Երեկ Նիկոլ Փաշինյանի թիմը Երևանի ավագանու ընտրություններում տվեց իր ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։
Նախ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ձևակերպեց իր թիմի հավակնությունների նշաձողը։ Նա, ըստ էության, կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն «սև-սպիտակի» տրամաբանությամբ, այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են աջակցություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին: Փաշինյանն ուղիղ տեքստով հասկացրել է, որ հնարավորինս մասնակցելու է ընտրարշավին։
Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է Երևանում իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու խնդիր։ Առաջիկա ընտրությունների նման բանաձևումն այնքան էլ արդյունավետ չէ. իհարկե, այն համոզիչ հաղթանակ է ապահովելու «Իմ քայլը» դաշինքի համար, սակայն «խաղից դուրս» վիճակում է թողնելու քաղաքական ուժերի, որոնք ամենևին էլ հակահեղափոխության ճամբարին չեն հարում։ Քաղաքային ընտրություններում այդ ճամբարը նույնիսկ ներկայացված չէ, ու այնքան էլ ակնհայտ չէ, թե ում նկատմամբ է համոզիչ հաղթանակ տանում Փաշինյանի թիմը՝ հեռանկարի տեսակետից ավելի սահմանափակելով հեղափոխության թիմի սոցիալական բազան։
Երևանի այս ընտրությունները բացառիկ են թերևս նրանով, որ դրանցում հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները ներկայացված չեն։ Այս պայմաններում ընտրությունները կարող են ունենալ բացառիկ կոնսոլիդացնող նշանակություն՝ հանրությանը միավորելով հեղափոխության արդյունքների կապիտալիզացման անհրաժեշտության շուրջը։ Անշուշտ, նման համատեքստում հասկանալի չէ, թե Երևանի ավագանու ընտրություններում ինչի՞ համար է «բարիկադային» պայքարի տրամաբանություն առաջարկում կառավարող քաղաքական ուժը։ Բարիկադներ ո՞ւմ կամ ինչի՞ դեմ, եթե Երևանի ընտրությունները չեն կարող հակահեղափոխական ռևանշի դրսևորում ունենալ, իսկ դրանցում հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան կարող է տեղի ունենալ առաջին հերթին՝ օրինական ընտրությունների մոդելի, ապա՝ քաղաքական բազմազանության ինստիտուտի ներդրման միջոցով։ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն առանց այն էլ կասկածի տեղիք չի տալիս, ինչի՞ է պետք Փաշինյանի ցուցակի այնպիսի տոտալ ներկայությունն ավագանիում, որը խաղից դուրս է թողնելու մյուս ուժերին, ընդդիմախոսությունը։
Ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթն ավելի խճճեց իրավիճակը՝ լուրջ մտահոգություններ ծնելով հասարակության այն հատվածի մոտ, որոնք նույնացնում են հեղափոխությունը ժողովրդավարության հաղթանակի հետ։
Մարությանը նշել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, և ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետեւ մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը։
Կարգին Հայկոյի այս ելույթը, դրանում արտահայտված շեշտադրումները որևէ առնչություն չունեն հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի հետ. հեղափոխությունը միավորեց բովանդակ հայ ժողովրդին, Կարգին Հայկոն առաջարկում է Երևանում բարիկադներ կառուցել «սպիտակների» ու «սևերի» միջև։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի քաղաքապետի թեկնածուն ոչ թե դեմոկրատական ընտրությունների է նախապատրաստվում, այլ հայտնի «Մաֆիա» խաղին։
Հիմա առավելապես հետաքրքիր է այն հարցը, թե ո՞վ կամ ովքե՞ր են Հայկ Մարությանի համար գրել երեկվա անհաջող տեքստը, առհասարակ՝ ո՞վ է զբաղվում քաղաքապետի թեկնածուի իմիջով, կամպանիայով։ Երեկվա ելույթը թիմի մտածողության, արժեքային համակարգի դրսևորո՞ւմ է, թե՞ որոշ մարդկանց դիտավորություն՝ վարկաբեկել քաղաքապետի թեկնածուին, ընտրությունները, հեղափոխությունն առհասարակ։ Չէ՞ որ ակնհայտ է՝ հասարակության գիտակից հատվածը նման ելույթից հետո իրեն սահմանազատելու է դրա հեղինակից՝ գերադասելով լինել «սև ուժ»:
Մեր թիմի դեմը խաղ չկա՝ ասում է Կայգին Հայկոն։ Ո՞ւմ դեմ է ուղղված այս արտահայտությունը՝ ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ի՞, թե՞ ընտրություններին մասնակցող մյուս ուժերի, որոնք, ի դեպ, հանդես են գալիս հեղափոխության դիրքերից ու խիստ հարգալից են վերաբերվում նույն Հայկ Մարությանին, ում կերպարի հանդեպ, անկեղծ լինենք, միանշանակ հանրային ընկալում չկա։ Ո՞ւմ մտքով է անցել լեգիտիմացնել ժամանակին ժողովրդին ափերից հանող ձևակերպումը, որն, ի դեպ, ամբողջովին ուղղված է «Սիրո և համերաշխության» գաղափարի դեմ։ Ի՞նչ անեն մյուս քաղաքական ուժերը՝ լուծարվե՞ն, թե՞ վազեն Բաղրամյան 26՝ իրենց «սև» դեմքը մի կերպ «սպիտակեցնելու» համար։
Երեկվա իր ելույթով Կարգին Հայկոն գիծ է քաշել ժողովրդի սպասումների և իր անփոխարինելիության միջև։ Մի՞թե այս ամենը ոմանց դիտավորությունը չէ. հրաժարվում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կարող են նման մտածողություն ունենալ։
Երեկ ուշ երեկոյան Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել գրառմամբ՝ փորձելով շտկել իրավիճակը։ «Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և գուցե այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է»,- գրել է նա։
Նման ստանդարտ ու շաբլոն ձևակերպումներով վիճակը չես փրկի։ Հայկ Մարությանը կարողացավ կարգին փչացնել ընտրությունների մեկնարկը։ Հիմա ոչ ստանդարտ լուծումներ պետք է փնտրի Նիկոլ Փաշինյանը՝ ոչ թե թեկնածուի, այլ ավելի գլոբալ հարթության վրա, հեղափոխության, Հայաստանի համար։ Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ հեղափոխության անցումային փուլը ձախողվի. դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար։