Կարեն Կարապետյանը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ասելով, թե դա բանակցություն չէ, քանի որ Նիկոլը չի ընդունում իր օրակարգից բացի այլ օրակարգ, ու նաեւ չի համաձայնում բանակցել առանց լրագրողների:
Կարեն Կարապետյանը նախօրեին հեռախոսազանգ է ունեցել Պուտինի հետ, որի մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկվել է Հայաստանի իրավիճակը եւ «ընդգծվել», որ այն պետք է հանգուցալուծվի Սահմանադրության ճանապարհով, ապրիլի 2-ի խորհրդարանի լեգիտիմ ընտրության արդյունքի հիման վրա: Նիկոլ Փաշինյանն արդեն արձագանքել է, ասելով, որ այդ ընտրությունը լեգիտիմ չէ, քանի որ ՀՀԿ-ն հաղթել է ընտրակաշառքով:Ուժեղացրե՞լ է Պուտինի զանգը Կարեն Կարապետյանին, ինչի շնորհիվ էլ նա հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունից:
Թե՞ հակառակը՝ Կարեն Կարապետյանն էլ հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում եւ չի ցանկանում հայտնվել այն դերում կամ դիրքում, որում Սերժ Սարգսյանը հայտնվեց ապրիլի 22-ի առավոտյան, հետո հրաժարական ներկայացնելով կեսօրին:Այս դեպքում իհարկե խոսքը հրաժարականի մասին չէ, այլ վարչապետի թեկնածու առաջադրվելու: Կարեն Կարապետյա՞նն է լինելու այդ թեկնածուն, թե՞ ՀՀԿ-ն քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Սա է հարցը: Նիկոլ Փաշինյանը ապավինում է հրապարակային ռեսուրսին, փորձելով ստանալ նաեւ Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ աջակցությունը:
Կարեն Կարապետյանի հիմնական ռեսուրսը կարծես թե մնացել է Ռուսաստանը: Համենայն դեպս նկատելի է, որ վերջին երկու օրերին մեծացել է Ռուսաստանի ուշադրությունն ու արձագանքի ինտենսիվությունը: Չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես սկսում է նյարդայնանալ Հայաստանում անորոշ եւ անկայուն վիճակով եւ հենց դրանով են պայմանավորված Պուտինի հեռախոսազանգերը թե նախագահ Արմեն Սարգսյանին, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:Այսինքն, Պուտինը զանգահարում է ոչ թե ՀՀԿ-ին եւ նրա հավանական թեկնածու դիտվող Կարապետյանին աջակցելու, այլ ընդամենը հնարավորինս արագ եւ խաղաղ հանգուցալուծում գտնելու համար:
Ի վերջո, մինչեւ Պուտինի զանգը երկու ուշագրավ հայտարարություն էր արել նրա մամուլի խոսնակ Պեսկովը, ասելով, թե հույս ունեն, որ Հայաստանում առաջիկա օրերին կգտնվի խաղաղ եւ սահմանադրական հանգուցալուծման տարբերակը եւ շարունակում են համարել, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է:
է:Բնական է, որ եթե անգամ այդպես չհամարեին, ապա չէին հայտարարի, թե տեղի ունեցողը իրենց գործն է: Բայց կասկած չկա, որ առավել հստակ ակնարկներ կանեին, որ իրենց գործն է կամ դառնում է իրենց գործը: Բայց առայժմ այդ ակնարկները չկան:Ընդ որում հետաքրքիր է, օրինակ, նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Կարապետյանի պահվածքների տարբերությունը, որոնք երկուսն էլ հեռախոսազրույց ունեցել են Պուտինի հետ:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը երկու օր է բավական աշխույժ եւ համարժեք ջանք է գործադրում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար եւ հանդես է եկել քաղաքացիներին աջակցող չափազանց ուշագրավ հայտարարութուններով, Նոր Հայաստանի մասին հայտարարություններով, որն ըստ նրա ավելի ժողովրդավար է, քան նախորդ ամիսներին:Փոխարենը, ապրիլի 25-ի առավոտյան վերջնագրային տոնով խաղի մեջ մտնելու անհաջող փորձից հետո Կարեն Կարապետյանը գրեթե հետ է քաշվել եւ ներկայում խաղում է ավելի շատ կուլիսում, ընդ որում թերեւս ռուսական կուլիսում, փորձելով Կրեմլին համոզել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին գործ չէ եւ վտանգ է ՌԴ համար:
Կարապետյա՞նն է այդպես համոզում, թե նա դեմքն է, իսկ Կրեմլին փորձում են համոզել նրա հետեւում գտնվող ռուսաստանահայ օլիգարխները Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, թերեւս երկրորդական է:Փաստն այն է, որ ներկայում, առնվազն տեղեկատվա-քարոզչական մակարդակում Կարեն Կարապետյանի դեմքով հարված է հասցվում հայ-ռուսական բարեկամության եւ իրական դաշնակցության հեռանկարին, որ բացվեց ապրիլի պատերազմից հետո, հարյուր զոհերի կյանքի գնով:
Կարեն Կարապետյանը, կամ նրա դեմքով նրա հետեւում կանգնած որեւէ մեկը կամ ոմանք, փորձում են հանուն կորպորատիվ իշխանական շահի Ռուսաստանին հանել Հայաստանի հասարակության դեմ, ստեղծել վիճակ, երբ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքին հակառակ կապահովվի իրենց իշխանությունը, բայց դրա համար պատասխանատու կլինի Ռուսաստանը:
Եթե Կարապետյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունը առկա պայմաններով հեռանկար չունի, ապա չափազանց վտանգավոր հեռանկար ունի այն պայմաններով վարչապետությունը, որին ձգտում է Կարապետյանը: Դա հարված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունը իրական դաշնակցային, միջպետական, բարեկամական եւ փոխշահեկան բնույթի բերելու անցնող երկու տարում դանդաղ, բայց նկատելի շարժվող գործընթացին, այլ ըստ այդմ նաեւ ռեգիոնալ անվտանգության ամբողջ համակարգին:
Այդ իմաստով, զուտ քաղաքական տրամաբանության եւ համատեքստի շրջանակում, Հայաստանի վարչապետը էլ ավելի է Ալիեւ դառնում հենց այդ պարագայում, քան Սերժ Սարգսյանի այսպես ասած երրորդ ժամկետի: Որովհետեւ միջազգային քաղաքական դերակատարները իրավիճակը ժամկետների քանակով չեն չափում, այլ քաղաքական որակով եւ տրամաբանությամբ:
Ռուսաստանի իշխանությանը մոլորեցնելու գնով վարչապետությունը Կարեն Կարապետյանին Հայաստանում կվերածի Սերժ Սարգսյանի՝ հասարակական վերաբերմունքի առումով, կհարվածի հայ-ռուսական հարաբերության առողջացման եւ որակական վերափոխման ծանր, բայց կարեւոր գործընթացին, իսկ ռեգիոնալ եւ միջազգային մասշտաբով Կարեն Կարապետյանին կվերածի Իլհամ Ալիեւի՝ որպես ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության սպառնալիք: Բանն այն է, որ Ռուսաստանին Հայաստանի հանրության դեմ հանելը դա սպառնալիք է ոչ միայն, իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան Հայաստանի ինքնիշխանությանը, որքան ռեգիոնալ եւ միջազգային անվտանգությանը: