loading...

Կոշտ վերջնագիր վարչապետին



Դիտումներ ` 1008
Կոշտ վերջնագիր վարչապետին

«Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից, դա ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Ում դուրը չի գա, թող գնան իրենց համար կուսակցություն բացեն ու իրենց առաջնորդին երկրպագեն», Lragir.am-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կա՞ ՀՀԿ-ում մարդ, ում դուրը չի գալիս, որ Սերժ Սարգսյանն է առաջնորդը կամ ում դուրը չի գա, որ Սարգսյանը մնա առաջնորդ: Եթե չկա, ապա ինչու՞ է այդ մասին խոսում ՀՀԿ խոսնակը, ինչու՞ է առաջացնում հարց, թե ում նկատի ունի նա կուսակցություն ստեղծելու մասին հորդորով:

Բանն այն է, որ Իրատես պարբերականը գրել է, որ Կարեն Կարապետյանը մինչ ՀՀԿ անդամ դառնալը ցանկացել է ստեղծել սեփական կուսակցություն, այդ կապակցությամբ ունեցել հանդիպումներ, ընդհուպ Ռալֆ Յիրիկյանի, Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ի վերջո չստանալով հավանություն, անդամակցել է ՀՀԿ-ին:

Ընդ որում, Կարեն Կարապետյանն ինքը ՀՀկ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան, դեռեւս մեկ տարի առաջ, գործնականում ակնարկեց նոր կուսակցություն ստեղծելու տարբերակը դիտարկելու մասին: Նա հայտարարել էր, թե վարչապետը չի կարող չլինել քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ տվյալ պարագայում ռացիոնալ է ՀՀԿ անդամ դառնալը: Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե տարբերակ էր սեփական կուսակցություն ստեղծելը, բայց դա չէր կարող լինել արագ գործընթաց:



Շարմազանովի խոսքը հետաքրքիր է տարեկան պաշտոնավարման առիթով Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսում նրա հայտարարության ֆոնին: Երբ վարչապետին հարցրին, թե ինչ կարծիքի է ՀՀԿ-ականների այն հայտարարության մասին, որ Սարգսյանը ունի արտաքին քաղաքականության, անվտանգության, արցախյան խնդրի ահռելի փորձ եւ այդ առումով անփոխարինելի է որպես առաջնորդ, Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե անհերքելի է Սարգսյանի ահռելի փորձը, իսկ մնացյալ մասով պետք է հարցնել այդ կարծիքը արտահայտողներին: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը դիվանագիտորեն շրջանցեց կամ պարզապես չհամաձայնեց մտքին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է:

Այդպիսով, բավական թափանցիկ ամբողջանում է, թե ինչ տրամադրությունների եւ մթնոլորտի արձագանք է ՀՀԿ խսնակի հայտարարությունը, թե ում դուրը չի գալիս Սերժ Սարգսյանի առաջնորդությունը, «թող գնան իրենց համար կուսակցություն բացեն»:

Այստեղ հետաքրքիր է, արդյոք դա միայն Կարեն Կարապետյանի դուրը չի գալիս, թե՞ ՀՀԿ-ում կան այլ մարդիկ: Հնարավոր է դա լինեն նրա այսպես ասած տնտեսական կամ մենեջերական թիմը ներկայացնող նախարարները: Նաեւ գուցե լինեն գործարարներ, որոնց հետ Կարեն Կարապետյանն այսպես ասած բիզնես լեզու է գտել, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը «բիզնես լեզվով» չի խոսում, եւ գուցե այդ տեսանկյունից խոշոր կապիտալը Հայաստանում այդպես էլ չհասկացավ, թե ինչ լեզվով է խոսում Սերժ Սարգսյանը:


 Անկասկած դրա պատճառը նաեւ այն է, որ Հայաստանում խոշոր կապիտալը գործնականում «ապաքաղաքական» կապիտալ է, այսինքն քաղաքական պատկերացումներից, գիտելիքներից, ընկալումներից եւ մտածողությունից, քաղաքական պատասխանատվությունից բացարձակապես զուրկ կապիտալ:

Ավելին, թերեւս հենց դա է եղել պատճառը, որ Սերժ Սարգսյանը խիստ անբարենպաստ տնտեսա-քաղաքական իրավիճակում կարողացել է մնալ նախագահի պաշտոնում եւ լուծել տարբեր մասշտաբի իշխանական խնդիրներ: Քաղաքական պատկերացումների, մտածողության եւ պատասխանատվության բացակայությունն է եղել պատճառը, որ իշխող համակարգը վախեցել է Սերժ Սարգսյանի այսպես ասած չլինելուց՝ ո՞վ պետք է կրեր այդ ամենի պատասխանատվությունը, եթե նա չլիներ:

Համակարգի այդ վախը Սերժ Սարգսյանից պահեց իշխանության տասը տարի, եւ համակարգի քաղաքական մտածողության բացակայությունից, քաղաքական անգրագիտությունից բխող այդ վախի վրա էլ Սարգսյանը կկառուցի իր հետնախագահական իշխանությունը:

Այդ իմաստով, ՀՀԿ խոսնակը դե ֆակտո վերջնագիր է ներկայացնում Կարեն Կարապետյանին՝ կամ համակերպվել Սերժ Սարգսյանի առաջնորդությանը, կամ հեռանալ: 

http://lragir.am


loading...

Փակել