loading...

Իրավապահները քանդում են. երեք կարևոր թիրախ



Դիտումներ ` 938
Իրավապահները քանդում են. երեք կարևոր թիրախ

Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները, կալանավորումները, կամ նույնիսկ բերման ենթարկելու գործընթացները, բացի այն նպատակներից կամ շարժառիթներից, որի մասին խոսվում է ամենից շատ՝ կոռուպցիայի դեմ պայքար, օրինականության հաստատում, հնարավոր սաբոտաժների կամ առավել վտանգավոր հակահեղափոխական քայլերի կանխարգելում և, ի վերջո, յուրացված հանրային և պետական ունեցվածքի վերադարձ, ունեն նաև մեկ այլ կարևոր նպատակ կամ մոտիվացիա: Խոսքը «կուռքերի» կամ «միֆերի» անկման մասին է, ինչը, անշուշտ, իր հերթին ունի մի քանի շերտ:

Մենք տեսնում ենք, որ ցուցադրաբար բերման է ենթարկվում Սաշիկ Սարգսյանը, նրա որդիները, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանն է կալանավորվում, այսօր մեղադրանք է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին, իսկ Ծառուկյանը՝ չնայած թավշյա հեղափոխությանն աջակցելուն, այդուհանդերձ հին համակարգի խորհրդանիշներից է, որովհետև այդ հին համակարգը միայն իշխանությունը և միայն ՀՀԿ-ն չէ:



Այսպիսով, տեղի ունեցողում ակնառու է հին համակարգի խորհրդանիշների կամ «կուռքերի» թիրախավորումը, ինչն անկասկած ունի հոգեբանական ահռելի նշանակություն: Նախ, մի կողմից դրանով փորձ է արվում գործնականում ցույց տալ, որ ոչ ոք անձեռնմխելի չէ, և Նոր Հայաստանում այդ մասին իշխանության հայտարարությունները իրական են, կամ այլ կերպ ասած՝ խոսքը գործ է: Դրանից բացի՝ կուռքերի թիրախավորումը նաև նպաստում է հասարակության մեջ հոգեբանական տրանսֆորմացիա առնվազն խթանելուն:

Որքան էլ մարդիկ կանգնել, քայլել ու հաղթել են, միևնույն է, նրանց հոգեբանությունը դեռ կարիք ունի «միֆազերծման», ընդ որում թե՛ բացասական, թե՛ դրական «միֆերի» առումով: Որովհետև Գագիկ Ծառուկյանը, օրինակ, այդ իմաստով համակարգի հարաբերական խորհրդանիշ է և նա ամենևին միարժեք բացասական ընկալում չունի և նրա ընկալումը ավելի շուտ չեզոք և դրական է:


Սակայն միֆը միֆ է և դրական, թե բացասական, այն կաղապարում ու կաշկանդում է հանրային մտածողությունն ու հոգեբանությունը, կամա թե ակամա: Իսկ թավշյա հեղափոխության հիմնարար հաջողություններից և դրա բյուրեղացման առանցքային գրավականներից մեկը կարող է լինել և պետք է լինի հանրության մտածողության այդ «միֆազերծումը»՝ թե՛ դրական, թե՛ բացասական այդ պերսոնաժների «հողեղենացումը»: Ներկայիս պրոցեսը լուծում է նաև այդ խնդիրը:

Եվ վերջապես, լուծվող խնդիրների շարքում է նաև համակարգի այսպես ասած հոգեբանական «հողանցումը», որովհետև անգամ իշխանափոխությունից հետո, եթե պահպանվում են դարձյալ բոլոր կատեգորիաների միֆերը, անկախ դրանց բնույթից, դա բերում է նրան, որ համակարգում պահպանվում են այսպես ասած «ռևանշի» հույսերը: Իսկ որքան էլ դրանք իռացիոնալ, այդուհանդերձ ռիսկային լիցք պարունակող տրամադրություններ են, որոնք կարող են հենց իռացիոնալ գործողությունների էլ բերել, անշուշտ, ամենևին ոչ հաջողության արդյունքով, սակայն խնդիրներ ստեղծելով թե՛ հեղինակների, թե՛ նաև ավելորդ խնդիրներ նոր իշխանության համար:

http://www.1in.am/2386056.html


loading...

Փակել