loading...

Լուկաշենկոն Պուտինից խելոք գտնվեց. Հայաստանի հարցը լուրջ է



Դիտումներ ` 1673
Լուկաշենկոն Պուտինից խելոք գտնվեց. Հայաստանի հարցը լուրջ է

Բելառուսցի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է, որ Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Նա նշել է, որ բելառուսական կողմը ցանկանում էր Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել, սակայն դրան դեմ է եղել ՀԱՊԿ գործընկեր Հայաստանը, եւ գործարքը, ըստ փորձագետի, այդ պատճառով չի կայացել», ասել է նա:

Հետաքրքիր է, որ նույն Ալեսինն էր ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալիս Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին, այդ թվում՝ Պոլոնեզի հավանական մատակարարման: Իր հերթին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»: 



Ո՞ւմ առաջ պետք է արդարանար Բելառուսը: Պարզ է՝ ոչ ՀԱՊԿ գործընկերների, առավել եւս Ռուսաստանի ու Ղազախստանի, որոնք Ադրբեջանի դաշնակիցներն են: Եթե նրանք նախատեին, Լուկաշենկոն ի պատասխան նրանց «աչքը կկոխեր» շատ բան, մասնավորապես զենքի վաճառքը: Մնում էր Հայաստանի իշխանությունը, որը սակայն Լուկաշենկոյի համար հաստատապես խնդիր չէր: Այսինքն, Բելառուսն իսկապես արդարանալու որեւէ խնդիր չուներ:

Ուրեմն ի՞նչն է եղել գործարքի տապալման պատճառը: Հնարավոր է՝ Չինաստանը, որը Պոլոնեզի այսպես ասած «համահեղինակն» է եւ հավանություն չի տվել դրա վաճառքը Ադրբեջանին: Հնարավոր է նաեւ՝ Իրանը, որը չէր ցանկանա իր խնդրահարույց հարեւանի մոտ տեսնել հեռահար զենք: Մյուս կողմից, «կոլխոզի նախագահը» յուրահատուկ քաղաքական հոտառություն ունի եւ ըստ ամենայնի հասկացել է, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը հղի է որոշակի անցանկալի հետեւանքներով: 


Բելառուսն Իսրայել չէ, որ կարողանա մարսել այդ հանգամանքը, թեեւ դեռ հարց է՝ Իսրայելն արդյոք մարսել է Ղարաբաղում փորձարկված իր անօդաչուների հետ կապված պատմությունը: Ադրբեջանը հայտնվել է նոր աշխարհակարգի օբյեկտի դերում, ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք ներկայում քաղում են իրենց քաղաքականության պտուղները:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցները, «Կրեմլի ցուցակները» պետք է որ Լուկաշենկոյին հետ պահեին այնպիսի մեկանգամյա «հաճույքից», ինչպիսին Պոլոնեզի վաճառքն էր: Իր հերթին, Հայաստանի ու Արցախի խնդրի շուրջ ներկայում ձեւավորվել է միջազգային ռազմա-քաղաքական որոշակի կոնսենսուս, որը խախտելը կարող էր խնդրահարույց լինել Բելառուսի համար: Այստեղ ավելորդ չէ ասել, որ Հայաստանի իշխանությունը լիովին անհաղորդ է այս ամենին: Ընդհանրապես, յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել՝ կա Հայաստան՝ որպես գործոն միջազգային քաղաքականության մեջ, եւ կա Հայաստանի այսպես ասած իշխանություն, որը մակաբուծում է դրա վրա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել