Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստանալով հավաքագրված եւ իր՝ որպես ԵԿՄ նախագահի վստահությանը հանձնված՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ եւ հանդերձանք, որը ըստ նշանակության հասցեատերերին տալու փոխարեն, քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ հանցակցությամբ յուրացրել է: Մասնավորապես, դրանք պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող իրեն պատկանող շինություններում, Էջմիածին քաղաքի առեւտրային գործունեություն ծավալող իր հետ փոխկապակցված «Արա եւ Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, օգտագործել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար, այդ թվում՝ սննդամթերքը որպես կեր ծառայեցրել է նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների համար: Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի եւ խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւեւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ձեռք բերված փաստական տվյալները, հաստատելով Մանվել Գրիգորյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, շրջանառվող ռազմամթերքի քանակը, ինչպես նաեւ զինվորների համար նախատեսված պետական միջոցներով, քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից որպես օգնություն տրամադրված գույքի հափշտակությունը, որին առերեւույթ կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:
Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու եւ կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Առավելեւս, որ նման փաստ արձանագրվել է արդեն իսկ:
Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերեւույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ կանխատեսման համար:
Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: