Իրանում թեժ զարգացումները շարունակվում են, ավելանում են զոհերը, ավելանում են գնահատականներն ու ենթադրությունները, կանխատեսումներն ու դիտարկումները նոր հեղափոխության հավանականության, հնարավորության, իրատեսականության մասին: Իրանը ավելի ու ավելի ինտենսիվ է մեղադրում արտաքին ուժերին, Իսրայելին, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային:
Պետք է նկատել, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը, օրինակ, ամենևին չեն կաշկանդվում այդ մեղադրանքներով և բավական բաց տեքստերով իրենց աջակցությունն են հայտնում Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին: Դա լոկ բարոյակա՞ն աջակցություն է, թե՞ իսկապես իրավացի են իրանական իշխանությունները արտաքին ազդեցության մասին իրենց գնահատականներով: Դա չափազանց նուրբ եզր է:
Ընդհանրապես, սեփական քաղաքացիների հետ որևէ խնդիր ունեցող որևէ իշխանություն, ընդ որում՝ լինի այն դեմոկրատական, թե ամբողջատիրական, մշտապես հակված է դժվարությունների դեպքում ելքեր փնտրել նաև դժգոհ քաղաքացիներին արտաքին պատվեր կատարելու, արտաքին ուժերի կամ թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար մեղադրելու մեջ: Այդպիսով իշխանությունները փորձում են որոշակի արգելապատնեշ սահմանել դժգոհներին այլ քաղաքացիների միանալու հարցում, մյուս կողմից էլ՝ լեգիտիմացնել դժգոհների դեմ ուժի կիրառումը, միաժամանակ նաև հանել իրենց վրայից խնդիրների համար պատասխանատվությունը: Ի վերջո, մենք այս տարբերակը տեսել ենք ոչ միայն տարբեր երկրներում, այլև ընդհուպ մինչև Հայաստանում:
Ինչի հետ գործ ունենք Իրանում, կամ ինչի հետ գործ ունի Իրանը՝ իհարկե անհնար է ասել: Այստեղ թերևս Հայաստանի համար կան բոլորովին այլ ուշադրության առարկա խնդիրներ ու գործոններ՝ հաշվի առնելով Իրանի առանձնահատուկ թե՛ հաղորդակցական, թե՛ տնտեսական նշանակությունը, թե՛ այն, որ մենք չորս հարևաններից դրական և զարգացող հարաբերություն ունենք միայն երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ: Եվ այստեղ զուտ թվաբանություն չէ նաև, այլ ռազմավարական զարգացման և անվտանգության կարևոր վեկտոր:
Մյուս կողմից՝ Հայաստանն իհարկե պետք է պատրաստ լինի հնարավոր բոլոր սցենարներին, անգամ ամենահիպոթետիկ և նույնիսկ երևակայական: Բանն այն է, որ անկախ ամեն ինչից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Թեհրանում, Հայաստանի խնդիրը թերևս շատ պարզ է՝ Երևանը պետք է պատրաստ լինի իրավիճակի որևէ զարգացման դեպքում ունենալ կամ անել քայլեր, որոնք կապահովեն մեկ գերխնդիր՝ ինչպես էլ լինի իրանական իրավիճակի հանգուցալուծումը, այդ հանգուցալուծումը չպետք է որևէ աստիճանով նվազեցնի հայ-իրանական հարաբերության ներկայիս մակարդակը:
Ներկայումս հայ-իրանական հարաբերությունն անկասկած հեռու է լիարժեք ներուժն արտացոլելուց: Միաժամանակ բոլորի համար է պարզ, թե այդ հարաբերության մասով ինչպիսի արգելակ է Ռուսաստանն իր կովկասյան շահերով և Հայաստանի հանդեպ վերաբերմունքով: Հայ-իրանական հարաբերությունն ունի զարգացման և ընդլայնման բավական մեծ տեղ, այդ թվում նաև՝ տարածաշրջանային և միջազգային ընդգրկում ենթադրող նշանակությամբ ու ազդեցությամբ:
Բայց, այդ ամենով հանդերձ, ներկայումս նվազագույն խնդիրը առավել քան պարզ է՝ ինչ էլ լինի Իրանում, ելքը չպետք է դույզն իսկ նվազեցնի հայ-իրանական հարաբերության ներկայիս աստիճանը, մակարդակը: Իսկ եթե հաջողվի անել քայլեր, որոնք որևէ հանգուցալուծման արդյունքում կբերեն հայ-իրանական հարաբերության առավել խորացման, ապա դա իհարկե արդեն կլինի նվազագույնից ավելի և ողջունելի իրողություն: Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի և հնարավորինս իրազեկվի, փորձի հասկանալ հնարավոր սցենարները, որոնք կարող են լինել թե՛ Իրանի իշխանության մոտ, թե՛ արտաքին ուժային տարբեր կենտրոնների, սակայն այդ ամենով հանդերձ՝ Հայաստանը պետք է ունենա նաև իր սցենարն ու միաժամանակ նաև կարողություն այդ սցենարը լիովին համոզիչ, վստահելի կերպով հիմնավորելու բոլորի հետ հարաբերություններում:
Այս ամենով հանդերձ՝ հարկ է նկատել ևս մի ուշագրավ հանգամանք, որը գուցե անմիջականորեն առնչություն չունի տեղի ունեցողին, բայց թերևս կարող է լինել ստեղծված իրավիճակում խորհելու ու եզրահանգումների ելակետ: Սուրբ ծննդյան առիթով Իրանի նախագահը այցելել էր իրանահայ երկու ընտանիք, խոսել հանդուրժողության, Իրանի բազմամշակութայնության, հայ-իրանական հարաբերության և բարեկամության մասին: Մի քանի օր անց Իրանում սկսվեց լարումը, որը խոշոր հաշվով դեռևս պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում, և ով ինչ հարց է լուծում ներսում կամ դրսում, սակայն այդ ամենով հանդերձ՝ խիստ ուշագրավ է դառնում իրավիճակի լարումից առաջ նախագահ Ռոհանիի բարեկամական ժեստը հայկական համայնքի հանդեպ: