Խորհրդարանում բանավեճ է տեղի ունեցել ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանի միջև, որին Վիգեն Սարգսյանը հարցրել է, թե ով է հանձնաժողովի մշակելիք Ընտրական օրենսդրության պատվիրատուն, ում քաղաքական կամքն է արտահայտվելու օրենսգրքում: Առաջին հայացքից զուտ աշխատանքային թավացող բանավեճը իրականում անցել է մի մթնոլորտում, որը հուշում է բավական խորքային այլ իրողությունների մասին:
Բանն այն է, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանն ընդհանուր առմամբ նկատվել է խորհրդարանական ուժերի, համենայնդեպս, նրանց ճնշող մեծամասնության, այսպես ասած, անջրպետը վարչապետին առընթեր կառույցից, և այդ իմաստով Դանիել Իոաննիսյանի հանդեպ վերաբերմունքը ըստ էության ավելի շատ արտացոլում է վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և Վիգեն Սարգսյանն էլ բանավիճել է Փաշինյանի հետ, պարզապես հեռակա:
Սակայն այս իրողությունը անակնկալ կամ անսպասելի համարել, իհարկե, չի կարելի, որովհետև Ընտրական օրենսդրության բարեփոխումը գործընթաց է, որն աշխատում է ներկայումս խորհրդարանում տեղ զբաղեցնող ուժերի դեմ, քանի որ ընտրական համակարգի քաղաքականացումը լրջագույն բարդություններ է առաջացնելու նրանց համար, միաժամանակ, անկասկած, ավելի մեծացնելու է հավակնորդների շրջանակն ու այլ ուժերի հնարավորությունները:
Այդ ամենը «Քաղաքացիական պայմանագրից» դուրս, որովհետև ՔՊ-ն այդ տեսանկյունից գոնե առայժմ առկա իրողություններից դատելով, դուրս է լինելու մրցակցությունից:
Խորհրդարանական ուժերը, իհարկե, հազիվ թե չգտնվեն իրատես ու համարեն, թե հնարավոր է այնպիսի օրենսդրություն, որը նրանց կդարձնի ՔՊ հանդեպ ավելի մրցունակ: Նրանց համար խնդիրը այդ դաշտում չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իրենց հավասարեցնելու է արտախորհրդարանական ուժերին, դե ֆակտո քաղաքական իրադրության և դրանում դիրքավորման մասով: Իսկ խորհրդարանական ուժերը ցանկանում են գոնե արտախորհրդարանական ուժերի հանդեպ ունենան առավելություն:
Նիկոլ Փաշինյանը դրան համաձայն չէ: Այստեղ իհարկե քաղաքական մոտիվը հասկանալի է, որքան շատ մրցակցություն ներքևում գտնվողների միջև, այնքան ավելի հանգիստ վերևում: Սակայն դրանից բացի, այստեղ իհարկե պետք է նկատել մի կարևոր հանգամանք ևս: Հայաստանի քաղաքական համակարգի վերափոխումը չունի այլընտրանք: Առանց այդ գործընթացի Հայաստանում չի կարող տեղի ունենալ կամ հաստատուն ընթացքի մեջ հայտնվել արդիականացման որևէ գործընթաց: Թավշյա հեղափոխությունը պահվում է մի թիմի վրա, սակայն Հայաստանը չի կարող հավերժ թավշյա հեղափոխության վրա պահվել, պետք է անցում քաղաքական համակարգային կառավարման: Իսկ քաղաքական համակարգն էլ չի կարող պահվել մեկ թիմի վրա, պետք է այլընտրանք, մրցակից:
Եվ այստեղ է, որ գալիս է առանցքային խնդիրը՝ ներկայիս քաղաքական թիմերից և ոչ մեկը խորքային առումով ի վիճակի չէ լինել արդիականացման խնդրի հենարան, կրել իր վրա այդ գործընթացը բառի լայն՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իմաստով: Անհրաժեշտ են նոր թիմեր, սակայն դրա համար պետք է, որ առավելագույնս մարգինալանան, մաղվեն հին թիմերը: Այդ իսկ պատճառով պետք է հնարավորինս հավասարեցնել մրցակցային կանոնները և շանս տալ թույլերին, որոնք կօգնեն, այսպես ասած, նախկին ուժեղներին մարգինալացնելուն, որպեսզի նրանք չխանգարեն նոր ուժի ձևավորման գործընթացներին: Այդ ուժի բնական պահանջարկը կա, անհրաժեշտ է քաղաքական նախաձեռնությունը: