Հայաստանում տեղի է ունեցել համաշխարհային պատմության թերևս ամենաթավշյա հեղափոխությունը: Հեղափոխության հայկական մոդելը վստահաբար արժանի տեղ է գտնելու քաղաքագիտական դասագրքերում և դառնալու է մասնագետների ուսումնասիրության նյութ` որպես թավշյա, անարյուն և անցնցում հեղափոխության լավագույն փորձ:
Աշխարհում հավանաբար դժվար է գտնել մեկ այլ նախադեպ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ավելի քան 10 օր դուրս են գալիս փողոց, փակում մայրուղիներ ու հրապարակներ, պարալիզացնում պետական համակարգի գործունեությունը, և այդ ընթացքում որևէ հանցագործություն, որևէ խժդժություն ու անախորժություն տեղի չի ունենում:
Սա հայ ժողովրդի խաղաղասիրության, հայ քաղաքացու իրավագիտակցության և հայ հասարակության ինքնակազմակերպման բացառիկ դրսևորում էր: Այս տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը սիրո հեղափոխություն էր և իր բովանդակությամբ միանշանակ արժանի էր առաջին քրիստոնյա ազգի քաղաքակրթական արժեքներին:
Երբ Նիկոլ Փաշինյանը մոտ երեք շաբաթ առաջ Գյումրիից գրեթե միայնակ սկսեց քայլարշավ, տպավորություն կար, թե սա հերթական քաղաքական անհեռատես նախաձեռնությունն է, որը հաջողության, առավել ևս հեղափոխության հասնելու որևէ ելք չունի:
Նիկոլի նախաձեռնած «Քայլ արա, մերժի’ր Սերժին» նախաձեռնությանը ոչ ոք լուրջ չէր վերաբերվում. ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը, ո’չ հասարակությունը, ո’չ լրագրողները և ո’չ էլ անգամ ԱԺ «Ելք» խմբակցության գործընկերները` Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու մյուսները: Հավանաբար Նիկոլն ինքն էր չէր պատկերացնում, որ այսքան համակիրներ կարող է ունենալ:
Այո’, կար թերահավատություն, սակայն Նիկոլին հաջողվեց 20 օրվա մեջ իրականությունը գլխիվայր շրջել. իսկական համազգային զարթոնք առաջացնել: Նա մեր իրականություն ներմուծեց քաղաքական նոր տեխնոլոգիա, որի կատարումը իրագործեց անձամբ քաղաքական բացառիկ գրագիտությամբ:
Նրա կիրառած ցանցային հեղափոխության մեթոդը թիրախավորված էր ճանապարհներ փակելու, ապակենտրոնացված գործելաոճի և բացառապես երիտասարդների վրա: Նիկոլ Փաշինյանը քայլում էր փողոցից փողոց, հրապարակից հրապարկ և երիտասարդներին համակում հեղափոխական կրակով:
Ժամանակը ցույց տվեց, որ նրա հաշվարկները ճիշտ էին, ավելին` դրանք մեկ քայլ առաջ էին մինչ այժմ Հայաստանում փորձարկված բոլոր մեթոդներից, այդ պատճառով էլ հայ հասարակությունը, իսկ ավելի կոնկրետ հայ երիտասարդությունը հավատաց Նիկոլին: Հավատաց ու դուրս եկավ փողոց ոչ թե հարյուրներով, կամ հազարներով, այլ տասնյակ հազարներով:
Իսկ իշխանությունը չուներ համարժեք պատասխան և հակաքայլ` Հայաստանի փողոցներով քայլող հեղափոխությունը չեզոքացնելու համար: Նիկոլի քայլող հեղափոխության հետևից ոստիկանությունն ուղղակի չէր հասցնում գնալ. ոստիկանության ուժերը ջլատվում էին, չէին հերիքում, իսկ Նիկոլն ու նրա հետևից գնացող երիտասարդները քայլ էին անում` առանց հոգնելու:
Բոլոր ուղերձներն ընտրված էին շատ ճիշտ` սկսած հագուկապից, ուսապարկից ու գլխարկից, մինչև հրապարկում հնչող կարգախոսները` առանց բռնութան, սանդրանքի, առանց հայհոյելու, «ոստիկանը մերն է», «հրամանատարը մերն է», «միացե’ք»:
Շարժման սկզբնական փուլում Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը զուրկ էր անգամ ծրագրային պահանջներից, քաղաքական օրակարգ, որպես այդպիսին, չկար:
Թվում էր, Նիկոլի շարժումն ընդամենը անձի դեմ ուղղված արշավ էր, ինչն արտացոլված էր «Մերժի’ր Սերժին» լոզունգում: Սակայն, երբ Հանրապետության հրապարակում ապահովվեց հեղափոխության համար կրիտիկական զանգված, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր քաղաքական օրակարգը` Սերժ Սարգսյանի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Քաղաքական օրակարգը թերևս հունից հանեց իշխանությանը, և Սերժ Սարգսյանը թույլ տվեց մարտավարական սխալներ, ոորնք ճակատագրական եղան: Առաջինը` ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների տապալումն էր, երբ Սերժ Սարգսյանը փաստացի հրաժարվեց բանակցելուց և անխոհեմություն ունեցավ հիշատակել Մարտի 1-ի մասին:
Երկրորդ տակտիկական սխալը բանակցությունների տապալումից 1 ժամ անց Նիկոլ Փաշինյանի և շարժումը գլխավորող մյուս պատգամավորների` Սասուն Միքայելյանի ու Արարատ Միրզոյանի ձերբակալությունն էր: Կատարվածը գրգռեց հասարակությանը, և փողոց դուրս եկած մարդկանց թիվն աճեց ավելի մեծ ծավալով:
Հաջորդ օրն արդեն տեղի ունեցավ անսպասելին. զանգվածային դասադուլին զուգահեռ` ընդդեմ Սերժ Սարգսյանի փողոց դուրսն եկան անգամ զինվորականներ, և պարզ էր, որ հեղափոխությունն այլևս այլընտրանք չունի: Հընթացս հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրաժարականը և հաստատվեց, որ վարչապետի պարտականությունները դրվում են առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի վրա:
Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում տեղի ունեցած արտակարգ խորհրդակցությունից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմում է դատախազություն` պատգամավորներին ազատ արձակելու և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու նպատակով:
Սա բավականին աննախադեպ շրջադարձ էր` իշխանության ներսում Կարեն Կարապետյանի քաղաքական կշռի բարձրացման առումով:
Դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել, թե թավշյա հեղափոխության իրագործման առումով որքանով է իրավացի ներիշխանական դավադրության վարկածը, սակայն առաջին տպավորությունը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը փոխանցվում է Կարեն Կարապետյանին ու նրա թիկունքում կանգնած Ռուսաստանի ազդեցիկ հայերին, օրինակ` Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հերքեց` շատ հստակ հայտարարելով, որ իր ձեռք բերած հաղթանակը չի պատրաստվում որևէ մեկին նվիրել:
Եթե անգամ Սերժ Սարգսյանի շրջապատում կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե կարող են իրավիճակը ի նպաստ իրենց օգտագործել, ապա այժմ պետք է ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը խառնել է բոլորի խաղաքարտերը և ունի սեփական պլանները:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետության հրապարակում նա հայտարարեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը տարել է իր առաջին հաղթանակը, բայց օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված:
«Քայլ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի ունեցավ: Քայլ երկու՝ 7 օր հետո ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին:
Եվ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ապրիլի 25-ին «Ամենիա Մարիոթ» հյուրանոցում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ շարունակելու է բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման շուրջ:
Ըստ Փաշինյանի` սա մաքուր հայկական հեղափոխություն է և որևէ կապ չունի արտաքին ուժերի կամ գործոնների հետ, չնայած առաջին մեսիջը նա ուղարկել է Կրեմլին` հիշատակելով ՌԴ-ի արտագործնախարարության ներկայացուցչի` Հայաստանին ուղղված խոսքը: Սա թերևս առանձին վերլուծության նյութ է:
Եթե անգամ կան արտաքին ուժեր, այս պահին նրանց սցենարն ու հասարակական պահանջը համընկնում են:
«Ես ուզում եմ, որ մենք միանշանակ և աներկբա արձանագրենք՝ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ: Այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի:
Եթե Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն հույս ունեն, որ այս ամենի արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, րոպե առաջ պետք է մոռանալ այդ միտքը»,- հայտարարել է Փաշինյանը:
Ամեն ինչ ասված է պարզ ու հստակ, բայց շատ բան իհարկե կախված է լինելու, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ինչ թիմով և քաղաքական ուժերի ինչպիսի կոնսոլիդացիայով է մասնակցելու: Կարևոր է նաև, թե կատարվածից հետո ՀՀԿ-ն ինչպես է իրեն վերագտնելու և ինչ տեղ ու կշիռ է ունենալու ապագա խորհրդարանում: Կարինե Սարիբեկյան
/ Hayeli.am /