ԱՄՆ-ն պատժամիջոցներ է ընդունել նախկին խորհրդային երկրներից 10 քրեական հեղինակությունների դեմ: Պատժամիջոցներն ԱՄՆ քաղաքացիներին արգելում են բիզնես անել նշված մարդկանց հետ: Նրանք չեն կարող ԱՄՆ մտնել, իսկ ԱՄՆ տարածքում գտնվող նրանց ակտիվները սառեցվելու են:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ պատժամիջոցների նպատակն է միջազգային հանցավոր խմբերի ֆինանսական ենթակառուցվածքների թուլացումը:Պատժամիջոցների նոր ալիքը ներառում է նաեւ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների մի մասը, որը կընդունվի հունվարին: Հաջորդ տարի սպասվում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն արդեն Պուտինի անմիջական շրջապատը եւ հնարավոր է նաեւ ինքը՝ Պուտինը:
Այսպիսով, արդեն գործող պատժամիջոցներին ավելանում են նորերը, ինչը կարելի է ասել կետային հարվածներ են Ռուսաստանին: Ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ պատժամիջոցների տակ հայտնված նավթա-գազային ոլորտից հետո Ռուսաստանի տնտեսության քիչ թե շատ շնչող ոլորտն է: Իսկ Պուտինի շրջապատն ու քրեական աշխարհն էլ ռուսական պետության իշխանական-«գաղափարաբանական» հենքն են:
ԱՄՆ պատժամիջոցները փաստացի վերաբերվում են այն ոլորտներին, որոնք իշխանության այսպես ասած «սեւ դրամարկղն» են: Դրանց միջոցով իրականացվում են «սեւ գործողություններ» աշխարհի տարբեր կետերում, արվում է լուրջ լոբբինգ, հավաքագրվում եւ գնվում են քաղաքական խմբեր, գործիչներ ու ԶԼՄ-ներ, ստեղծվում ու ֆինանսավորվում 5-րդ շարասյուներ: Պատժամիջոցների առաջնային նպատակներից մեկը համարվում է Ռուսաստանի իշխանության այս հնարավորությունների սահմանափակումը:
Ներկայում Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ամերիկյան այս պատժամիջոցները կարող են ազդել նաեւ Ռուսաստանից մեծ կախվածություն ունեցող Հայաստանի տնտեսության, ֆինանսական հատվածի, պաշտպանական կարողությունների վրա:Այս խնդիրն ակտուալացավ նաեւ այն պատճառով, որ քրեականների ցուցակում է Ռուբեն Թաթուլյանը, որն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր ու նաեւ կառավարության հիմնած ներդրողների ակումբի անդամ է, այսինքն՝ ինչ որ առումով «պաշտոնական անձ»:
Մյուս կողմից, Ռուսաստանի դեստրուկտիվ հնարավորությունների սահմանափակումն անկասկած հնարավորություն է Հայաստանի համար, որը կարող է որոշ չափով «մաքրել» իր հարաբերությունները թե Ռուսաստանի, թե այլ խաղացողների հետ: Եթե իհարկե Հայաստանի իշխող համակարգը վերջնականապես խրված չէ ռուսական տվյալ ոլորտների «սեւ» սխեմաներում: