loading...

Ինչու է հեռուստացույց դիտելը կապված երեխաների շրջանում շաքարախտի առաջացման վտանգի հետ



Դիտումներ ` 457
Ինչու է հեռուստացույց դիտելը կապված երեխաների շրջանում շաքարախտի առաջացման վտանգի հետ

 

Ինչու է հեռուստացույց դիտելը կապված երեխաների շրջանում շաքարախտի առաջացման վտանգի հետ

Հետազոտողները կարծում են, որ ամեն օր հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ 3 ժամ նստելը կապված է երեխաների շրջանում շաքարախտի առաջացման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Disease in Childhood-ում:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ էկրանի առջեւ բազմաժամյա գտնվելը մեծահասակների շրջանում մեծացնում է ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: Սակայն պարզված չէր՝ արդյոք երեխաներին էլ է այս վտանգը սպառնում, քանի որ վերջին միտումները ցույց են տալիս, որ աճում է այն ժամաքանակը, որը նրանք անցկացնում են հեռուստացույց դիտելու եւ համակարգիչներով, խաղային հավելվածներով, պլանշետներով ու սմարթֆոններով զբաղվելու համար:

Գիտնականները հետազոտել են Լոնդոնի, Բիրմինգեմի եւ Լեսթերի 200 տարրական դպրոցների 9-10 տարեկան 4500 աշակերտների, որպեսզի որոշեն նրանց շրջանում վտանգի մետաբոլիկ եւ սիրտ-անոթային գործոնները:

Ստուգվել է ինսուլինի նկատմամբ երեխաների արյան ռեսիստենտությունը, որոշվել է գլյուկոզայի, բորբոքային քիմիական նյութերի, զարկերակային ճնշման եւ ճարպային նստվածքների մակարդակը: Նրանց նաեւ հարցրել են, թե որքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի, համակարգիչների եւ խաղային հավելվածների առջեւ:

Երեխաների մոտ 4 տոկոսը հայտնել է, որ հեռուստացույց չի դիտում, մինչդեռ 37 տոկոսն ասել է, որ հեռուստացույց է դիտում 1 ժամ: 28 տոկոսը հայտնել է, որ դիտում է 1-2 ժամ, 13 տոկոսը՝ 2-3 ժամ: Մոտ 18 տոկոսը հայտնել է, որ ամեն օր ավելի քան 3 ժամ է հեռուստացույց դիտում: Տղաները (22 տոկոս) ավելի հաճախ են հեռուստացույցի առջեւ ավելի քան 3 ժամ անցկացնում, քան աղջիկները (14 տոկոս):

Հետազոտողները պարզել են, որ ճարպային զանգվածի մակարդակը բարձր է եղել այն երեխաների մոտ, որոնք հայտնել են ամեն օր 3 ժամ հեռուստացույց դիտելու մասին: Նրանց մոտ բարձր էր նաեւ լեպտինի՝ հորմոն, որը վերահսկում է ախորժակը, գլյուկոզայի եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության մակարդակը: Այս կապը զգալիորեն պահպանվել է նաեւ այնպիսի գործոնները հաշվի առնելուց հետո, ինչպիսին են՝ ընտանիքի եկամուտը, ընտանեկան վիճակը, սեռական հասունացման ժամանակահատվածը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հեռուստացույց դիտելու ժամանակի կրճատումը կարող է օգտակար լինել վաղ տարիքում տղաների եւ աղջիկների շրջանում 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականության նվազման համար»,- նշել են հետազոտողները:


loading...

Փակել