Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և նոր իրողությունների պայմաններում Արևելյան գործընկերության ու Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարի մասին գիտաժողովին մասնակցած եվրոպացի դիվանագետները մտահոգիչ տոնայնությամբ են արտահայտվել հայաստանյան իրավիճակի և մասնավորապես նոր կառավարության եվրոպական քաղաքականության մասով, այստեղ իրավիճակը, ընդհանուր առմամբ, գնահատել անկանխատեսելի և դեռևս անորոշ: Հիմնավոր են արդյոք այդ մտահոգությունները, թե ոչ, դա հարցի իհարկե մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ դրանք կան և դրանք չէին կարող հնչել պատահական, ու քանի որ հնչել են ոչ թե մեկ, այլ մի քանի դիվանագետների շուրթերից, օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան, Հայաստանում Գերմանիայի դեսպան, ապա հնարավոր է եզրակացնել, որ խոսքն ինչ-որ առկա կամ ձևավորված տրամադրության մասին է, հետևաբար այն ունի մեծ ուշադրության կարիք:
Ընդ որում, դրան ուշադրություն պետք է դարձնի թե՛ իշխանությունը, թե՛ նաև հասարակությունը, որովհետև Հայաստանի եվրոպական քաղաքականությունը պետք է գտնվի թե՛ մեկի, թե՛ մյուսի պատասխանատվության և հոգածության տիրույթում էլ: Իհարկե պետք է հասկանալ՝ մտահոգությունը կամ տագնապը լոկ դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուների՞ մակարդակում է, թե՞ նրանք արտահայտում են եվրոպական մայրաքաղաքների մակարդակում առկա տագնապ կամ մտահոգություն:
Ի դեպ այդ համատեքստում հետաքրքիր է դառնում փաստը, որ Հայաստանի նոր վարչապետին, թիվ մեկ նոր պաշտոնյային դեռևս չի շնորհավորել, Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ պատահական երկրի՝ Ֆրանսիայի նախագահը:
Երևանն այդ առումով առայժմ ստացել է միայն Ֆրանսիայի վարչապետի շնորհավորանքը: Սրանք իհարկե, առայժմ, անշուշտ, դետալներ են և չարժե դրանցից ստեղծել հայ-եվրոպական անորոշության կամ հակադրության պատկեր, սակայն դետալներին համարժեք ուշադրություն չարժանացնելու դեպքում հակասական պատկերը կարող է ձևավորվել սպասվածից ավելի արագ:
Մյուս կողմից, կա Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը պետք է լինի հարաբերությունների ելակետն ու ճանապարհային քարտեզը և, ըստ այդմ, Եվրոպան ու Հայաստանը միմյանց հետ պետք է խոսեն այդ փաստաթղթով, շատ կոնկրետ, մատնացույց անելով որևէ ժամանակային, գործառույթային շեղում և խախտում: Ըստ այդմ, մտահոգություններն ու տագնապներն էլ պետք է ձևակերպվեն ու ներկայացվեն փաստաթղթային այդ ելակետով, առավել հասկանալի, ու նաև Հայաստանի հանրության համար չափելի և վերահսկելի լինելու համար, որպեսզի եվրոպական քաղաքականությանը թե՛ քաղաքական, թե՛ արժեհամակարգային ու քաղաքակրթական ասպեկտներով հարող հանրային շերտերն ու կառույցները կոնկրետացնեն իրենց պահանջները և վերահսկողությունը նոր կառավարության նկատմամբ: Եվ ավելին, որպեսզի նոր կառավարության արձագանքներն էլ լինելով նույնքան կոնկրետ, չափելի դարձնեն նաև Եվրոպայի պահվածքը, քաղաքականությունը, եվրոպացի դիվանագետների գործունեության էֆեկտիվությունը:
Դիցուկ, արժե թերևս բերել հայ-ռուսական հարաբերության օրինակը, քանի որ այն Հայաստանի հանրության համար չափելի և վերահսկելի է դառնում շատ կոնկրետ դաշնակցային փաստաթղթերով և իրավա-պայմանագրային հարաբերություններով:
Դրանց շնորհիվ է, որ Հայաստանի հանրությունը կարողանում է շատ հստակ և կոնկրետ մատնացույց անել այդ ուղենիշից թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի իշխանության որևէ շեղում, որն աղճատում է հայ-ռուսական հարաբերությունն ու այն վերածում ըստ էության հակահայկական երևույթի՝ լի բազմաթիվ վտանգներով:
Իհարկե այլ հարց է, թե ի վերջո հանրային այդ չափելի վերահսկողությունն ինչ արդյունք է ունենում, որովհետև Ռուսաստանի իշխանության մակարդակում գոնե առայժմ գերակշռում կամ գերիշխում է Հայաստանի հանրային կարծիքի արհամարհումը՝ առնվազն, մինչև դանակը հենց Ռուսաստանի ոսկորին չի հասնում, իսկ Հայաստանի իշխանության մասով էլ գոնե մինչև մեկ-մեկուկես ամիս առաջ էր նույ վերաբերմունքը սեփական հանրության կարծիքի մասով:
Բայց Եվրոպա-Հայաստան հարաբերության պարագայում հանրային կարծիքը կարող է դառնալ հենց կարևոր գործիք ու երաշխիք, որ հայ-եվրոպական հարաբերությունը կենթարկվի առավել արդյունավետ հանրային վերահսկողության: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի կարևոր քաղաքական և հանրային նշանակությունը հենց այդտեղ է՝ հայ-եվրոպական հարաբերության պաշտպանությունը մանիպուլյացիաներից և զորակցումը փաստերով: