Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է անցնող ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնք արտացոլում են 2018 թվականի առաջին չորս ամիսների տնտեսական «ձեռքբերումները», այս կամ այն ոլորտում աճերը:
Մայիսի 7-ը Կարեն Կարապետյանի համար կառավարությունում աշխատանքային թերեւս վերջին օրն է: Մայիսի 8-ին ՀՀԿ-ն աջակցելու է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, եթե չորոշի հերթական տհաճ անակնկալը մատուցել հանրությանն ու առավել բարդացնել իր վիճակը:Մայիսի 8-ից, ըստ այդմ, Կարեն Կարապետյանը չի լինի կառավարությունում եւ այդ իմաստով հրապարակված տնտեսական ցուցանիշները թերեւս նրա «կարապի երգն են»:
Միեւնույն ժամանակ, դրանք ոչ այնքան տնտեսական աճի, որքան քաղաքական թերաճության ցուցանիշներ են, որովհետեւ ներկայում դրանց հրապարակումը կարող է պայմանավորված լինել միայն Կարապետյանի քաղաքական անհամարժեքությամբ: Նա ըստ երեւույթին չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ կատարվեց իր հետ ապրիլի 25-ին, կամ իշխանության մեջ որեւէ մեկը ինչպես վարվեց իր հետ, գործնականում վերածելով հեղափոխության հակահերոսի: Այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը կարող էր կատարել պատմական դեր՝ ապահովելով իշխանության սահուն անցումը:
Կարեն Կարապետյանն այդպես էլ չցանկացավ լինել քաղաքական գործիչ եւ զբաղվել քաղաքականությամբ: Փաստորեն չցանկացավ ու համառորեն հրաժարվեց դրանից մինչեւ վերջին օրը, այլապես գոնե վերջին օրը նա զերծ կմնար անիմաստ վիճակագրության հրապարակումից, լավ պատկերացնելով, որ դա ոչ մեկին պետք չէր թե այն ժամանակ, թե առավել եւս այժմ:Ոչ մեկին պետք չէ ոչ այն իմաստով, որ երկրին տնտեսություն պետք չէ կամ թավշյա հեղափոխությանը տնտեսություն պետք չէ: Ավելին, հենց հիմա առավել քան երբեք պետք է տնտեսություն, տնտեսական կայունություն, միաժամանակ առանցքային վերափոխումներ եւ բեկում՝ Հայաստանը նոր որակի բերելու համար:
Բայց խնդիրն այն է, որ տնտեսությունն ու տնտեսական վիճակագրությունը Հայաստանում միմյանց հետ ունեն քիչ կապ, կամ որպես կանոն նույնիսկ հակադիր կապ: Տնտեսական վիճակագրությունը մշտապես եղել է տնտեսությունը կոծկելու իշխանության քարոզչական գործիք: Աճի մասին վիճակագրությամբ միշտ էլ փորձ է արվել սքողել իրական համակարգային խնդիրներն ու խորքային արատների շարունակությունը:
Միեւնույն ժամանակ, անգամ իրական լինելու պարագայում, աճը զգալի մասով առնչվել է ոչ թե Հայաստանի տնտեսությանը, այլ այսպես ասած օլիգարխիկ համակարգին՝ որ քվոտավորել է եւ տնօրինել թե տնտեսությունը, թե քաղաքական իշխանությունը: Կարեն Կարապետյանին հրավիրել էին Ռուսաստանից հենց դրա համար՝ համընդհանուր օլիգարխիկ համակարգի առավել արդյունավետ մենեջմենտի համար:
Այդ իմաստով, Կարապետյանը եղել է արդյունավետ մենեջեր, եւ դա վկայում են հրապարակած ցուցանիշները: Ու հենց դրա համար է նա եղել անարդյունավետ եւ անհաջողակ վարչապետ ու քաղաքական գործիչ: Որովհետեւ հնարավոր չէ մի կողմից լինել օլիգարխիկ համակարգի էֆեկտիվությունը բարձրացնող մենեջեր, մյուս կողմից Հայաստանի էֆեկտիվ վարչապետ եւ քաղաքական գործիչ:
Թվում է, որ այդ ամենն արդեն անցյալ է, կամ վաղը կլինի անցյալ, եւ թերեւս չարժե այլեւս դիտարկել Կարեն Կարապետյան համեմատաբար ստացված մենեջերն ու չստացված քաղաքական գործիչ-վարչապետը:Բայց, ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է անելու Կարապետյանը հետո, որովհետեւ հեղափոխության «հակահերոսը» կարող է դառնալ «հակահեղափոության հերոս», հավակնել դրան: Նրան կարող են բերել դրան, օրինակ նրա բիզնես գործընկերները, ասենք Հայաստանի ներդրողների ակումբից՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Կարեն Կարապետյանի վարչապետությունը նրանց համար հնարավորություն էր հաջողակ գործարարության «քեյսը» համալրել արդեն նաեւ «սեփական պետությամբ»: Այդ տեսանկյունից, եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, օրինակ, կորցնում են քաղաքական իշխանություն՝ ամենից շատ, ապա վերջին մեկուկես տարում բավական նկատելի հավակնություն ցուցաբերած ներդրողների ակումբը կորցնում է մի ամբողջ պետություն տնօրինելու հնարավորություն, ներկայիս բարդ աշխարհում, Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում դրանից բխող բոլոր հնարավորությունների կորստով:
Ըստ այդմ, ի՞նչ դեր կհատկացնեն կամ կդիտարկեն նրանք Կարեն Կարապետյանի համար, որին ապրիլի 25-ին մղելով դեպի վարչապետություն, հետո արագ հետ քաշեցին, հասկանալով, որ նրանից հետո արդեն հաջորդ հարվածը ուղղված է լինելու հենց իրենց:Արդյո՞ք նրանք որոշեցին անցնել «ընդհատակ», ինչը կնշանակի տնտեսական մանր ու մեծ սաբոտաժներ, նկատի ունենալով այն, որ տնօրինում են Հայաստանում բավական խոշոր բիզնեսներ եւ նույնիսկ առանցքային համակարգային ոլորտ՝ էներգետիկա:Ինչ կանեն նրանք այդ ոլորտներում, կփորձե՞ն ստեղծել խնդիրներ նոր կառավարության համար, թե՞ կպայմանավորվեն ու կաշխատեն:Խոշոր հաշվով, դեռ ուշ չէ ցուցաբերել քաղաքական մտածողություն, թեկուզ քաղաքական պաշտոնը թողնելուց հետո:
Որեւէ սաբոտաժ հեռանկար չունի, քանի որ խաղն այլեւս բավական բացված է, եւ հնարավոր չէ զբաղվել «պարտիզանությամբ»: Ըստ այդմ, որեւէ սաբոտաժ հանրային իմաստով բացահայտվելու եւ համարժեք գնահատական ստանալու է անմիջապես: Դա հեռանկար չունի նաեւ տնտեսական առումով, քանի որ Հայաստանը չի ունենալու ներդրումների սով: Գուցե առժամանակ հնարավոր լինի առաջացնել որոշակի վակուում եւ խնդիրներ, սակայն դա կկրի ժամանակավոր բնույթ, եթե թավշյա հեղափոխության առաջնորդները մշտապես մնան սկսած գործի տրամաբանության շրջանակում:
Փոխարենը, որեւէ սաբոտաժ բարդացնելու է դրա իրականացնողի վիճակը ոչ միայն հանրային վերաբերմունքի մասով, այլ նաեւ շատ կոնկրետ տնտեսա-քաղաքական խնդիրների, որ կարող են լինել ընդհուպ միջազգային մասշտաբում:Ի վերջո, ներկայիս բարդ աշխարհքաղաքական պայմաններում նրանք կանգնած են իսկապես պետական անվտանգության արժանանալու հնարավորության առաջ, իրապես պետություն ունենալու հնարավորության առաջ, որը պատրաստ է պաշտպանել նրանց: Միայն թե այս դեպքում խոսքն արդեն ոչ թե «սեփական», այլ հանրային պետություն ունենալու մասին է, որից սակայն այդ պետության ապահոված պաշտպանությունը կլինի միայն ու միայն ավելի հուսալի ու տեւական: