Երեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը :
Նրա խոսքով՝ Տավուշի տարածաշրջանում կրակել են հիմնականում դիրքերի ուղղությամբ, մասամբ՝ նաև գյուղերի, բայց որևէ լուրջ հետևանքներ չկան:
«Երեկ երեկոյան ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Տավուշի հատվածում, հիմնականում հրաձգային զենքեր են օգտագործել, բայց որևէ նշանակալի կորուստներ, վնասներ չունենք»,- ասաց նա :
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չեն կրել:
«15-20 րոպե է տևել, առանձնակի բան չկա, որևէ վնաս չունենք: Ազատ տարածքներում է կպել, շենք-շինություն չունենք վնասված »,- ասաց գյուղապետը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակը համեմատաբար ինտենսիվ է եղել երեկոյան 21:00-ից հետո, այնուհետև ընդհատումներով շարունակվել է մինչև 23:00-ն:
Մելիքյանն ասաց, որ կրակահերթերից կրած վնասների մասին ներկա դրությամբ կոթեցիները իրեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
«Այս պահի դրությամբ վնասներ չկան: Ես փորձել եմ թաղամասերից ճշտել, դե բնականաբար միանգամից բոլորին չես կարող զանգահարել ճշտել, բայց կարծում եմ, որ եթե որևէ տուն վնասված լիներ, պիտի որ բնակիչներն այդ մասին ասեին, գիտեն, որ նման դեպքերում փոխհատուցում է լինում: Այս պահի դրությամբ վնասների մասին որևէ մեկը լուր չի տվել ինձ»,- ասաց Մելիքյանը: