loading...

Ինչ սպասել մինչև մայիսի 8. ո՞վ կհամարձակվի



Դիտումներ ` 1082
Ինչ սպասել մինչև մայիսի 8. ո՞վ կհամարձակվի

Մայիսի 1-ի երեկոյան Հայաստանում ծայրահեղ սրված ներքաղաքական իրավիճակը մայիսի 2-ին ունեցավ անսպասելի և տրամագծորեն հակառակ հանգուցալուծում: Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած և վարչապետի ընտրությունը տապալած Հանրապետական կուսակցությունը մայիսի 2-ի երեկոյան արդեն հայտարարեց, թե պատրաստ է մայիսի 8-ին վարչապետի ընտրության երկրորդ փորձին քվեարկել խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին:

Դրան գրեթե զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը իրենց հանդիպման արդյունքում հայտարարեցին, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ սատարում են նրան: Ավելի ուշ էլ Հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց, որ արդեն այսօր պետք է խորհրդարանում առաջադրվի 1/3-ի վարչապետի թեկնածու, ինչպես պահանջվում է երկրորդ փուլի դեպքում:

Այդպիսով, եթե մայիսի 1-ին ունեինք փակուղային և ճգնաժամային վիճակը խորացրած զարգացում, ապա մայիսի 2-ի երեկոյան արդեն ունեինք հանգուցալուծում, առնվազն քաղաքական հայտարարությունների մակարդակում: Ըստ այդմ՝ ներկայումս կարևոր հարց Է, առաջնային արձագանքի շրջանակում, քանի դեռ չկան նոր զարգացումներ, թե ինչ սպասել մինչև մայիսի 8, առայժմ մինչև մայիսի 8: Այլ կերպ ասած՝ ինչպես բավականին հասկանալիորեն արձագանքել էին նաև սոցցանցերի մի շարք օգտատերեր, արժե հասկանալ, թե արդյո՞ք խոսքը իրապես հանգուցալուծման մասին է և այն հանգուցալուծման, որի մասին հայտարարվել է, թե՞ ՀՀԿ-ն մտադիր է ինչ-որ տեղ և ինչ-որ պահի «գցել» հանրությանը՝ շահելով ժամանակ: Իսկ գուցե այդպիսի դեր ստանձնեն հանրության կողքին կանգնած և ժողովրդի թեկնածուին սատարելու մասին հայտարարող ուժերը, օրինակ՝ Ծառուկյանը:

 



Հաշվի առնելով այն, որ վերջին օրերին Հայաստանում իրավիճակները փոխվել են գրեթե ամեն ժամ կամ առնվազն ամեն օր, այս հարցադրումները, այս հարցերը ունեն հիմք, ունեն գոյության և հնչելու իրավունք, թեկուզ հիպոթետիկ տարբերակով: Իհարկե, ողջախոհությունն ու քաղաքական պատասխանատվության, պետականության զգացումը պետք է բացառեն այդօրինակ ռիսկերը, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումներում դրանք երբեք չեն եղել առաջնային չափանիշներ ու չափորոշիչներ, և ըստ այդմ՝ գործընթացները մշտապես ռիսկային են, քանի դեռ մենք գտնվում ենք հին համակարգի դեռևս հոգեվարքի ժամանակահատվածում, դեռևս ապամոնտաժման փուլում:

Հենց այդ պատճառով է, որ առաջիկա վեց օրերը ունենալու են գուցե արտաքին հանգստություն, բայց ներքին բավականին մեծ լարում ու տագնապ, որ գործընթացը կարող է արգելակվել և դարձյալ շրջվել հետ կամ որևէ այլ, ավելի վտանգավոր ուղղությամբ: Այդ լարումն ու տագնապը կփարատվեն մայիսի 8-ի քվեարկությամբ, իսկ մինչ այդ հանրությունը չպետք է թուլանա, չպետք է համարի, թե ամեն ինչ ավարտված է, և ժողովրդական շարժման առաջին փուլի հաղթանակը դե յուրե արձանագրված: Իրականում, ներկայիս իրավիճակը, մեծ հաշվով, հանրային գործոնի ազդեցությունն է մնացյալ բոլոր գործոնների վրա, որոնք էլ հանրագումարում բերել են մայիսի 2-ի հանգուցալուծման: Ըստ այդմ՝ հանրային գործոնի փոքր-ինչ թուլացումը կամ զգոնության կորուստը կարող է շղթայական հակառակ ազդեցությունն ունենալ մնացյալ գործոնների վրա՝ բերելով կատակլիզմների:

 


Ըստ այդմ՝ ժողովրդական շարժումը, ըստ էության, մտել է տագնապալի սպասման փուլ: Տեսական սցենարները, որպես ռիսկ, կարող են շատ լինել՝ սկսած այն բանից, որ իրականում Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող է առաջադրվել այլ թեկնածու, մինչև այն, որ վերջին պահին ՀՀԿ-ն կարող է չքվեարկել և ի վերջո՝ իրավիճակը գնա ոչ թե ժամանակավոր կառավարության ձևավորման, այլ արտահերթ ընտրության, բայց արդեն առկա խաղի կանոններով:

Կարելի է խոսել այլ երևակայելի կամ աներևակայելի սցենարների մասին՝ ընդհուպ այն, որ ՀՀԿ-ն կարող է նույնիսկ գնալ սահմանային սադրանքների՝ այդպիսով իշխանությունը պահելու համար: Դժբախտաբար, որքան էլ ողջունելի է ՀՀԿ քայլը, որ ի վերջո կուսակցությունը գոնե իր մեջ գտավ իրականությունն ընդունելու և պետությունը վտանգի չտանելու ուժ, այդուհանդերձ մինչ այդ կատարեց քայլեր և տվեց արձագանքներ իրավիճակին, որով ցույց տվեց՝ այդ կուսակցությունից իշխանության համար հնարավոր է սպասել ամեն ինչ: ՀՀԿ-ն ունի այդ տպավորությունը գոնե մասնակիորեն ցրելու հնարավորություն, եթե թույլ չտա որևէ շեղում մայիսի 2-ի իրավիճակից: Ընդհանրապես, շեղում կարող են թույլ տալ, իհարկե, բոլորը՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ անգամ Ծառուկյանը տեսականում: Բայց գործնականում կա մայիսի 2-ի պատկերը՝ ժողովրդական շարժման բողոքի:

Որևէ մեկը կունենա՞ այդ ժողովրդի թշնամին դառնալու ցանկություն: Ընդ որում՝ խոսքը այդ թշնամությունից ամենևին ֆիզիկական վտանգ զգալու կամ ունենալու մասին չէ: Այդ ժողովրդի թշնամի դառնալու դեպքում որևէ քաղաքական սուբյեկտի համար ամենասարսափելին լինելու է բարոյահոգեբանական հետևանքը:


http://www.1in.am/2345753.html


loading...

Փակել