«Հերթական անգամ ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը: Ինձ համար ամենակարեւոր բանը դա է՝ ձայն բազմաց, ձայն Աստծո»,- թերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Տեսնում եք՝ մարդիկ միմյանց սիրում հն, հարգում, ճիշտ քայլերի դիմելու դեպքում ժողովուրդն ամեն ինչի էլ կարող է հասնել: Պետք է այսպես միասնական էլ շարունակենք: Մենք նայում ենք, որ հանկարծ միաբանությունը չխաթարվի, հենց սկսենք իրար ուտել, սրանք առաջ են գալու: Մեր խնդիրը հիմա դա է, հենց դա եղավ՝ իրար հետ չկարողացան լեզու գտնել, հարեւանը հարձակվելու է»:
Այն դիտարկմանը, թե նախկինում կային մեկնաբանություններ, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է դարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցել Ալիեւի հետ, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կամ նույն ՆիկոլՓաշինյանը միակն են: Մեր ազգի մեջ հնարավոր չէ մարդ չլինի, որ իրավիճակին տիրապետի:
Մեր ազգի պոտենցիալը շատ մեծ է: Բայց ես խնդիր եմ տեսնում՝ եթե 20- 25 տարեկան երեխաները գան իշխանության, մենք կորած ենք, նրանք դեռ լավն ու վատը չգիտեն: 1917 թվականի Լենինի հեղափոխությունը թող մեզ օրինակ լինի: Կյանքի փորձ ունենալով, մաքսիմալիստ լինելով՝ մեր ժողովրդին շատ մեծ վնաս տվեցին երիտասարդները:
Հենց մեգ մոտ՝ Ղարաբադում Ռայկոմի քարտուղարներ կային՝ 23 տարեկան, նրանք մեծ վնաս տվեցին: Չգիտեին՝ իրականում լավն ու վատը որն է»:
Հարցին՝ կողմ կլինի՞, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Դա արդեն ժողովրդի որոշելիքն է, ես չեմ կարող ասել»:
Արդյոք ողջունո՞ւմ է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող գործընթացները՝ հարցին ի պատասխան Արկադի Կարապետյանն ասաց.
«Ես մեր ժողովրդով հիացած եմ, պետք է որ ճիշտ հասկանա մեր ժողովուրդն իր գինը ու չդառնա այլ երկրների գործիք՝ իմ ուզածը միայն դա է»: