Ռոբերտ Քոչարյանը դարձյալ ոչ միարժեք ու հաստատուն ձևով, սակայն հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությանն իր մասնակցության մասին: «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում նա ասում է, թե՝ եթե վերադարձել է քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցի արտահերթ ընտրությանը: Ենթադրել կարելի է շատ բան: Ի վերջո, անտրամաբանական չի լինի, եթե Քոչարյանը որոշի բաց թողնել ընտրությունը՝ արտահերթ, իսկ հետո մասնակցել հերթականին՝ ավելի լավ պատրաստվելով դրան: Սցենարներ հնարավոր է դիտարկել շատ, հետևաբար, ենթադրել էլ կարելի է շատ բան: Ըստ այդմ՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը ենթադրելիությամբ է խոսում արտահերթ ընտրությանը մասնակցելու մասին, հուշում է, որ նա ինքը ներքուստ, դեռևս, չունի որոշում, պարզապես նա չի կարող չխոսել այդ մասին, իսկ խոսելիս էլ չի կարող ասել, թե չի մասնակցելու: Պատճառները շատ պարզ են:
Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցելու «մտադրությունն» ավելի շուտ այդ հարցում նրա անորոշությունն է հուշում, քան որոշումը: Մյուս կողմից՝ անորոշությունն էլ հասկանալի է: Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում հապճեպ, հանգամանքների բերումով: Նա բացարձակապես չի ունեցել այդպիսի պլաններ: Առավելագույնը, որ նա կարող էր ակնկալել, դա նախորդ համակարգում ներիշխանական թավշյա հեղաշրջումն էր, կամ ներհամակարգային հեղափոխությունը, ինչի տարբերակներից մեկը դիտարկում էր ոչիշխանական բևեռի հայտնի ֆորմատը: Հանրային քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի տեղը չի եղել անգամ Մարտի 1-ից առաջ, ուր մնաց՝ Մարտի 1-ից հետո: Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանը կունենա իրեն ձայն տալու պատրաստ քաղաքացիների շերտ, բայց այդ շերտը մեծամասնությանը մոտ չէր անգամ այն ժամանակ, երբ Քոչարյանը իր խոսքով ապահովում էր երկնիշ տնտեսական շարունակվող աճն ու զարգացումը: Անգամ այդ պայմաններում նա հանրային վստահության առումով չուներ մեծամասնություն:
Ռոբերտ Քոչարյանի «հաջողությունները» դրսևորվեցին բացառապես Սերժ Սարգսյանի տնտեսական անհաջողությունների ֆոնին, որոնք էլ, իրենց հերթին, ավելի շատ պայմանավորված էին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բարդ իրավիճակով: Սակայն դա չէ իհարկե խնդիրը, այլ այն, որ երկրորդ նախագահը, անկասկած, ինքն էլ գիտակցում է քաղաքական ծրագրերի հանրային հենարանի բացակայությունը: Միաժամանակ չկա նաև դրան փոխարինողը, այսինքն` համակարգային հենարան, որովհետև չկա իշխանությունը: Կասկածից վեր է, որ Քոչարյանի ժամանակը կարոտախտով են հիշում նախկին համակարգի շատ շրջանակներ: Դա հիշում էին նույնիսկ Սերժ Սարգսյանի տարիներին: Սակայն ինչո՞ւ նրանք դժգոհ լինելով Սերժ Սարգսյանի ոճից և խաղի կանոններից, որը համակարգը տասը տարի, ըստ էության, պահեց նյարդային սպասումների մեջ, համակարգն այդպես էլ չգնաց Ռոբերտ Քոչարյանի հետևից՝ որքան էլ նա կանչում էր իր հարցազրույցներով: Որովհետև Քոչարյանը չուներ իշխանություն, իսկ համակարգը ամենից լավ գիտե, որ Ռոբերտ Քոչարյանի բուն ուժը միշտ եղել է իշխանությունը, առանց իշխանության նա զորեղ չէ:
Ռոբերտ Քոչարյանի «միֆը» ազդեցիկ է հանրության համար՝ նրան համակրող կամ չհամակրող, ատող կամ սիրող, բայց հանրության համար: Համակարգի համար, որը գլխավորել է Քոչարյանը, միֆ չկա, կա հստակ պրագմատիզմ, և այդ դիրքերից բոլորի համար է հստակ՝ Քոչարյանը անհամեմատ ավելի նախընտրելի, կանխատեսելի, հասկանալի, վստահելի կառավարիչ և «արբիտր» է եղել, քան Սերժ Սարգսյանը, բայց, եթե նա չունի իշխանություն, այդ ամենը փլվում է: Իսկ համակարգը, որպես այդպիսին, խաղադրույք չի կատարում մի բանի վրա, որը զուրկ է առանցքային երաշխիքներից: Եվ բուն խնդիրն այստեղ այն չի եղել, որ, միևնույն է, նրանք Սերժ Սարգսյանի միջոցով էին իշխանության և դրա համար չէին գնում Քոչարյանի հետևից, իսկ այժմ իշխանություն ընդհանրապես չունեն և, ըստ այդմ, կգնան:
Պետք է արձանագրել, որ այդ համակարգին միավորողը եղել է ոչ թե ընդհանուր նպատակը, այլ ընդհանուր երաշխիքը: Դա է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ առնվազն առայժմ բացակայում է: Դրա տպավորությունն է, որ նա փորձում է ստեղծել: Ռոբերտ Քոչարյանը պրագմատիկ առաջարկ չունի նախորդ համակարգի սեգմենտներին, որովհետև չունի իշխանություն և չունի նաև ստվերային դաշտի հնարավորություն: Դրա համար էլ նա այժմ աշխատում է «միֆի» ուղղությամբ, բայց արդեն ոչ թե հանրության, այլ հենց նախորդ համակարգի համար «միֆ» կերտելու և այդ կերպ ներգրավելու ուղղությամբ:
Կհաջողվի՞ երկրորդ նախագահին կերտել այդ միֆը նախկին իշխանության սեգմենտների մոտ: Բանն այն է, որ այստեղ նրա մրցակիցը միայն նոր իշխանությունը չէ, այլ նաև Սերժ Սարգսյանը: Ու Քոչարյանը չի էլ թաքցնում դա, մեղադրելով նրան տեղի ունեցածի համար: Իսկ Սերժ Սարգսյանը ներկայումս դադար է վերցրել, թողնելով, որ Քոչարյանը գործի և հյուսի «միֆը», որովհետև որքան մեծ լինի այն, այնքան մեծ է լինելու, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի դատարկ տարածությունը: Սերժ Սարգսյանը գործնականում միշտ խաղացել է ժամանակի վրա և տասը տարի այդպես է չեզոքացրել Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս թվում է, որ նրանք ունեն ընդհանուր մրցակից, ըստ այդմ՝ տարաձայնությունները մի կողմ թողնելու լուրջ մոտիվացիա: Իրականում, սակայն, ընդհանուր մրցակից չկա: Սերժ Սարգսյանը այդ մրցակցին հանձնել է իշխանությունը և ընդունել նրա պարտությունը, և հիմա զբաղված է ՀՀԿ արդիականացմամբ, որի համար նաև լավ ֆոն է հին Քոչարյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի