loading...

ՄԱԿ-ից Փաշինյանի արցախյան հարվածն՝ Ալիևին



Դիտումներ ` 727
ՄԱԿ-ից Փաշինյանի արցախյան հարվածն՝ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթում, ինչպես և սպասվում էր խոսել է արցախյան հակամարտության թեմայով` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում:

«Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը», ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը, ինչպես վերջին ամիսներին, այնպես էլ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, փաստացի ընդգծել է, որ Հայաստանի հետ շանտաժի լեզվով չարժե խոսել, Ադրբեջանը պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները և պետք է հրաժարվի ռազմական հռետորաբանությունից:

 



Փաշինյանը նաև հավելել է. «Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար` Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Փաշինյանը կրկին շեշտել է, որ Բաքուն, եթե ցանկանում է իրական բանակցություններ, պետք է երկխոսի Արցախի իշխանությունների հետ, հակառակ դեպքում, պարզ է դառնում, որ Ադրբեջանը հավակնություններ ունի բացառապես Արցախի տարածքի նկատմամբ:

Ամփոփելով թեման, նա վերահաստատել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում: Այսպես, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ Ալիևի անհարգալից վերաբերմունքի նկատմամբ:


Նշենք, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն իսկ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ: Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

«Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Այս առումով, Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: Թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտեց, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպման նախօրեին», ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Բաքուն «լարվածությանն աճին ուղղված սադրանք» է անվանել Լեռնային Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելու հայկական ուժերի նախաձեռնությունը:

Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ից 28-ը զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ տարածել է հայտարարություն, որի համաձայն, «թշնամու օդուժը կոչնչացվի, եթե փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին»: Նախարարության փոխանցմամբ, «հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունն է կրելու»:

Արևմտյան լրատվական գործակալությունները վկայակոչել են ղարաբաղյան ուժերի հրամանատարներին, ովքեր ասել են, որ «Ադրբեջանի ուժերի կողմից վտանգի դեպքում առանց վարանելու պատասխան կտան»:

Նշենք, որ այսօր ավելի ուշ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է երկու երկրների արտաքին գործոց նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1117753


loading...

Փակել