադրենք՝ իմ տունը հյուր է եկել ու հանկարծ վատացել է, ի՞նչ անեմ, դեղ չտա՞մ, թե գնամ ժամերով հերթ կանգնեմ,-ասաց քաղաքացիներից մեկը և հավելեց,- ոչ մի առողջ մարդ հիվանդանոց չի գնում, չէ՞, հիվանդ մարդն է գնում ու մանավանդ հասակավոր, իսկ հիվանդ մարդն այդ քաշքշուկին չի դիմանա, դա պարզից էլ պարզ է: Կարծում եմ, որ դա երկար չի տևի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Փաստորեն, օրենքն ընդունելիս հաշվի չի առնվել քաղաքացիների սոցիալական վիճակը, քանի որ աղքատության մեծ ցուցանիշ ունեցող երկրում նման կամայական օրենք ընդունելն աբսուրդի ժանրից է: Հաշվի չեն առել մասնագետների կարծիքը, չի եղել հասարակական քննարկում, պարզապես քնից արթնացել են ու որոշել նման օրենք ընդունել։ Բայց մի քանի օր անց, հասկանալով, որ օրենքը թերի է ու չի գործելու, որոշեցին կասեցնել։

 

http://newspress.am


loading...

Փակել