Կապի, տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ ՌԱՍԻԱ ՖԶԷ կազմակերպությունը Հայաստանի դեմ դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով 160 միլիոն դոլար փոխհատուցում:
Նախարարը հույս է հայտնել, որ միջազգային դատարանում ընկերությունը հաջողության չի հասնի, քանի որ Հայաստանի փաստարկներն ամուր են: Խնդիրը հետևյալն է. Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ 2012 թ. կնքվել է կոնցենսիոն պայմանագիր, համաձայն որի՝ օֆշորային գոտում գրանցված այս ընկերությունը ստանձնում էր Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական նշանակության նախագծի՝ Հայաստան-Իրան երկաթուղու իրագործումը: Ընկերությունը պետք է կատրարեր ուսումնասիրություն, գտներ ներդրող, որը կկառուցեր երկաթուղին:
Նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ ընկերությունը, սակայն, հետագա տարիներին ընդամենը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է կատարել, և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից բազմաթիվ դիտողություններ են կատարվել, ընկերությունը մինչև անգամ հրավիրվել է իր պարտավորությունների կատարման հարցը քննարկելու, սակայն չի ներկայացել: Թե ինչ իրական պայմանավորվածություն է եղել պետության և այդ ընկերության միջև 2012 թվականին, հայտնի չէ:
Դժվար է նաև ասել, թե այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը ինչու էր համաձայնվել տարբեր գնահատականներով 2-3 մլրդ դոլարի հասնող Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը վստահել մի ընկերության, որի գործունեության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Անհասկանալի է նաև, թե ինչու տարիներ շարունակ հայկական կողմը կտրուկ քայլերի չէր դիմում՝ ընկերությանը պարտադրելու, որ իրականացնի ստանձնած պարտավորությունը:
Ինչևէ, 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարարությունը տարածեց տեղեկատվություն, որ խզում է պայմանագիրը ՌԱՍԻԱ ՖԶԷ ընկերության հետ, և Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կփորձի իրականացնել առանց այդ ընկերության: «Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «Ռասիա ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ»,- նշված էր 2017 թ. նախարարության տարածած հայտարարությունում:
Թե ինչու ՌԱՍԻԱ ՖԶԷ ընկերությունը հենց այդ պահին չդիմեց միջազգային դատարան և հատուցում չպահանջեց այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանից, դժվար է ասել: Փաստն այն է, որ այսօր ընկերությունը հատուցում է պահանջում նոր Հայաստանի կառավարությունից, և ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի կնքած անհաջող պայմանագրի և Կարեն Կարապետյանի իրագործած խզման համար այսօր պետք է պատասխան տա Նիկոլ Փաշինյանը:
«Ռասիա ՖԶԷ» ընկերության մասին տեղեկությունները հայկական մեդիայում սակավ են: Հայտնի է, որ ընկերության տնօրենը Ջոզեֆ Բորկովսկին է, ով հանդիպումներ է ունեցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նա հրաժարվել էր լրագրողներին մանրամասնել, թե ինչքան է «Ռասիա ՖԶԷ»-ի կապիտալը, սակայն հայտնի է, որ բացի օֆշորային Դուբայից, այս ընկերությունը գրանցված է մեկ այլ օֆշորային գոտում՝ Կայմանյան կղզիներում: Հայտնի է նաև, որ այս ընկերությանը իրավաբանական օգնություն տրամադրել էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը:
Միջազգային դատական գործը կարող է անսպասելի խաղաքարտեր բացել. մի կողմից սա կարող է լինել նախկինների վրեժը Նիկոլ Փաշինյանից, մյուս կողմից էլ գուցե կբացվեն 10 ամիս առաջ չեղարկված պայմանագրի որոշ մութ կետեր: Ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ էր կառավարությունը այդքան համբերատար «Ռասիա ՖԶԷ»-ի նկատմամբ այն դեպքում, երբ ընկերությունը տապալում էր Հայաստանի համար տնտեսական և քաղաքական նշանակության կարևորագույն նախագիծը:
Հայկ Դավթյան