Առաջին լուսանկարն արվել է ապրիլի 22-ին Մարիոտ Արմենիայում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: Հանդիպումը կարճ էր տեւել, Սերժ Սարգսյանը Նիկոլին սպառնացել էր նոր մարտի 1-ով եւ հեռացել:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, Սերժ Սարգսյանին ասել էր, որ նա չի տիրապետում իրավիճակին ու չի հասկանում, թե ինչ է կատարվում:Առաջին լուսանկարից իսկապես երեւում է, որ Սերժ Սարգսյանը չէր հասկացել, թե ինչ էր կատարվել:
Բայց ուղիղ հեռարձակմամբ այդ հանդիպմանը հետեւող հարյուր հազարավոր մարդիկ հասկացել էին: Հասկացել էին նաեւ նրա թիկնապահները, իսկ Սերժ Սարգսյանը ծիծաղում էր:
Երկրորդ լուսանկարն արվել է Դիլիջանում, այսօր: Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, շփվել աշակերտների հետ, պաղպաղակի արկղով հեծանիվ վարել ու պաղպաղակ բաժանել: Թիկնապահները, չնայած զգաստությանը, հազիվ են զսպում ժպիտները:
Թավշյա հեղափոխությունը ժպիտ է բերել մարդկանց դեմքերին: Մինչ այդ, երկու տասնամյակ Հայաստանն ապրում էր մարդկանց իշխանության օրոք, որոնց ժպիտն ու ծիծաղն ավելի շուտ ջղաձգություն էր, իսկ մարդիկ մռայլ էին ու մտահոգ: