Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել է Շամիրամ գյուղում գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի գլխավորությամբ։ Երևանից գյուղ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Արագածոտնի մարզային դատախազության դատախազներ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ *** 13։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից ևս մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/01/1073810/