1990թ-ի մայիսի 20-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը: Սովետական ընտրական օրենսդրությունը ենթադրում էր միայն մեծամասնական ընտրություններ` չնայած 1990-ի ընտրություններում արտացոլվեց փաստացի երկիշխանության ամբողջ պատկերը. բոլոր ընտրատարածքներում ՀԿԿ-ի թեկնածուների դեմ առաջադրվել էին ՀՀՇ թեկնածուներ:
Ընտրությունների առաջին փուլից հետո ակնհայտ էր, որ համազգային շարժման թեկնածուները համոզիչ հաղթանակ են տանում: Կանխատեսելի էր, որ ընտրությունների երկրորդ փուլից առաջ Մոսկվան դիմելու է սադրանքի` ՀՀՇ հաղթանակը կանխելու համար:
Այդ օրերի մամուլի, մասնավորապես` «Հայք» շաբաթաթերթի օգնությամբ վերականգնել ենք Մոսկվայի արյունոտ սադրանքի ժամանակագրությունը:
Մայիսի 22–23-ին Հայաստանի բոլոր ղեկավարները՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանը և Նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանցը կանչվում են Մոսկվա։ Մայիսի 23-ի երեկոյան Ստեփանակերտում չպարզված հանգամանքներում սպանվում է 17-ամյա մի հայ պատանի։ Մայիսի 24-ի առավոտյան Բաքվից Ստեփանակերտ ժամանած մի հանձնաժողով անօրինական ստուգումներ է կատարում քաղաքի բնակսոցբանկում, առիթ տալով բնակիչների զայրույթին և ներքին զորքերի ստորաբաժանումների ու քաղաքացիների բախմանը։ Նույն օրը երեկոյան և հաջորդ օրվա լույս գիշերը ներքին զորքերի ստորաբաժանումները զրահամեքենաներով և ավտոմատային հրաձգությամբ լայնածավալ ահաբեկչական գործողություն են ձեռնարկում Ստեփանակերտի փողոցներում, որի հետեւանքով զոհվում է մեկ և վիրավորվում 9 մարդ։ Պատասխան կրակից սպանվում է նաև մեկ և վիրավորվում 4 զինվոր։
Մայիսի 26-ի երեկոյան խորհրդային պրոպագանդայի հրետանին` «ժամանակ» հեռուստատեսային ծրագիրը տարածում է սադրիչ հաղորդագրություններ, թե իբր նախորդ օրվա Երևանի հանրահավաքում հնչել են հակասահմանադրական գործողությունների դիմելու կոչեր, որոնց հետևանքով Հայաստանում սպասվում են լուրջ իրադարձություններ։ Փորձված ձեռագրով Մոսկվան նախապատրաստում էր իր սադրանքի ինֆորմացիոն հիմքերը:
Մայիսի 27-ի առավոտյան Երևանի երկաթուղային կայարանում լուրջ բախում է տեղի ունենում երկաթուղու զինվորական պահակախմբի և աշխարհազորային ջոկատի միջև, որի հետևանքով զոհվում է վեց քաղաքացի և վիրավորվում տաս զինվոր։ Կայարանն անմիջապես շրջապատվում է զրահապատ մեքենաներով և ներքին զորքերի հոծ շղթայով։ Աշխարհազորի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվիստների միջամտության շնորհիվ միջադեպը հաջողվում է տեղայնացնել և զսպել կրքերը։ Կայարանամերձ հրապարակից հեռանալուց հետո զինվորականները, ստեղծելով լարվածության նոր օջախ, շրջապատում են Էրեբունի թաղամասի հիվանդանոցի դիահերձարանը, ուր տեղափոխվել էին զոհվածների մարմինները։ Զորքերի համալրումը խոչընդոտելու նպատակով զինված երիտասարդների մի խումբ փորձում է փակել Նուբարաշեն–Երևան խճուղին։
Զրահապատ մեքենաները ճեղքում են շրջափակումը և, թափանցելով Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ են բացում բնակելի շենքերի վրա, որի հետևանքով զոհվում է 17 և վիրավորվում շուրջ 40 քաղաքացի։ Բախման ընթացքում զոհվում է նաև մեկ սպա։ Էրեբունի թաղամասում տեղի ունեցող արյունալի միջադեպի ընթացքում և դրանից հետո էլ երկու զրահապատ մեքենա ակնհայտորեն սադրիչ նպատակով սուրում են Երևանի կենտրոնական փողոցներում՝ հավանաբար պատրվակ փնտրելով ընդարձակելու միջադեպի սահմանները։ Միայն համազգային շարժման առաջնորդների խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ կանխել ավելի մեծամասշտաբ արյունահեղությունը:
1990թ-ի մայիսի 23–28-ին, Մոսկվայի կոմունիստական իշխանությունը` Երևանի իր դրածոների լուռ համաձայնությամբ, հայ ժողովրդի դեմ կատարել է հրեշավոր ոճրագործություն, որին զոհ է գնացել 27 և վիրավորվել շուրջ 60 մարդ։
Սակայն Մոսկվայի սադրանքը չազդեց հայ ժողովրդի վճռականության վրա և հունիսի 4-ինԳերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլում, ՀՀՇ-ի հաղթանակն ավելի ամրապնդվեց: Երկու ամիս անց
օգոստոսի 4-ին, կոմունիստական իշխանությունը Հայաստանում տապալված էր: