Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Սերժ Սարգսյանը նախ հայտարարեց, որ շանտաժով բանակցություն չի լինում, ապա սպառնաց, որ հետագա զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի վրա. «Դասեր չեք քաղել մարտի 1-ից»,-հավելել է Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է՝ ասելով, որ վերջինս չի հասկանում՝ իշխանությունը Հայաստանում անցել է ժողովրդին, և նա պետք է հեռանա:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հանդիպմանը, նշել է, որ Սերժ Սարգսյանը սպառնալիքների հույսին է և այն հույսին է, որ դրանով հարց կլուծվի. «Եկել, ասում է՝ մարտի մեկից դաս չես քաղել, այսինքն՝ կկրակեմ, կկոտորեմ ձեզ։ Նա այդ մակարդակին է մնացել, իրեն թվացել է, որ կարող է ինքը կրակի և դրանով հարց լուծի։ Ինքը փայլուն գիտի, որ դա իր վերջն է, դրա համար էլ շանտաժ է անում։
Անհնազանդության շարժումը հետընտրական բողոքարկում չէ, այդ մարդը բացարձակապես դա չի կարողանում հասկանալ»։Մեկ անգամ հանրությունը ցույց է տվել այդպիսի օրինակ Մաշտոցի պուրակում, բայց, Մանվել Սարգսյանի խոսքով, Սերժ Սարգսյանն էլի չի հասկացել, որ անհնազանդության շարժումը երբեք ուժով չես կարող ճնշել, կորցնելու ես ուժային հենարանը. «Նա սա չի հասկանում, դրա համար էլ եկել, հեքիաթներ է խոսում։ Թող փորձի ուժ կիրառի ու տեսնի՝ ինչով է դա վերջանալու»։
Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ եթե ուժ կիրառվի, Սերժ Սարգսյանի վերջը գալու է, ոստիկանությունը բռնելու է իրեն, բերի հանձնի ժողովրդին. աղվեսը երկու թաթով է ընկնում թակարդը։«Մարդը ամբողջովին ոչ ադեկվատ է, կորցրել է իրեն։ Նրան թվում է, որ կարող են ուժով ժողովրդին լռեցնել։ Եվ գիտենք, թե ինչու են բոլորը նման վերջ ունենում։
Ազգը փայլուն տեսավ նրան ոչ ադեկվատ վիճակում, նա վտանգավոր էակ է, և լավ կլիներ, որ ոստիկանությունն իր հայտարարությունից հետո անմիջապես իրեն ձերբակալեր, որովհետև բոլորն են վատ վիճակում հայտնվելու, այդ թվում՝ ոստիկանությունը», ասել է նա։
Ըստ Մանվել Սարգսյանի՝ փոխանակ մտածեն, որ ամեն օր ձգելով՝ իրենք իրենց բերում են ավելի վատ վիճակի, և շանսը չի կարելի բաց թողնել իրավիճակից դուրս գալու համար. «Մարդ, որ բացարձակապես իրականության զգացում չունի, սարսափելի վտանգավոր վիճակ է, ոստիկանությունը, բանակը պետք է հասկանան, որ նման իրավիճակում մարդուն չի կարելի պահել, վտանգավոր բան է բոլորի համար, պետք է հեռացնել ու վերջ, և դա անելու են, ուղղակի որքան շուտ, այնքան լավ։ Իր հույսն այն է, որ հեսա ռուսները կգան, իրեն կփրկեն, իրեն թվում է՝ ինքն ինչ-որ արժեք է ներկայացնում իրենից։ Բայց ո՞ւմ է պետք ոչ ադեկվատ մարդը», ասել է Մանվել Սարգսյանը։