loading...

Կարեն Կարապետյանի անակնկալը Հայաստանին



Դիտումներ ` 1068
Կարեն Կարապետյանի անակնկալը Հայաստանին

Կապի, տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ ՌԱՍԻԱ ՖԶԷ կազմակերպությունը Հայաստանի դեմ դիմել է միջազգային արբիտրաժային դատարան, պահանջելով 160 միլիոն դոլար փոխհատուցում:

Բանն այն է, որ տասը ամիս առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարարությունը տարածեց տեղեկատվություն, որ խզում է պայմանագիրը ՌԱՍԻԱ ՖԶԷ ընկերության հետ, եւ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կփորձի իրականացնել այդ ընկերությունից անկախ:

ՌԱՍԻԱ ՖԶԷ կազմակերպությունը գրանցված է Դուբայում: Դրա մասին տեղեկությունները բավական սուղ են: 2012 թվականին Հայաստանի կառավարությունը չգիտես, թե որտեղից գտավ այդ ընկերությանն ու նրա հետ ստորագրեց Հայաստանի եւ ռեգիոնի համար կարեւորագույն տնտեսա-քաղաքական, ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող նախագծի՝ Հայաստան-Իրան երկաթուղու իրագործման մասին պայմանագիր: Ընկերությունը պետք է գտներ ներդրող, որը կկառուցեր երկաթուղին:



Հինգ տարի անց Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ ՌԱՍԻԱ ՖԶԷ ընկերությանը համբերատար սպասել են, բայց էլ չեն սպասի՝ խզում են պայմանագիրը: Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, երբ կապի ու տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն էր: ՌԱՍԻԱ ՖԶԷ հետ պայմանագիրը խզվեց, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, իսկ նախարարը նրա թիմակից Վահան Մարտիրոսյանն էր:

Եվ ահա այժմ հայտարարվում է, որ ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ եւ Հայաստանի կառավարությունից պահանջում է 160 միլիոն դոլար փոխհատուցում: Ըստ ներկայիս նախարար Հակոբյանի, ընկերությունը պարզաբանում է, թե «երբ ծրագրին օժանդակելու նպատակով ՀՀ կառավարությունը եղել է Չինաստանում, քննարկել նաև օժանդակության հարցը, այդ ընկերությունը ինչ-որ պատճառաբանութնուններ է բերում, թե դա ազդել է իր հետագա ծրագրերի վրա»:

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Երբ մոտ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը հայտարարեց ՌԱՍԻԱ ՖԶԷ հետ պայմանագիրը խզելու մասին, կապի ու տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ խախտվել են թե ժամկետները, թե պարտավորությունները: 


Այդ ժամանակ այդ առիթով հրապարակված հոդվածում հարց էի բարձրացրել, թե եթե խախտվել են պարտավորություններն ու ժամկետները, Հայաստանի կառավարությունը ՌԱՍԻԱ ՖԶԷ ընկերության դեմ ինչու չի ներկայացնում փոխհատուցման հայց: Այդ հարցը ներկայում դառնում է առավել արդիական, երբ հայտնի է, որ այդ ընկերությունն է Հայաստանի կառավարության դեմ այժմ փոխհատուցման հայց ներկայացնում, պահանջելով 160 միլիոն դոլար:

Խոշոր հաշվով, այդ հայցը ստացվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տհաճ անակնկալը Հայաստանին: Արդյոք մեկ տարի առաջ պայմանագիրը խզվել է ներքին պայմանավորվածությամբ, որ կողմերը միմյանց չեն ներկայացնում «պարտք ու պահանջ», իսկ այժմ սակայն Դուբայում գրանցված այդ ընկերությունը Հայաստանին ներկայացնում է 160 միլիոնի պահանջ:

Իհարկե դեռ պարզ չէ, թե գործին ինչ ընթացք կտա արբիտրաժային դատարանը եւ ընդհանրապես բանը կհասնի դատական քննարկումների, թե ոչ, սակայն թերեւս պետք է դիտարկել տարբերակ, որ Հայաստանի դեմ որոշում լինելու դեպքում փոխհատուցումը տրամադրվի Կարեն Կարապետյանի հաշվից:


loading...

Փակել